2022.02.08,

Քննադատ

Համայնքը պատրաստ է վճարել որակյալ բովանդակության համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջերս մի հետաքրքիր բան կարդացի։ Մեջբերեմ․ «Նկատելի փոփոխություն կա այն մարդկանց թվում, որոնք պատրաստ են վճարել հավաստի բովանդակություն սպառելու համար։ Եթե 2019-ին նման տեղեկության համար կվճարեր հարցվածների 6%-ը, 2021-ին այդ ցուցանիշը 13% է։ Երկու դեպքում էլ հարցվածները պատրաստ են վճարել ոչ ավելի, քան ամսական 4000 դրամ»։

Այստեղ ոչ թե կրկնակի աճն է հետաքրքիր, այլ այն, որ գրեթե վիճակագրական սխալին մոտ գտնվող ցուցանիշից մեր հասարակությունը մոտեցել է արդեն այն շեմին, երբ հնարավոր կլինի որակական փոփոխություններ իրականացնել մեդիադաշտում։ 

Եթե հարցումը գոնե մի քիչ մոտ է իրականությանը, այսինքն մարդիկ իրոք պատրաստ են գումար ներդնել որակյալ տեղեկտվության համար, ապա մենք ստանում ենք ամսական մոտ մեկ միլիոն դոլարանոց բյուջե։ 

Եթե դիտարկենք այն տարբերակը, որ այդ  13%-ի մի մասը հատվող բազմություններ են (նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ, որոնք պատրաստ են կիսվել բաժանորդագրությունով), ապա ամսական մեկ միլիոնը շատ համեստ գնահատական է, բոլոր վերապահումներով։

Զանազան գնահատականների համաձայն (հստակ թվերը, կարծես թե, ոչ ոք չգիտի) Հայաստանում ինտերնետ գովազդի շուկան տարեկան կտրվածքով հասնում է 5-7 միլիոն դոլարի։ Այսինքն, ստացվում է, որ հասարակությունը պատրաստ է ավելի մեծ գումար ծախսել՝ ավելի որակյալ ու հավաստի բովանդակության համար։ 

Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ցանցային մեդիան կախված է կամ բաներային գովազդից (որտեղ կտրուկ անկում է բեթինգի գովազդի արգելքից հետո), կամ զանազան կազմակերպությունների հետ համագործակցային ծրագրերից։ 

Երկրորդ դեպքում հիմնականում դիտում է որակի կտրուկ անկում՝ աչք ծակող գովազդային բնույթի նյութերի տեղադրում, ինչը դրական չի ազդում լսարանի ներգրավվածության վրա։ 

Նատիվ գովազդի դաշտում որակյալ աշխատանք կարելի է հանդիպել հատուկենտ հարթակներում։ Ու, բնականաբար, մնում է քաղաքական և տնտեսական չհայտարարագրված ֆինանսավոումը՝ բացասական տեսանկյունից ամենամութն ու ամենաազդեցիկը։ Ինչն էլ հանգեցնում է ապատեղեկատվության, քարոզչության, մանիպուլյատիվ նյութերի թվի աճի։ Նաև այդ պատճառով են մարդիկ համաձայն վճարել, միայն թե դուրս գան այս քարոզչական դաշտից։ 

Երևի խնդիրներից մեկն այն է, որ լրատվականների մեծամասնությունը չէ էլ փորձում աշխատել հանրության հետ, ներգրավել հանրային գումարները։ Այնպես չէ, որ սա հեշտ խնդիր է։ 

Մի բան է, որ մարդը համաձայն լինի վճարել, այլ բան է՝ որ նա իսկապես վճարի։ 

Մյուս կողմից, ներկա իրավիճակում, երևի այլ լուծում խմբագրությունների մեծամասնության համար չկա։ Եթե տնտեսական կամ քաղաքական պատվեր կատարելու ցանկություն չկա, ներկա իրավիճակում մեծամասնության համար գրեթե անհնարին է դառնում ֆինանսական անկախություն ստանալ։

Հասկանալի է, որ մի քանի լրատվական դեռ կկարողանան գոյատևել՝ օգտվելով գովազդային շուկայում ինչ-որ դիրքերից։ Մնացածի համար երկրի ներկա տնտեսական իրավիճակում մնում է միայն մի քանի ճանապարհ։ Կամ քաղաքական պատվերներ կատարել և բնակչության մի մասի կողմից մեղադրվել ծախված լինելու մեջ։ Կամ նստել գրանտերի վրա և բնակչության մի մասի կողմից մեղադրվել ծախված լինելու մեջ։ Կամ փորձել գնալ հանրային համագործակցության ճանապարհով և փորձել ձևավորել ավելի ճկուն բյուջե, որի մեջ կլինի նաև բաժանորդագրությունը։ 

Որպես դրական տենդենց նշենք Patreon հարթակի ակտիվացումը Հայաստանում։ Սա ծրագիր է, որը թույլ է տալիս մարդկանց վճարելով՝ օժանդակել զանազան ծրագրերին։ Armcomedy, Repatriarch կամ Լուրեր Դժոխքից կարող են լավ օրինակ լինել ավանդական ցանցային լրատվականների համար, թե ինչպես կարելի է համայնքի հետ նման ֆինանսական համագործակցության սկիզբը դնել։ 

Առավելևս, որ նյութի սկզբում բերված 13%-ին հարկավոր է գումարել սփյուռքի բազմաթիվ բնակիչների, որոնք նույնպես, եթե ոչ ավելին, հետաքրքրված են ստանալու որակյալ և ստուգված, օբյեկտիվ լուրեր հայրենիքից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *