2021.12.30,

Քննադատ

Կինոտարի՝ կռահումներով, հումորով, սիրով, հեշթեգներով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Միայնակ՝ աղմուկի մեջ։ Մոտավորապես այսպիսին ենք մենք կինոյում այս անցնող տարում։ Մեկուսացումը, միայնության զգացումը առավել ընդգծվեց համավարակի պատճառով, բայցև էսթետիկական ու էթիկական ընտրության առջև կանգնեցրեց բոլորիս՝ թույլ տալով, որ ընդվզենք, ծիծաղենք ու տառապենք 2021-ի կինոնորույթների հետ։ 

Լավ կինոն գալիս է ուրախ քայլերով ու առաջարկում դառնալ սոցիումի փոքր պտուտակը՝ սոցիալական հեռավորության պայմաններում ու սոցիալական մեդիայի անկասելիորեն աճող ազդեցության միջավայրում։

Այս ֆիլմերի ընտրանին միավորում է ոչ միայն մրցանակների ու հաջողության առատությունը, այլև այն միտքը, որ հանրայինն ու մասնավորը գլխիվայր շրջվել են, ու շատ բան հարկավոր է սկսել վայելել անհապաղ, քանի դեռ մեզ չեն խշռել մեր իսկ դիմակները, որոնք կրում ենք հանրային վայրերում ու մեդիայի հետ շփումներում։

«Հերոս» (Hero), Իրան, ռեժիսոր Ասղար Ֆարհադի

 

Ազնիվ, աղքատ ու մի քիչ էլ անբախտ երիտասարդ տղամարդը, որը մինչև կոկորդը սուզված է պարտքերի մեջ, ուզում է լավ արարք գործել (մոռացված պայուսակը՝ ոսկե դրամներով, վերադարձնել տիրուհուն), բայց մի քիչ հապաղում է, մի քիչ ստում ու մի քիչ էլ՝ հաշվարկում, որ ավելի լավ է ոչ թե փողը յուրացնել, այլ լավ իմիջ ձեռք բերել։ Դառնալ հերոս։ 

Արդյունքում ամեն ինչ դառնում է անդառնալի դրամատիկ։ Հատկապես երբ նա հայտնվում է հեռուստատեսության ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում ու սկսում գործել մեդիայի ծայրահեղ դաժան օրենքներով։ 

Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում լինել հերոս սոցիալական մեդիայում, եթե ապրում ես հազիվ ծայրը ծայրին հասցնելով, տարբեր մանիպուլյացիաներով փորձելով պարտքերի տակից դուրս գալ։ Երևի դա նշանակում է, որ վատ բան չես տեսնում, եթե մի քիչ (շատ քիչ) խեղաթյուրում ու միջամտում ես իրականությանը: Սլաքները ուղղում ես ուրիշի վրա կամ ուրիշից ստանում ապացույց, որը չկա, բայց կարող է լինել։

Ասղար Ֆարհադին, որը ժամանակակից Իրանի պոետն է ու սոցիալական դրամաներում իրեն զգում է ինչպես աղմկոտ ու մարդաշատ հայրենիքում, այս ֆիլմում ևս հետևողականորեն առաջ է տանում այն միտքը, որ հանրային ուշադրությունը փորձություն է։ Իրանական հասարակությունում առավելևս, քանի որ սոցցանցերը այստեղ թերևս ավելի ազդեցիկ են, քան արևմտյան երկրներում։ Այստեղ դրանք գրեթե աստվածային գործիք են, որին ենթարկվում են բարեգործները, բանտի աշխատակիցները, մարդու իրավունքների պաշտպանները ու ամենակարևորը՝ սեփական ընտանիքիդ անդամները։

Այս մի քիչ խրատական ու կանխատեսելի ֆիլմը Ֆարհադիի ֆիլմացանկում ամենահաջողվածը չէ, բայց շատ բան է պատմում Իրանի խայտաբղետ ու բազմաշերտ կյանքի մասին։ Որտեղ մարդիկ, ինչպեսև ողջ աշխարհում, հայտնվում են սոցիալական մեդիայի փառքի փուչիկի մեջ, փորձում խմբագրել իրենց իմիջն ու պայթում այդ փուչիկի հետ միասին։

Եվ եթե ուզում ես միաժամանակ պրագմատիկ ու ռոմանտիկ լինել, միշտ անելու ես քայլեր, որոնք քեզ խեղդելու են։

«Ձախորդ հուպտվոցի կամ գժական պոռնո» (Bad Luck Banging or Loony Porn), Ռադու Ժուդե

 

Շատ ծիծաղելի, խելացի ու սուր այս կատակերգությունը տեղի է ունենում համավարակային Բուխարեստում, բայց նույն հաջողությամբ կարող էր պատահել Երևանում։ Նախ՝ քաղաքի պոստսովետական դեկորացիաները շատ հարազատ են մեզ, և հետո՝ ֆիլմում կան այն երեք կարևոր բաղադրիչները, որոնք վախեցնում են միշտ՝ սեքսը, դպրոցը, հանրային պարսավանքը։

Ֆիլմը սկսվում է ընտանեկան պոռնոյի կադրերով, որոնք թույլ նյարդերի համար չեն։ Անսովոր են կինոդիտողի համար, քանի որ սովորական մարդկանց սեռական գործողություն են՝ նկարահաված գործող անձանց կողմից։ Հետո այդ «գժական» կադրերը արտահոսում են ինտերնետ (անհայտ ճանապարհով) ու հասցնում գլխավոր հերոսուհուն հուժկու հարված։

Գլխավոր հերոսուհին ուսուցչուհի է, և նրա մասնակցությամբ վիդեոն հասցրել են տեսնել թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչներն ու տնօրենը, թե՛ աշակերտների ծնողները։ Ու բնականաբար, կրքով ու արդար ցասումով քարկոծում են ուսուցչուհուն, որը սեքսի տեսահոլովակից հետո արդեն իրավունք չունի մոտենալ երեխաներին։ Ու ընդհանրապես, իրավունք չունի։

Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ անել։ Արդարանալ, բացատրել, որ կադրում ամուսինդ է, ներողություն խնդրել, համառել, խոսել անձնական իրավունքների մասին, փորձել համոզել, որ սեռական ակտը դեռ չի նշանակում, որ դու վատ ուսուցիչ ես. ընտրությունը շատ մեծ է։

Ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեն ուսումնասիրում է արձագանքները՝ հասցնելով գրոտեսկի ամեն ինչ։ Երբեք անձնական տվյալների արտահոսքի պատճառով առաջացած աղմուկն ու իրական բուլինգը չի ներկայացվել այսքան ծիծաղելի ու սադրիչ անկեղծությամբ։ 

Ֆիլմը կառուցված է երեք բոլորովին իրար ոչ նման մասերից։ Առաջին հատվածում քաղաքն է՝ անհրապույր շենքերով ու փողոցային կցկտուր զրույցներով։ Դիտողը երկար քայլում է հերոսուհու հետ, կարծես ընկղմվելով միապաղաղ ու գորշ կյանքի մեջ, որտեղ ոչ ոք իրար չի հարգում։ Մեքենան կայանել է ուղիղ մայթին, այնպես, որ անցնել չես կարող, խաչմերուկից լսվում են հայհոյանքներ, փողոցում վաճառում եմ ամեն ինչ, շենքերը քայքայվում են առանց խնամքի, ճչացող ցուցանակները աչքդ են մտնում, աղբը հանգիստ տարուբերվում է քամու հետ… 

Վիզուալ պոռնոյի միջով անցնում ենք այնպես, կարծես հենց մենք ենք ու մեր քաղաքը (այդ զգացումը հաստատ կլինի)։ Ու հաստատ կառաջանա զուգահեռ անձնական պոռնո հոլովակի ու հանրային վայրերի սովորական դարձած վիզուալ ուղերձի հետ, որը հենց «գժական հուպտվոցի» է։

Առաջինը աչք է ծակում ու միանգամից մոբիլիզացնում մեր մեջի բարեպաշտին, իսկ երկրորդը այնքան սովորական է, որ ոչ միայն չի զայրացնում, այլև թվում է հարազատ։

Ֆիլմի երկրորդ մասը կարճ ու դիպուկ տեղեկությունների հանրագիտարան է՝ կառուցված Ֆեյսբուքի ստատուսների նման։ Դրանք ամեն ինչի մասին են՝ հարգանքի, բանակի, ինքնության սիմվոլների, պատմության և այլն։ Եթե որոշեք նայել այս ֆիլմը, ծիծաղի (ու նաև ցավի) մեծ պաշարը ապահովված է։ 

Իրականում, այն ամենը, ինչ քննարկվում է այս չաբաստիկ վիդեոյի հայտնությունից հետո, սուր սոցիալական հարցեր են՝ կապված հանրային տաբուների ու կարծրատիպերի հետ։ Ու խնդիրը միայն կեղծ բարեպաշտությունը չէ, այլ զանգվածային ցանկությունը լինելու դատավոր։ 

Ֆիլմի երրորդ մասը ծնողական ժողով է, որը նման է դատարանի հավաքի։ Եվ այստեղ կարելի է լսել այն բոլոր դավադրապաշտական վարկածներն ու հանրային մեղադրանքները, որոնք ծաղկում են նաև Հայաստանում՝ կեղտոտ գնչուների (մեր դեպքում դա այլ ազգեր կլինեն), հրեաների դավադրական երազանքների, Սորոսի դերի, ազգային արժանապատվության տձև դրսևորումների մասին։

Նաև այն մտքի, որ չարախնդալը միշտ ավելի հեշտ է: Իսկ հումորն ու առավելևս ինքնահեգնանքը, շատ լավ զենք է։

2021 թվականի Բերլինի կինոփառատոնում ֆիլմը ստացել է «Ոսկե արջ», իսկ Հայաստանում այն հնարավոր եղավ դիտել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ։ Բարեբախտաբար նաև առանց որևէ գրաքննության՝ հեղինակային տարբերակով (Ռուսաստանում այն զգալիորեն կրճատվեց ու խմբագրվեց՝ որոշ տեսարաններ անհետացան)։

«Պատահականություն և կռահում» (Guzen to sozo), Ռյուսուկե Համագուտի

Այս ճապոնական կինոժապավենը տարվա լավագույն բացահայտումներից է, որն իր խաբուսիկ պարզության մեջ թաքցրել է հավերժական հարցեր՝ սիրելու ու սխալվելու մասին։ 

Ամբողջությամբ երկխոսություններով կառուցված ու մինիմալիստական ֆիլմում կարևոր դեր են ստանում բառերը։ Այն բառերը, որոնք պերսոնաժներն ասում են (կամ միայն մտածում են), ձեռք են բերում զարմանալի էֆեկտ՝ կարող են խայթել, դարմանել, քարուքանդ անել կարիերան կամ սփոփել։

Ֆիլմը կառուցված է երեք նովելներից, որոնք սյուժեով իրար հետ կապված չեն, բայց բոլորը միավորված են անհարմարավետության զգացումով։

Առաջինը սիրային եռանկյունի է, որի համար խթան է դառնում պատահական զրույցը։ Եվ հետաքրքիր է, որ սիրային դրաման այդպես էլ եռանկյունի չի դառնում՝ մնալով տարբեր դուետների վարկածներ։ Ու վերջում՝ սոլո։ Ճակատագրի նշանները երբեմն ընդամենը պատահականություն են։

Երկորդ պատմությունը կոչվում է «Լայն բացված դռնով», քանի որ համալսարանի դասախոսը վստահ է, որ իր աշխատասենյակի դուռը փակել չի կարելի։ Աշխատավայրում ոտնձգությունների վախը ստիպում է նրան բացառել ցանկացած պատահականություն ու ասեկոսե։ Եվ ուսանողուհին, որի նպատակը հենց սեռական ոտնձգության մեջ դասախոսին մեղադրելն է, փակում է դուռը։ Դասախոսը՝ բացում։ Կինը նորից է բացում։

Գայթակղելու համար նա ընտրում է բառերը՝  բարձրաձայն կարդալով դասախոսի էրոտիկ գրքից մի հատված։ Ու միացնում է ձայնագրիչը։ Հետո մեկ սխալ կոճակ սեղմելով ու էլեկտրոնային նամակ ուղարկելով, քայքայում է ամեն ինչ։

Այս ֆիլմի սյուժեն պատմելն անիմաստ է, քանի որ պատահականությունների շարանը Ռյուսուկե Համագուտին օգտագործում է՝ ամեն րոպե փոխելով սյուժետային ընթացքը։ Ինչպես հերոսը մտածեց ու ինչ ասաց, այնպես էլ կշարունակվի կյանքը։

Բառերի ուժն առավել ընդգծվում է երրորդ նովելում, որի համար հեղինակը հնարել է նախապատմություն։ Վիրուսը ներթափանցել է բոլոր համակարգիչների մեջ ու խառնել սովորական կյանքը, արդյունքում մարդկությունը զրկվել է ինտերնետից ու վերդարձել հեռագրերին ու ձեռքով գրած նամակներին։ Վերդարձել է դեպի դեմ առ դեմ ասվող բառերին։

Եվ երկու համադասարանցիների պատահական հանդիպումը շարժասանդուղքի վրա դառնում է ավելին, քան պարզապես հանդիպում։ Երկու կին, մեկ մեծ սխալ ու կիսաձայն հրավեր՝ արի լսենք իրար, ես կլինեմ այն, ինչ քեզ պետք է։

Սա այնքան վարպետորեն կառուցված կարճ ֆիլմ է (որի էֆեկտը կփչացնեն սփոյլերները), որ ուզում ես բոլորին խորհուրդ տալ անցնել այս հոգեբանական փորձառությամբ ու գալ այն մտքին, որ մարդկային հարաբերությունները մոգական ուժ ունեն։ 

Պարզապես երբեմն պատահական հանդիպումներում պիտի կռահես, թե ինչ ասես, երբ և ինչպես։ 

Ռյուսուկե Համագուտին իր հարցազրույցում պատմել է, որ դերասանների հետ այնքան են կարդում ու անգիր անում տեքստը, որ խոսելը դառնա շնչելու պես գործ, ինչպես կարդալը հեռախոսագիրք։ Որ հանկարծ չհայտնվի պաթոս այնտեղ, որտեղ փշրվում ու վերակառուցվում են ճակատագրերը։

«Ֆրանսիական տեղեկատու», French Dispatch, Վես Անդերսոն 

 

Ամերիկացի մեծահարուստը Կանզաս նահանգի փոքր քաղաքից, որի անունը Լիբերթի է (ազատություն), գնում է Ֆրանսիա ու որոշում, որ ամերիկացիներին պետք է «Ֆրանսիական տեղեկատու», Կանզասի թերթի հավելված՝ եվրոպական կյանքի ու բարքերի մասին։

Եվ դա դառնում է շատ հաջող մեդիա նախագիծ։ Ֆիլմը կառուցված է որպես լրագրողական ժանրերի հավաքածու՝ մեկ հեծանվային ռեպորտաժ քաղաքային կյանքի մասին և երեք լոնգռիդ՝ հոգեխանգարման եզրին գտնվող աբստրակցիոնիստ բանտարկյալի, ապստամբող փարիզեցի ուսանողների և ոստիկանության բաժանմունքի վիրտուոզ խոհարարի մասին։

Բոլոր դրվագները հիշեցնում են թերթի կառուցվածք՝ խորագրերով։ Իսկ ֆինալում մահախոսական է, մահացել է գլխավոր խմբագիրը ու սա լինելու է թերթի վերջին համարը։

Այդպիսով ավարտվում է մի մեծ դարաշրջան։ Պատմության հետ անհետանում է ոչ միայն թղթային մեդիան, այլև հարաբերությունները, որոնք թերթ պատրաստելու հիմքում են։ Սա կատակերգություն է այն մասին, թե ինչպես վարվել տեղեկատվության հետ, ինչպես առօրյա դեպքերից ու դատարկ բաներից կառուցել միֆեր՝ երկու հազար բառերով։

Մոտավորապես դա է անում Վես Անդրեսոնը, որը հայտնի է որպես բարդագույն ու գունագեղ կադրեր ու դեկորացիաներ կառուցող վարպետ։

Այս անգամ նա ռետրո ոճով ու ֆրանսիական շարմով հնարում ու պատմում է տիկնիկային իրականության մասին, երբ թերթն ու լրագրողները մեծ բան էին։

Ֆիլմում այնքան շատ են հայտնի դերասանները, որ նույնիսկ չի ստացվի բոլորին թվարկել։ Գլխավոր դերերից մինչև էպիզոդիկ հայտնություններ՝ բոլորը մեգաաստղեր են։

«Ֆրանսիական տեղեկատու»-ն շատ արագ ֆիլմ է, կադրերն ու դիալոգները փոխվում է անասելի տեմպով, նույնիսկ ռեկորդային Անդերսոնի համար։ Վիզուալ ազատությունն այնքան մեծ է, որ կարելի է պարզապես ըմբոշխնել ամեն մի կադրը։

Ու թեև ֆիլմը սլանում է թեթև ու գեղեցիկ, այն միևնույն է պարունակում է կարոտի մեծ պաշար այն ժամանակների նկատմամբ, երբ լրագրողները դեռ չէին հասցրել արժանանալ արհամարհական վերաբերմունքի, այլ համարվում էին մոդայիկ, ազդեցիկ ու կարևոր մասնագետներ։ 

Նրանց աչքերով է կառուցվում կինոպատմությունը։ Ու նրանք են կանգնում էթիկական ընտրության առջև՝ ինչի մասին գրել, իսկ ինչի մասին չգրել։ Կամ գրել այնպես, որ փոխզիջումը խմբագրության հետ չլինի շատ ցավոտ ու մի քիչ էլ լինի սրտի թելադրանով։

Հետաքրքիր է, որ խմբագրության գրասենյակում, որը նման է անընդհատ շարժվող մրջնանոցի, մեծ տառերով գրված է «Լաց չլինել»։ Եվ թերթի գլխավոր խմբագիրը դա պարբերաբար հիշեցնում է, երբ, ասենք, աշխատանքից ազատում է հերթական լրագրողի։

Ու լավ խորհուրդ «Ֆրանսիական տեղեկատու»-ի (որի հետևում կռահում ենք «Նյու Յորքերը»-ը) գլխավոր խմբագրից լրագրողներին՝ եթե մի բան այնպես չէ, ինչպես ուզում էիր, ստեղծիր տպավորություն, որ հենց այդպես էլ մտածված էր։

«Մի նայիր վերև» (Don`t Look Up), Ադամ Մըքքեյ

Աշխարհի վերջը երբեք այսքան ուրախ չի եղել, ինչպես այս ֆիլմում է։ 

Եվ ուրախությունն առաջին հերթին սկիզբ է առնում սոցիալական մեդիայի, զվարճալի ձևաչափեր նախընտրող հեռուստատեսության ու ընդհանրապես լրահոսի աղավաղումներին ընտելացած մարդկանց ուղեղում, սրտում, սովորույթներում։ 

Հսկայական գիսաստղը սլանում է դեպի Երկրագունդ ու կես տարի հետո կործանելու է ոչ միայն մարդկանց, այլև ամեն կենդանի էակ ու բույս։ Բայց այս վտանգը այդպես էլ մնում է մարդկանց տեսադաշտի ինչ-որ ծայրում ու բանի տեղ չի դրվում։ Ֆրագմենտները ամբողջական պատկեր չեն դառնում։

Կես տարին շատ մեծ ժամկետ է, եթե մեկ ժամ առաջ տեղի ունեցավ հերթական սեքս սկանդալը, իսկ շուտով ԱՄՆ նախագահի ընտրություններն են։ 

Այս սարկաստիկ կատակերգությունը շատ լավ տեղավորվում է այն պնդման մեջ, որն արել էր ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը՝ վստահ լինելով, որ կան պարզապես փաստեր ու կան այլընտրանքային փաստեր։ Հիմա այս ֆիլմում Թրամփի դերում Մերիլ Սթրիփն է ու առաջնորդում է գիսաստղի այլընտրանքային մեդիա արշավը (միգուցե չի կործանում, այլ օգնում է):  

Գիտնականն ու նրա ասիստենտը, Դի Կապրիոն ու Ջենիֆեր Լոուրենսը գոռում են վտանգի մասին, բայց նրանց ականջ դնող չկա։ Բոլորի աչքերն ու ականջները հետևում են Թվիթերի հեշթեգներին ու շատ հետևորդներ ունեցող պոպ աստղերին։ Իսկ այնտեղ կործանում չկա։

Անգամ երբ գիտնականները փորձեն իրենք դառնալ հեշթեգ ու մեդիա թրենդ, հասկանալու են, որ ուժերը հավասար չեն։ Ավելին՝ իրենք են համարվելու ֆեյք, քանի որ վաղուց արդեն նյուսմեյքերները գիտնականները չեն, այլ գլամուրն ու քարոզիչները։

«Մի նայեք վերև»,- ասում են նախագահը, մեդիան, պոպ աստղերն ու տարբեր խելացի խորհրդականները։ «Նայեք ներքև»։ 

Ներքևում լավ է։ Ուրեմն նայեք լավին։ 

Այս կիսակույր վիճակը իրականում ոչ միայն քաղաքական ուժերի, ստոր մեծահարուստների ու մեդիա դեմքերի պատճառով է, այլ բոլորի։ Բարի դիտում ու բարի գալուստ նորագույն Արմագեդոն։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *