125- ամյա «International Herald Tribune»-ը առաջիկայում կվերանվանվի «International New York Times»,-ասվել է «New York Times»-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի տարածած հաղորդագրության մեջ: Մեկնաբանելով իրենց որոշումը գլխավոր տնօրենն ասել է, որ միավորելով երկու պարբերականները և շեշտը դնելով առավել վառ արտահայտված ապրանքանիշի վրա իրենք ցանկանում են ներդրում կատարել միջազգային լրագրության մեջ և ընդլայնել իրենց համաշխարհային բազան, քանի որ իրենք մեծ ներուժ են տեսնում ավելացնելու «New York Times»-ի բաժանորդների թիվը ԱՄՆ-ից դուրս: Իհարկե, այն կօգնի նաև ավելացնելու ինտերնետային տարբերակի այցելուների թիվը:
Անվանափոխությանը զուգընթաց նախատեսվում է ընդլայնել պարբերականի ինտերնետային ու բջջային ծառայությունների մատուցման շրջանակը: Ստեղծվելու է բազմապրոֆիլ խմբագրություն, որի հրատարակած նյութերի բովանդակությունը նախատեսված կլինի հատուկ միջազգային ընթերցողի համար՝Հոնկոնգից մինչև Լոնդոն:
«International Herald Tribune»-ը սկսել է լույս տեսնել 1887թ. Փարիզում «Paris Herald» անվանմամբ, որպես՝ «New York Herald»-ի եվրոպական հրատարակություն: 1966թ. –ին, վերջինիս փակվելուց հետո, «New York Times»-ն ու «Washington Post»-ը բաժնետոմսեր են ձեռք բերում և 1967թ. թերթն ստանում է իր ներկա անվանումը՝ «International Herald Tribune»: 1991թ.-ից վերջիններս դառնում են թերթի համահավասար բաժնետերեր՝ 50/50, իսկ 2003թ. «New York Times»-ը գնում է նաև մյուս բաժնեմասը:
Մորնինգսթարի ուսումնասիրությունների գրասենյակի վերլուծության համաձայն՝ այս անվանափոխությունը «New York Times» հոլդինգի որդեգրած ներկա ռազմավարության շարունակությունն է: Վերջինս իր ողջ ուշադրությունն ու միջոցները կենտրոնացնում է իր առավել վառ արտահայտված տարբերանշանի վրա, քանի որ «New York Times»-ն ԱՄՆ-ում համարվում է շատ ուժեղ ազգային օրաթերթ՝ խիստ հավատարիմ ընթերցողներով:
«New York Times»-ն անցյալ տարի, իր գոյության պատմության մեջ առաջին անգամ, առավել շահույթ է ստացել իր վաճառքից, քան գովազդից: Գլխավոր տնօրենի վկայմամբ արձանագրվել է ինտերնետային տարբերակի բաժանորդների կտրուկ աճ, որն էլ եղել է շահույթի հիմնական աղբյուրը: Տարվա կտրվածքով արձանագրվել է եկամուտի 10,4 տոկոս աճ, որը կազմում է 353 մլն դոլար, մինչդեռ գովազդային եկամուտները նվազել են 6 %-ով: Արդյունքում, ընկերությունը ստացել է 133 մլն դոլարի մաքուր շահույթ, ինչն էլ պատճառ է հանդիսացել համաշխարհային մեդիա շուկայում իր տարածքն ընդլայնելու ու ամենուրեք ներկայություն ունենալու նախընտրությունը տալ «New York Times»-ին:
Իսկ նույն ընկերությանը պատկանող «Boston Globe»-ը հանվել է վաճառքի: Այն ակնկալվում է վաճառել իրատեսական 110 մլն դոլարով, մինչդեռ, 1993թ. «New York Times» հոլդինգն այն գնել է 1,1 մլրդ դոլարով:
Պատրաստեց՝ Մետաքսե Պետրոսյանը
Ըստ՝ Agence France Presse-ի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: