2022.01.20,

Խաչմերուկ

Հերթափոխ

Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկ Նավասարդյանը վերհիշում է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմը, որի ականատեսն է եղել:

Հոկտեմբերի առաջին շաբաթվա առաջին օրն է: Օդային տագնապից հաջորդ տագնապի ձայնը հաճախ մի քանի րոպե է բաժանում: Պատերազմը մեր կանխատեսածից երկարում էր՝ առաջնագծի երկայնքով, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ հրետակոծությունները օր օրի ավելի էին ուժգնանում, ծավալները մեծանում, կիրառվող զինատեսակները փոխվում՝ տրամաչափը մեծանում:          

Պատերազմի մեկնարկից հետո երկրորդ անգամ Հադրութում ենք. Քաղաքը, հարակից գյուղերը շարունակվում են հրետակոծվել,,, բայց այս անգամ պատերազմի արհավիրքի մասին չեմ պատմի:

Բաժանորդը անհասանելի է.․․ Այս ձայնն ու պատասխանը պատերազմի  օրերի ամենաանտանելիներից էր՝ օդային տագնապի ու արկերի պայթյուններին հավասար, չզիջող: 

Լուրերի նկարահանող  մյուս խումբը՝ Մարտունիում է (լրագրող՝Արթուր Խաչատրյան, օպերատոր՝ Աշոտ Խաչատրյան): Արդեն մի քանի ժամ է լուր չունենք մեր գործընկերներից, միակ լուրը, որ ունենք՝ Մարտունին կրկին հրթիռակոծվում է: Կրկին զանգ այս անգամ օպերատոր Աշոտին, նորից նույն պատասխանը՝ բաժանորդը անհասանելի է: Տագնապալի մտքերով նկարահանումներից վերադառնում ենք Ստեփանակերտ, մի քանի ժամ անց վերադառնում են և մեր ընկեր-գործընկերները: Բարեբախտաբար խնդիրը միայն կապի հետ էր պատահել, իսկ տղաները հերթական անգամ հրաշքով էին փրկվել…

Օրվա՝ գլխներովս անցածը Արթուրի, Աշոտի հետ մի քանի բառով միմյանց պատմելուց հետո ներս է կանչում «տուշոնկայով փլավի»՝ ինձ համար այնքաաան սիրելի բույրը: Արագ-արագ հանում ենք զրահաբաճկոններ-սաղավարտներն ու «հարձակվում»մեր ընկեր Սիմոն Սարգսյանի պատրաստած  սեղանի ուղղությամբ:

-Դե ողջ, տղերք, ոնց որ էսօր էլ լավ պրծանք,

-Էհ,ամեն․․․

Հերթով մի մի բաժակ ներս ենք քաշում Սիմոնի հայրիկի քաշած  տնական թթի օղին, որ երևի մոտ «70 ձիաուժ կլիներ», չնայած Սիմոնը պնդում էր, թե հազիվ 57 լինի։ Ամեն դեպքում այդ օրերին լիցքաթափման կարևոր միջոց էր օրվա ավարտին:

Հրթիռակոծվող քաղաքին պատած ծխի ամպի հետ աշնան կիսատ արևը սկսում է իր տեղը զիջել խավարին: Նկուղում վառվում են լապտերները:

-Տղերք, եկեք սենց անենք, մի խումբը վերադառնում է, այստեղ այլևս երկու խմբով մնալ պետք չէ , որոշեք՝ ովքեր են գնում,ովքեր՝ մնում: 

Հեռախոսների լույսերի միջից հնչում է Հանրայինի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի ձայնը: Հեռուստատեսության տնօրենն ու լուրերի՝ այդ օրերի տնօրենի պաշտոնակատարը, գնահատելով ստեղծված իրավիճակը որոշում են աշխատել հերթափոխով՝ ավելի քիչ ռիսկերից խուսափելու նպատակով: Ոչ ոք տեղից չի շարժվում. 

-Ես չեմ գնում դու գնա Արտ,- դիմում եմ իմ ընկեր Արթուրին:

-Նոր ես ամուսնացել, դեռ երեխա էլ չունես, գնա ես կմնամ, երբ պետք լինի ինձ փոխարինել, կասեմ անպայման,- շարունակում եմ հորդորս ընկերոջս:

-Չէ, ես էլ չեմ գնում, դու գնա, դու էլ հո երեխա ունես, այ հենց դրա համար դու պիտի գնաս, համ էլ ավելի երկար ես աշխատել ինձնից,- ամեն կերպ փորձում է հակառակը համոզել Արթուրը:

Միմյանց մերժելու այս երկխոսությունը մոտ կես ժամ շարունակվում է։  Լրագրողներին զուգահեռ օպերատոր Արտակն ու Աշոտն են վիճում, ոչ ոք չի ուզում լքել իրեն վստահված խրամատը

-Տղերք, ոնց որ դուք չեք կարողանում որոշեք, ուրեմն՝ էսպես կանենք, հիմա վիճակահանություն կանենք.ում թղթի վրա գրված կլինի  Արցախ՝ կմնա, լա՞վ:

Հեռախոսների լույսերի տակ լուրերի տնօրեն Ռուբեն Շահինյանը վիճակահանություն է կազմակերպում, իմ ձեռքին ծալված թղթի մի կտոր է, չեմ ուզում բացել,,,

-Դե տղերք բացեք, տենանք ով՞ա  «Փարիզ»գնում, ով՞ա մնում:

Դժվարությամբ, մի կերպ ինձ ստիպելով բացում եմ խնամքով ծալված թուղթը: Լապտերների լույսի տակ մի կերպ նշմարվում է հետագա օրերի ընթացքը՝

-Փարիզ

Օպերատոր Արտակն ու ես ենք Երևան վերադարձողները։ Քիչ անց Արտակը սոցիալական ցանցում մեր՝ բոլորիս նկարն է հրապարակում.

-Մեզ փոխարինեցին, ամեն ինչ լավ է լինելու #հաղթելու ենք.

Վիճակահանությունից կես ժամ անց վարորդ Գարիկի Նիսսանը ուղղություն է վերցնում՝ Երևան, պատերազմից մեկ շաբաթ անց։

Հ.Գ. Հարգելի ընթերցող այս պատմությանը դուք վստահաբար ծանոթ չէիք լինի, և երևի մենք էլ հետո դժվար հիշեինք, եթե Արմեն Սարգսյանը գաղտնի նկարահանած չլիներ ամբողջ այս  գործընթացը, որի մասին ես իմացա պատերազմի ավարտից մեկ տարի անց՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Հակամարտությունների պատմություններ» լրագրության ամառային դպրոցին` 2021թ.ի սեպտեմբերին:

Հայկ Նավասարդյան,
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *