2022.02.10,

Նյուսրում

Քովիդի մասին ապատեղեկատվությունը՝ Ջո Ռոգանի, Նիլ Յանգի և Spotify-ի միջև

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Այն, ինչ սկզբում հերթական ինտերնետային իրարանցում էր թվում, դարձավ նոր սկսած 2022-ի ամենամեծ սկանդալներից մեկը, որն իրար խառնեց ողջ արևմտյան երաժշտական շուկան, պարգևեց Ջո Ռոգանին «քենսլ անելու» (cancel) ևս մեկ պատճառ ու էլ ավելի վատացրեց Spotify-ի գործերը։ 

Spotify-ը աշխարհում երաժշտության ու փոդքաստինգի առաջատար հոսքային (սթրիմինգային) ծառայություն է։

Ամեն ինչ սկսեց լեգենդար ռոք երաժիշտ Նիլ Յանգի (Neil Young)-ի արդեն ջնջված բաց նամակից, որում նա Spotify-ին ընտրության առաջ կանգնեցրեց՝ ծառայությանը ստիպելով ջնջել կա՛մ իր ողջ երգադարանը, կա՛մ «Joe Rogan Experience» փոդքաստ-շոուն։

«Այս քայլին եմ գնում Spotify-ի՝ պատվաստումների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու պատճառով։ Իրենց տարածած ապատեղեկատվությանը հավատացողներին նրանք կարող են մահվան հասցնել»,- իր նամակում գրել է Յանգը։

Նիլլ Յանգը 2019-ին, (Gary Miller/Getty Images)

Շնորհակալություն հայտնելով սեփական մենեջերին ու ձայանգրման լեյբլին (Warner Records)՝ Նիլ Յանգը գիտակցում է, որ իր դիրքորոշման արդյունքում կկորցնի մեր օրերում երաժիշտների հիմնական՝ սթրիմինգային եկամտի 60%-ը։ 

Spotify-ը Յանգի հայտարարությանն արձագանքեց այն բանից հետո, երբ դրա մասին գրեց Wall Street Journal-ը։

«Մենք ուզում ենք, որ աշխարհի երաժշտական ու ձայնային ողջ բովանդակությունը հասանելի լինի Spotify-ի օգտատերերին։ Դրա հետ մեկտեղ առաջանում է լսողների անվտանգության ու հեղինակների ազատության միջև հավասարություն պահելու մեծ պատասխանատվությունը։ Ցավում ենք Նիլի որոշման համար, բայց հույս ունենք՝ շուտով նրան նորից մեզ մոտ հյուրընկալել»,- ասել է ծառայության խոսնակը։

Նիլ Յանգի սկավառակագրությունը ջնջվեց։

Խոսնակի հայտարարության համաձայն՝ դեռ համավարակի սկզբից Spotify-ը քովիդին վերաբերող ավելի քան 20,000 փոդքաստի էպիզոդ է ջնջել ու ստեղծողների համար նոր իրավիճակին համապատասխանող կարգուկանոն մտցրել։

Իսկ ինչպե՞ս են այդ կանոնները կարգավորում նաև Ռոգանի շոուի վարքը հարթակում։ 

Կատակերգու, UFC-ի մեկնաբան ու մարտարվեստի էքսպերտ Ջո Ռոգանն իր «Joe Rogan Experience» փոդքաստը թողարկում է 2009-ից։ Այսօր այն աշխարհի ամենահայտնի շոուներից է, եթե ոչ ամենահայտնին։ Դրա ամեն էպիզոդի ներբեռնումները տատանվում են 11-14 միլիոնի սահմաններում։ New York Times-ն այն մեկնաբանել է որպես «մոլորակի ամենաշատ սպառվող մեդիա պրոդուկտներից մեկը»։

Կադր «Joe Rogan Experience» փոդքաստից

Բանն այն է, որ 2020-ին Ռոգանը Spotify-ի հետ 100 միլիոն դոլարանոց բացառիկ պայմանագիր է կնքել՝ շոուի հեղինակային իրավունքները վաճառելով սթրիմինգային հսկային:

Ռոգանի թողարկած քովիդի մասին որևէ էպիզոդ չի ջնջվել, չնայած Spotify-ը սահմանափակել է ոչ այնքան մեծ տարածում ունեցող այլ հեղինակների գործունեությունն իր հարթակում։  

Նման օրինակ է Ավստրալացի շեֆ խոհարար և փոդքաստեր Փիթ Էվանսի շոուն, որը 2021-ի հունվարին քովիդի մասին ապատեղեկատվություն տարածելու համար Spotify-ից ջնջելու մասին իրեն՝ հեղինակին որևէ նախազգուշացում չեն տվել։ 

Ռոգանն իր լսողներին բազմիցս ասել է, որ Spotify-ը երբեք չի փորձել գրաքննել իր խոսքը։ Եվ գուցե խնդիրը հենց դա է։ Գաղտնիք չէ, որ Ջո Ռոգանն իր բրենդը մասամբ կառուցել է այնպիսի սկանդալային հյուրերի հետ զրուցելու վրա, որոնց երբեմն արգելափակում են այլ հարթակներում։ 

Թեև Նիլ Յանգը հստակ չի նշում, թե փոդքաստի որ էպիզոդն է իր զայրույթի պատճառը դարձել, պարբերականները ենթադրում են, որ դա վիրուսագետ Ռոբերտ Մելոնի մասնակցությամբ թողարկումն է եղել։ Հենց այդ էպիզոդի պատճառով էլ, մինչև Յանգի նամակը, հունվարի առաջին կեսին, Ջո Ռոգանի շոուում հնչած բժշկական ոլորտի կեղծ տեղեկատվությունից անհանգստացած, Spotify-ին բաց նամակ էին գրել 270 բժիշկներ, գիտնականներ, առողջապահական ոլորտի մասնագետներ ու պրոֆեսորներ։ 

«Սա գիտական կամ բժշկական անհանգստություն չէ, այլ կործանարար մասշտաբների սոցիոլոգիական խնդիր, որին Spotify-ը թույլ է տալիս՝ ծաղկի»,- գրված է նամակում։ 

Ի դեպ, սա քովիդի ու պատվաստանյութերի վերաբերյալ Ռոգանի փոդքաստում պատահած միակ խնդրահարույց դեպքը չէ․ թողարկումներից մեկի ժամանակ հենց ինքը՝ Ռոգանը հայտնել էր, որ առողջ երիտասարդները պատվաստվելու կարիք չունեն։ 

Համավարակի տարածման դեռ առաջին օրերից հայտնի թվային հարթակները ապատեղեկատվության դեմ տարբեր քաղաքականություն են որդեգրել։ Բայց ի տարբերություն իր «կոլեգաների»՝ Spotify-ը մինչև վերջերս հրապարակայնորեն չէր թարմացնում կանոնակարգը։ Թարմացումները եղան միայն այս տարվա հունվարի 30-ին՝ ի պատասխան շատ քննարկված սկանդալի։ Ամենամեծ փոփոխությունն այն է, որ այսուհետ քովիդի մասին որևէ տեղեկություն պարունակող էպիզոդ կունենա բովանդակային խորհրդատվություն մասնագետների կողմից և կտեղափոխվի COVID-19 կատեգորիայում։

Ջո Ռոգանը լրագրող չէ, սակայն քովիդի դեմ պատվաստումների պես թեմաների մեջ մտնելիս պարտավոր է իր վրա վերցնել սեփական փոդքաստում հնչած փաստերի ստուգումն ու տիրապետի դրանց հետևանքներին: Ռոգանը մոլի հետևորդների մեծ ու հավատարիմ բանակ ունի, և ենթադրելի էր, որ Spotify-ի նժարում Յանգը թեթև մասն էր զբաղեցնելու։ Սակայն պատկերն արագ կարող է փոխվել․ Նիլ Յանգին է միացել կանադացի երաժիշտ Ջոնի Միտչելն ու ևս մի քանի արտիստներ։ 

Բացի իրենց ալբոմները ջնջելու պարտադրանք ներկայացնող երաժիշտներից՝ հարթակի ծառայությունները դադարեցնելու մասին գրել են մի շարք ինտերնետային օգտատերեր։

Այժմ Spotify-ում հասանելի են Նիլ Յանգի միայն այն երգերը, որոնք չեն ստեղծվել իր հիմնական Warner Records լեյբլի ներքո։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *