2013.03.22,

Քննադատ

Լրագրողական կրթություն. տեսության եւ պրակտիկայի բախումներ

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Ուսանողների հերթական խմբի հետ առաջին իսկ հանդիպմանը պարտադիր հարց եմ տալիս. «Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ լավ լրագրող դառնալու համար» եւ լսում եմ ամենատարբեր պատասխաններ՝ լավ քաղաքացի լինելուց մինչեւ լավ վերլուծական միտք ունենալը: Երբ բոլոր տարբերակները սպառվում են, ասում եմ իմ կարծիքը: Այն է. լավ լրագրող դառնալու համար ամենից առաջ հարկավոր է իմանալ ենթակայի եւ ստորոգյալի համաձայնության կանոնը: Ասել է, թե՝ այն լեզուն, որով գրում ես: Եվ երկրորդ՝ պետք է ունենալ քթածակ՝ կարեւորն անկարեւորից, հետաքրքիրն անհետաքրքիրից, ընթերցվողը չընթերցվողից տարբերելու, ինչպես նաեւ՝ տեղեկություններ հավաքելու կամ զրուցակցին «բացելու» համար:

Հայերենին (ռուսերենին, ճապոներենին, մալագաշերենին, նայած որով եք գրում), ասում եմ նրանց, պիտի տիրապետեիք փոքրուց, իսկ մտքերն այդ լեզվով ճիշտ եւ հասկանալի շարադրել սովորեիք դպրոցում… (այստեղ ես բախվում եմ պատի… Դպրոցում, այո, սովորեցնում են ճիշտ կազմել նախադասությունները, սակայն մեծ մասամբ խրախուսում են «կարկաչուն առվակների», «ծիտիկների ճռվողյունների» եւ «մեղուների պարսի կազմած ծիածանի» մասին նախադասություները: Մնացած դեպքերը «սիրուն չեն»…):

Իսկ քթածա՞կը, կհարցնեք: Սա էլ պիտի ի ծնե լինի, սակայն գլխավորը երկրորդականից, կարեւորը անկարեւորից, հետաքրքիրը անհետաքրքիրից տարբերելը, ընդ որում՝ վերանալով, որ այսինչ բանը հետաքրքիր է քեզ համար, ինչպես նաեւ՝ զրուցակցին բացելու արվեստը դեռ կարելի է սովորեցնել:

Լրագրող դառնալու մնացյալ բոլոր արժանիքները, որ թվարկում են ուսանողները, իմ կարծիքով, ածանցյալ են այս երկուսից:

Այդ դեպքում, 4 տարի՝ գումարած երկու տարվա մագիստրատուրան, ի՞նչ են սովորում ժուռնալիստիկայի բաժիններում եւ ֆակուլտետներում: Ամենատարբեր տեսական առարկաներ, որոնք, իմ համեստ կարծիքով, թեպետ նպաստում են որոշակի գիտելիքներ ունենալուն, սակայն ինֆորմացիա գրելուն չեն օգնում բնավ: Եվ պատահական չէ, որ խմբագիր գործընկերներս  հաճախ բողոքում են. «Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած գալիս են եւ անգամ լիդ գրել չեն իմանում»: Իսկ սրան կարող է օգնել միայն պրակտիկան:

Առաջ գնալու համար, ուզում եմ մեջբերում անել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի լավագույն մասնագիտությունը» վերնագրված ելույթից. (մեջբերված է ըստ Այդին Մորիկյանի կազմած «Ժուռնալիստիկա. Ինչ, ինչպես, ինչու. Բնագրեր» ժողովածուի, էջ 370, գրքի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

«Հիսուն տարի առաջ լրագրության դպրոցները մոդայիկ չէին։ Այս արվեստը սովորում էին խմբագրությունների նորությունների բաժնում, տպարաններում, փողոցների անկյուններում գտնվող կիսախարխուլ սրճարաններում եւ ամեն ուրբաթ կազմակերպվող երեկույթներում։ Թերթերն արտադրվում էին համքարության սկզբունքով, երբ անհրաժեշտ ուսուցումը եւ տեղեկատվությունը տրամադրվում էին (եւ տեսակետներն առաջանում) համագործակցության մթնոլորտում, որտեղ պահպանվում էր շիտակությունը։ Լրագրողները խիստ համախմբված էին։ Մենք նույն կյանքն էինք վարում եւ այնքան մոլեռանդորեն էինք կապված մեր մասնագիտությանը, որ ոչ մի այլ բանի մասին չէինք խոսում… Չնայած այն ժամանակ գոյություն չունեին խմբագրական կոլեգիաներ՝ ներկայիս պաշտոնական իմաստով, սակայն երեկոյան ժամը հինգին ամբողջ անձնակազմն ինքնաբերաբար հավաքվում էր օրվա լարվածությունից առժամանակ կտրվելու եւ այնպիսի մի վայրում սուրճ խմելու համար, որտեղ խմբագրական գործունեություն էր իրականացվում։ Դա մի տեսակ ազատ հավաքույթ էր, որտեղ յուրաքանչյուր բաժնի թեմաների շուրջ թեժ քննարկումներ էին ընթանում եւ որտեղ հաջորդ առավոտվա համարում լույս տեսնող հոդվածների վերջին ճշգրտումներն էին կատարվում։ Այն մարդիկ, ովքեր չէին սովորում այս 24-ժամյա թեժ բանավեճերի քոչվոր դպրոցներում կամ նրանք, ում ձանձրացնում էին այդտեղ ընթացող քննարկումները, նրանք էին, ովքեր հավատում էին կամ ուզում էին հավատալ, որ իրենք լրագրողներ են, սակայն իրականում այդպիսիք չէին»։

Ինքս համարյա այսպես եմ սովորել լրագրությունը. Մեղրու շրջանային «Արաքս» թերթի խմբագրությունում՝ խմբագիրներիս, պատասխանատու քարտուղարի, մյուս լրագրողների հետ անընդհատ բանավեճերի մեջ: Եվ հիմա աշխատում եմ նույն՝ բանավիճային մթնոլորտը ստեղծել մասնագիտական վարպետության իմ խմբերում: Որովհետեւ վստահ ու համոզված եմ՝ լրագրություն սովորում են պրակտիկայով… Իհարկե՝ տեսական, «լայն մշակութային հիմք» (դարձյալ Մարկեսի բառերն են) անհրաժեշտ է, գիտելիքների պաշար՝ նույնպես: Սակայն ասածս երկու պայմանների (մտքերը ճիշտ շարադրելու ընդունակություն եւ քթածակ) բացակայության դեպքում քո իմացածն ու գիտելիքները ոչինչ են դառնում: Ի վերջո, տարբեր տեսական գիտելիքների ամենաշատ պաշար ունեն գիտությամբ զբաղվողները: Բայց երբ նրանց հոդված ես պատվիրում, կամ եթե իրենք են հոդված բերում, հետո (մեծ մասամբ) ստիպված ես լինում այն թարգմանել «հայերենից» հայերենի՝ հընթացս «քամելով» մեջի ջուրն ու լոլոները… (թող ներեն ինձ գիտնականները՝ շարքայինից մինչեւ ակադեմիկոս, բայց ինչպես ասում են, «տառապանքս փորձ ունի»):

Լրագրողական կրթությունը ես համեմատում եմ բժշկական կրթության հետ. ցանկացած տեսական գիտելիք պետք է ավելի ու ավելի ամրապնդվի պրակտիկ վարժություններով:  Ապագա բժիշկը, ինչքան էլ փայլուն տեսական գիտելիքներ ունենա, մի քանի անգամ ինքը պետք է ապենդիցիտը հեռացնի՝ սկզբում, իհարկե, ասիստենտություն անելով:

Եվ այսուհանդերձ. լրագրողական կրթության մասին խոսելիս առաջնում են հարցադրումներ.

  • Պե՞տք է արդյոք ակադեմիական կրթությունը, եւ ինչ ծավալով պիտի այդտեղ հարաբերվեն տեսությունն ու պրակտիկան,
  • Լրագրության ֆակուլտետներո՞ւմ պետք է սովորեցնել, թե՞ լրագրության մեկ կամ երկամյա դպրոցներում:
  • Ո՞րն է ավելի ճիշտ՝ լրագրության ֆակուլտետում ապագա լրագրողներին մասնագիտացնել այս կամ այն ոլորտի լուսաբանման մեջ, թե՞ ընդհակառակը, արդեն պատրաստի մասնագետներին (տնտեսագետ, իրավաբան, գյուղատնտես եւ այլ) վերապատրաստել իրենց առաջին մասնագիտության ոլորտները լուսաբանող լրագրողների՝ ասենք մեկամյա դասընթացնրով…
  • Եվ վերջապես, ինձ համար ամենակարեւորը՝ ինչպե՞ս սովորեցնել, որպեսզի խմբագրություն աշխատանքի ընդունվող շրջանավարտին չասեն, «ուրեմն, սենց, տղա (աղջիկ) ջան, մոռացիր քո համալսարանում սովորածը, մերը սա է…», այսինքն, որ «մերը»՝ սովորեցրածը եւ «մերը»՝ խմբագրության դավանածը առավելագույնս մոտ լինեն իրար..

Ինքս էլ շատ կցանկանայի իմանալ այս հարցերի պատասխանները…

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *