2013.03.12,

Քննադատ

Խորհուրդներ հանրահավաքներ լուսաբանող լրագրողներին

Հետընտրական հանրահավաքների շարքը լրագրողների համար լարված աշխատանքի ժամանակաշրջան է: Փորձենք հիշել մի քանի լրագրողական կաննոներ զանգվածային միջոցառումները լուսաբանելու պրակտիկայից:

1. Օպերատիվություն: Հանրահավաքի մասին առաջին նյութը կարելի է հաղորդել՝ ազդարարելով հանրահավաքի մեկնարկը, իսկ հետագայում կարճ թողարկումներով ներկայացնել հայտարարությունների կամ իրադարձությունների ընթացքը (հանրահավաքի մասին պատմող ամբողջական նյութը այլ մոտեցումներ է պահանջում):

2. Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանրահավաքներին մասնակիցների քանակը նշող հրապարակումները խիստ հազվադեպ են: Պարտադիր է նշել հանրահավաքի մասնակիցների թիվը՝ թույ տալով, որ ընթերցողը պատկերացում կազմի դրա զանգվածային բնույթի մասին: Լրագրողները սովորաբար հավաքվում են Ազատության հրապարակի բեմի աջ կողմի աստիճաններին (եւ՛ հիմա, եւ՛ նախկինում այդպես էր):

Վերեւի հարթակում կանգնելը հնարավորություն է տալիս նաեւ հայացք նետել հրապարակի վրա՝ մասնակիցների թիվը որոշելու համար: Անշուշտ, պետք է հարցնել նաեւ կազմակերպիչների եւ ոստիկանության կարծիքը ու նյութում մեջբերել նրանց թվերը: Իսկ ընդհանրապես կա մի հաշվարկի տեսություն, որը շատ լավ ներկայացրել է իր Ֆեյսբուքյան էջում «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

3. Ելույթ ունեցողի ուղիղ խոսքն անհրաժեշտ է ներկայացնել չակերտներում (մեջբերման տեսքով) եւ ոչ մի դեպքում չաղավաղել այն: Ցանկալի կլինի դա սղագրել միանգամից ինֆորմացիա կրող սարքի կամ անգամ թղթի վրա` հաշվի առնելով տեքստը կամ տեսանյութը արագ փոխանցելու հանգամանքը:

4. Կարեւոր է ներկայացնել հանրահավաքում առկա պաստառների բովանդակությունը:

5. Փորձել ներկայացնել հանրահավաքում ներկա գտնվող շարքային քաղաքացիների կարծիքները` ներառելով դրանք նյութում:

6. Հանրահավաքում հետաքրքիր դրվագ գտնել, որը հնարավոր է՝ ոչ ոք չի նկատել: Օրինակ` վերջերս մի այդպիսի նյութ էր տեղադրել «Ազատություն» ռադիոկայանը, որտեղ նշված էր, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը ձեռքերով հանգցրեց առաջին եւ երկրորդ նախագահների լուսանկարներն այրող կրակը:

7. Հանրահավաքի մասին պատմող նյութում անպայման ներառել նախապատմությունները (background), եւս մեկ անգամ ներկայացնել՝ երբ են տեղի ունեցել ընտրությունները, ինչ տվյալներ է հրապարակել ԿԸՀ-ն, ինչ է առաջացրել տվյալ թեկնածուի դժգոհությունը եւ այլն:

8. Հանրահավաքում կարեւոր հայտարարության կամ մեկի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու դեպքում անհրաժեշտ է հարցնել հակառակ կողմի կարծիքը, որպեսզի լուրը լինի հավասարակշռված: Եթե հանրահավաքում հայտարարում են վիճակագրական տվյալներ, անհրաժեշտ է դրանք համեմատել պաշտոնական թվերի հետ:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *