2013.03.15,

Քննադատ

Ունենա՞լ թիրախային լսարան, թե՞ ոչ. շահութաբերությունը գերադասվում է

(1-ին մաս)

Ցանկացած լրատվամիջոցի, այդ թվում` եւ հեռուստատեսության գոյության կարեւորագույն պայմաններից է սեփական լսարանի առկայությունը:

Յուրաքանչյուր տեղեկատվական միջոցի ծրագրերը  ուղղվում են որեւէ հատկանիշի համաձայն (սեռ, տարիք, կրթություն, մասնագիտություն, սիրողական հետաքրքրություններ)` առանձնացված բնակչության հատվածին, որը եւ հանդիսանում է տվյալ հեռուստաընկերության թիրախային լսարանը:

Հայկական հեռուստաշուկայում իրականացված ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ հեռուստաալքիների գերակշռող մասը չունի հստակ նախանշված թիրախային լսարան/լսարաններ (դրանք մոտավոր բնույթի են): Հեռուստաընկերությունների մեծ մասում երկրի ողջ բնակչությունն է դիտվում որպես այդպիսին, ինչը նշեցին «Հ1», «հ2», «Արմենիա», «Կենտրոն» հեռուստաընկերություններում:

Նույնիսկ «Ա Թի-Վի»-ն , որը սկզբնավորման պահից իրեն դիրքավորում էր որպես ժամանցային հեռուստաալիք, այժմ հեռուստաարտադրանքի ժանրային կատեգորիաների ավելացմամբ նպատակ ունի լինել համընդհանուր ուղղվածության հեռուստաալիք:

«Երկիր Մեդիա»-ի  դեպքում է միայն, որ նպատակային լսարանը հեռուստաընկերությունը սահմանում է որպես որոշակի «հայացքային խումբ». «մարդիկ են, ովքեր հետաքրքրվում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձով, հետեւաբար նաեւ կրթական բարձր մակարդակ ունեցող անձինք են»:

Փորձագետները եւս համաձայն են այս կարծիքի հետ՝  նշելով, որ «Երկիր Մեդիա»-ի եւ «Կենտրոն»-ի հեռուստալսարանի նիշան մի քիչ այլ է, այդ ալիքները փորձում են աշխատել ավելի ինտելեկտուալ զանգվածի հետ, իսկ քանի որ այդ զանգվածը մեզ մոտ փոքր  է, այդ պատճառով իրենց վարկանիշերն էլ ցածր են:

Իսկ հայկական հեռուստաալիքների մեծամասնության համար փորձագետների դիտարկումները նույնն են` աշխատում են նույն լսարանի համար` բոլորի համար, ու չկա լսարանի սեգմենտավորում: Երբեմն լինում են հեռուստահաղորդումներ, որոնք կոնկրետ լսարանին են ուղղված, օրինակ՝ կանանց, երեխաներին  եւ այլն, բայց միայն այսքանը:

Նման իրավիճակը փորձագետները  պայմանավորում են  այն հանգամանքով, որ հեռուստաընկերությունները չունեն հստակ բովանդակային ուղղվածություն: Իսկ «որակյալ» հեռուստաալիքը ենթադրում է ինչպես հստակ բովանդակային ուղղվածություն, այնպես էլ ողջ հեռուստալսարանից նպատակային սեգմենտի առանձնացում, որպեսզի հասկանալի լինի, թե ում համար են աշխատում, ինչպիսի բնութագրիչներով է օժտված իրենց թիրախային խումբը:

Իսկ փորձագետներն այն համոզմանն են, որ հայկական հեռուստաընկերությունները հետազոտություններ չեն իրականցնում այս նպատակով կամ դրանք լավ չեն արվում, որպեսզի ստացված տվյալների հիման վրա կարողանան սեգմենտավորել իրենց լսարանը,  համապատասխան հաղորդումներ պատրաստեն նրանց համար:

Այս իրականության մյուս պատճառը հայկական հեռուստալսարանի փոքրությունն է, ինչի արդյունքում առանձնահատուկ ուշադրություն չի դարձվում լսարանի առանձին սեգմենտներին, այլ պատրաստվում են համընդհանուր ծրագրեր` ուղղված ողջ լսարանին:

« … Օրինակ մեր երկրի բնակչության ո՞ր տոկոսն են թոշակառուները, ովքեր կդիտեն որոշակի հաղորդում` հատուկ իրենց համար ստեղծված: ԱՄՆ-ում, օրինակ, դա մեծ թիվ է, ու հետեւաբար նաեւ հետ վերադարձող գումարներ, բայց ոչ մեզ մոտ: Ինձ թվում է, որ այլ ելք չունեն մեր հեռուստաընկերությունները, քան սեգմենտավորումից փախչելն ու փորձը` աշխատել բոլորի համար», – ահա այսպես է մեկնաբանվում, ինչ-որ տեղ նաեւ արդարացվում մեր հեռուստաընկերությունների ներկայիս քաղաքականությունը:

Այսպիսով, հեռուստատեսային ալիքերին բնորոշ չէ հեռուստալսարանի սեգմենտավորման պրակտիկան, ինչն ունի իր սուբյեկտիվ (հետազոտություններ չիրականցնելը կամ դրանց վատ որակը) եւ օբյեկտիվ պատճառները (շուկայի փոքրությունը, որի դեպքում հեռուստալսարանի սեգմենտավորումը բիզնես տեսանկյունից նպատակահարմար չէ):

Քանի որ հայկական հեռուստաալիքների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, գործում են որպես առեւտրային նպատակներ հետապնդող սուբյեկտներ, այսինքն՝ գոյություն ունեն գովազդի հաշվին, հետեւաբար նաեւ կողմնորոշված են զանգվածային լսարաններին, ուստի իրենց եթերը ձեւավորում են` հենվելով վարկանիշային ցուցանիշների վրա, որոնք ձեռք են բերում մեդիաչափումներ իրականացնող ընկերություններից` պատկերացում կազմելու համար որոշակի ժանրերի ծրագրերի պահանջվածության մակարդակի մասին:

Հաջորդիվ կներկայացնենք արդեն մրցակցային հարաբերությունների յուրահատկությունները հայկական հեռուստաշուկայում:

Շարունակելի

Անի Թովմասյան

«Հայաստանյան լսարանի ներգրավմանն ուղղված հեռուստաընկերությունների մրցակցային ռազմավարությունների վերլուծությունը» սոցիոլոգիական հետազոտություն է (մագիստրոսական թեզ է, որի ղեկավարն է եղել ս.գ.թ. Նվարդ Մելքոնյանը), որի նպատակն էր հետազոտել 2011թ-ի ընթացքում հայկական 10 ամենավարկանիշային հեռուստաալիքներից 1-5 տեղերը զբաղեցրած հեռուստաընկերությունների` լսարանի ներգրավմանն ուղղված մրցակցային ռազմավարությունների առանձնահատկությունները:

Փաստաթղթերի ավանդական վերլուծության են ենթարկվել հեռուստաընկերությունների 2012թ-ի մարտ ամսվա հեռուստաեթերները, իսկ փաստաթղթերի բովանդակային վերլուծության` «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունների 2012թ.-ի մարտ ամսվա տվյալները, մասնավորապես՝ 10 ամենից վարկանիշային հեռուստաընկերությունների եւ 50 ամենից վարկանիշային հեռուստածրագրերի փաստաթղթերն ու հեռուստաընկերությունների նույն ժամանակահատվածի եթերային ծրագրավորման ցանցերը (сетка)։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *