2022.01.11,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. նոյեմբեր

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Նոյեմբերին հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպերն ու սահմանային հերթական խախտումներն էին` արդեն Հայաստանի սուվերեն տարածքում։ 

Առաջին միջադեպի քննարկումները ոչ այնքան վերաբերում էին կատարվածին, որքան ռուսական սահմանապահ առաքելության արդյունավետությանն ու անհրաժեշտությանը։  

Շուշիի դեպքերն ու ռուսական խաղաղապահ առաքելությունը

Ըստ Հինգերորդ ալիքի՝ նոյեմբերի 8-ին Շուշիի խաչմերուկից ոչ հեռու ադրբեջանցու կրակոցից քաղաքացիական անձի սպանության ոչ պաշտոնական վարկածն այն է, որ  ադրբեջանցին իջել է դիրքերից և շատ մոտիկից ատրճանակով կրակել ջրատար խողովակների վրա աշխատող շինարարների վրա։ Արդյունքում 22 տարեկան երիտասարդը մահացել է, 3 քաղաքացի տարբեր վիրավորումներով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց։  

«Ադրբեջանական արյունոտ սադրանքը սպասելի էր»,- ասում է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ թուրքերի համար տոնը տոն չի լինի, եթե հայի արյուն չհեղվի։ 

Ըստ նրա՝ սպանությունը պատվեր է պետության կողմից։ Նրանք են առաջադրանք տվել, ըստ երևույթին, Թուրքիայի հետ մեկտեղ։ Չի բացառվում, որ այդ մարդիկ անպայման արժանանան պետական պարգևների։ 

Արտգործնախարարի կարծիքով՝ ադրբեջանական այսօրվա հանցանքը ուղիղ կրակոց է Ռուսաստանի դեմ․ «Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ սեպ խրելու մեր և մեր միակ դաշնակցի միջև»։ 

Այս թողարկմանը նույնպես նշվում է, որ տեղի ունեցածը ռուսական խաղաղապահ առաքելության դեմ սադրանք են որակում վերլուծաբանները: 

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ կատարվածը ապտակ է նաև ռուսական կողմին, այսինքն խաղաղապահները ըստ էության չեն կարողանում խաղաղություն պահել․ «Սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ, եթե թողենք անհետևանք»։ 

Ռուսական կողմի պաշտոնական կարծիքը ավելի շատ խուսափողական էր։ Հանրայինի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հստակ չպատասխանեց միջադեպի մասին հարցին՝ միայն նշելով․ «Ասացի, որ ամեն մի միջադեպ արձագանք է ստանում, բայց պետք է այդ ամենին նայել ընդհանուր տեսանկյունից՝ իսկ ինչ այլընտրանք կարող էր լինել։ Մեկ տարի առաջ ստորագրվածը թույլ է տալիս, ընդհանուր առմամբ, պահպանել կայնությունը տարածաշրջանում»։ 

Սակայն, Լրագիրը իր նյութում, հիշեցնելով միջադեպի մասին, հռետորական հարցեր է ուղղում՝ որտե՞ղ են ռուս խաղաղապահները։ Մեկ ամիս առաջ Մարտակերտում հայ քաղաքացիական անձի սպանության գործով քննություն եղե՞լ է։ Իսկ գուցե խաղաղապահների առաքելությունը հայերին Ամարաս տանե՞լն է՝ ձևացնելով, թե սա Արցախի միակ հայկական եկեղեցին է, իսկ մնացածը «ալբանական» են։

«44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն փորձել է հերքել «տեղեկատվական լցոնումները սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում այն ​​մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել «Լեռնային Ղարաբաղը պոկելուն», Ադրբեջանին «հանձնելուն», «Հայաստանը վերածելով պրոտեկտորատի»։

Բայց Ռուսաստանի բոլոր գործողություններն ուղղակիորեն դա են վկայում։ Այսօրվա Շուշիի արյունալի դրաման դրա վկայությունն է»,- գրում է հեղինակը։

Մեկ այլ նյութում, հղում անելով այն լուրին, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից ու կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը, գրում է․ «Կասկած չկա, որ հետաքննությունն ունենալու է նույն հետևանքները, ինչ նախորդ դեպքերում, այսինքն՝ ոչ մի հետևանք»։ 

Շարունակելով թեման հեղինակը գրում է, որ ռուսական ռազմական կոնտինգենտը Արցախում է ԼՂՀ կարգավիճակը ոչնչացնելու և Հադրութն ու Շուշին թուրքերին հանձնելու Մոսկվա-Բաքու պայմանավորվածությամբ։ 

«ՌԴ պաշտոնական տեսակետն այն է, որ հակամարտությունը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա, և մնում է լուծել հաղորդակցությունների, սոցիալական և հումանիտար խնդիրները։ 

Մոսկվայից Հայաստանին պարտադրվող սահմանազատման և խաղաղ պայմանագրերի իմաստը «Ադրբեջանի» ճանաչումն է՝ Արցախի հարցի փակումով։ Արցախի հայաթափության հարցի հիմքը հենց սա է։ Ռուսական զորքի ներկայությունն Արցախում պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։

Միջադեպին հաջորդած մյուս դեպքը սկզբից համարում էին վերոնշյալի շարունակություն, սակայն հետո, երբ պարզ դարձավ, որ դեպքի հայ մասնակիցը կապ չունի սպանվածի հետ, թեման այլ երանգ ստացավ։ 

Առաջին միջադեպից մի քանի օր անց Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Սկզբից լրատվամիջոցները գրեցին, որ նռնակ նետած տղամարդը օրեր առաջ նույն վայրում ադրբեջանցու կողմից սպանված երիտասարդի եղբայրն է, ու նա եկել էր վրեժխնդիր լինելու, սակայն հետո նշվեց, որ տղամարդը ոչ մի ազգակցական կապ չունի սպանվածի հետ։ 

Միջադեպը առիթ դարձավ Արցախի ընդդիմադիր գործիչների համար՝ քննադատելու տեղի իշխանություններին։ 

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանի կարծիքով՝ միջադեպը փաստում է, որ ժողովուրդը ի դեմս Արցախի իշխանությունների չունի անվտանգության երաշխավոր կոնկրետ Արայիկ Հարությունյանի դեմքով: 

Պատգամավորի խոսքով` սպասելի էր, որ նման միջադեպեր կլինեն, քանի որ քաղաքացին հասկանում է, որ ինքն է դառնում իր և իր ընտանիքի անվտանգության երաշխավորը:

«Անցած տարի ստեղծեցին հայի վախկոտ կերպարը, սակայն հիմա հայն ապացուցում է, որ ինքը չի վախենում և կարող է ոտքի կանգնել, վախեցնել և այնպես անել, որ դիմացինը փախնի, եթե իրեն չխանգարեն դավաճան իշխանությունները»,- ասաց նա:

Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը`անդրադառնալով միջադեպին:

Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա, նա վստահ է, որ մեկ Հայ մարդու կյանքի դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի:

Սահմանային միջադեպ՝ Հայաստանի սուվերեն տարածքում

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 

Մարտական գործողությունների հետևանքով, որոնք ավելի ուշ ռուսական կողմի միջնորդությամբ դադարեցվել են, հայկական կողմն ունեցել է զոհեր ու գերեվարվածներ։ 

Այս դեպքը առիթ դարձավ միջազգային կառույցների ու տարբեր պաշտոնյաների հայտարարությունների համար, որոնցում հայ-ադրբեջանական սահմանին սրման անհապաղ դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ էին անում։ Նման հայտարարություններով հանդես էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, և այլն։ 

Ի տարբերություն նրանց կային նաև կարծիքներ, ըստ որոնց՝ միջազգային հանրության անհասցե հայտարարություններն են նաև պատճառը այսպիսի սադրանքների։ 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ում գրել է․ «Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։

Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են Հայաստանի ինքնիշխան տարածքը և ահաբեկում անմեղ բնակիչներին։ Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգևորի Ալիևին, եթե նրան չկանգնեցնեն»։ 

Նույն կարծիքն է արտահայտել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Ադրբեջանի այդ վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ։ 

Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը»: 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով միջադեպին, Հանրայինի եթերում նշել է, որ Հայաստանի պետական սահմանը Ռուսաստանի համար կարմիր գիծ է և ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական սադրանքների ու վերջին էսկալացիայի ֆոնին անհետաձգելի է ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում Մոսկվայից օգնություն խնդրելը՝ իրավիճակը հանգուցալուծելու համար։ 

«Եթե համարժեք գործողություն չլինի Երևանը ստիպված կլինի դիմել միջազգային այլ գործընկերների»։ 

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում ստեղծել անկայուն վիճակ։

Հինգերորդ ալիքի եթերում ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ սահմանում տեղի ունեցած միջադեպը կապել է միջանցքի բացման ցանկության հետ։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը, նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված հրադադարը և ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի դեմ՝ Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիա, և միջազգային իրավունքով Ադրբեջանը որպես ագրեսոր կողմ պետք է պատժվի։ 

Պատգամավորի կարծիքով՝ հայկական կողմը խաղաղության մասին որքան էլ խոսի՝ պետք է հասկանա ում հետ գործ ունի․ «հնարավոր չէ անընդհատ սպիտակ դրոշ պարզած սպասել, թե ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող երկրները կբարձրացնեն այդ նույն դրոշը»։ 

Ըստ Լրագրի՝ Հայաստանի դեմ Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի սկսած պատերազմը Սյունիքի մարզի «օտարման» և Արցախի հարցը փակելու նպատակ ունի՝ միջազգային հարթակներում կարգավորման փորձերը տապալելու և Հայաստանին պայմանագրեր պարտադրելու նպատակով, Հայաստանի տարածքով միջանցքների բացման և ճանապարհների վերահսկողության միջոցով։

«Բաքվի նոյեմբերի 16-ի գրոհի հիմնական ուղղությունը Նախիջևան տանող Սիսիանի ճանապարհն է։ 

Կապան-Գորիս ճանապարհին մաքսակետերի տեղադրումից հետո մեր պնդումը, որ փորձ է արվում ճանապարհ բացել դեպի Նախիջևան, ավելի ուշ հաստատվեց ԱԽ քարտուղարի հարցազրույցով։ ՀՀ անմեղսունակ իշխանություններին թվում էր, թե խորհրդային քարտեզներով ու մաքսակետերով ամեն ինչ ավարտվելու է։

Նախիջևանը միայն ճանապարհի խնդիր չէ, այլև Մոսկվայի ու Անկարայի համար գոյաբանական՝ 1921-ի Կարսի պայմանագրի պահպանման հարց»։

Ընդդիմության համար այս միջադեպը ևս մեկ առիթ էր քննադատելու գործող իշխանություններին ու պահանջելու նրանց հրաժարականը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *