Հայաստանի պոլիկլինիկաներում դեռ 2017-ից կա մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտությունը քարոզող պաստառ, որից թախծոտ ժպտում է երկնքին նայող մի աղջիկ։ Իրականում պաստառի համար օգտագործված լուսանկարը ունի սարսափելի նախապատմություն։
Աղջիկը մոդել չէ, որը համաձայնվել է իր դեմքը օգտագործել իրազեկման արշավների ընթացքում, այլ իրական մարդ՝ արժանացած դաժան ճակատագրի։ Հայաստանում կախված պաստառներից մեզ է նայում Գերմանիայում հայտնի սպանության զոհը։
Նոյեմբերի 1-ին Արսեն Իգիթյան անունով օգտատերն իր բլոգում գրել էր, թե ինչպես է Առողջապահության նախարարությունը պապիլոմավիրուսի դեմ պատվաստման պաստառի համար օգտագործել սպանված գերմանուհու լուսանկար: Գրառման հեղինակը դրա մասին տեղեկացել էր Թվիթերից, որտեղ տեղադրել էին պաստառի լուսանկարն ու հայտնել եղելությունը (գրառումը հասանելի չէ, քանի օր օգտահաշիվն այս պահին ջնջված է)։
Գրառումը հայտնում է, որ ՀՀ պոլիկլինիկաներից մեկում պապիլոմավիրուսի դեմ պատվաստման գովազդային պաստառի վրա պատկերված երիտասարդ աղջիկը Մարիա Լադենբուրգերն է, որին 2016 թվականի հոկտեմբերին բռնաբարել և սպանել է իրանցի ներգաղթյալը։
Օրեր անց, նոյեմբերի 8-ին Իգիթյանն իր բլոգում հրապարակել է Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանը, վերնագրելով այն «Նախարարությունը խնդիր չի տեսնում բռնաբարված և սպանված աղջկա լուսանկարով պապիլոմավիրուսի դեմ պատվաստման պաստառի մեջ»: Նախարարությունն ասել է, որ նկարն ընտրել է պատահականության սկզբունքով:
Պաստառում պատկերված աղջկա լուսանկարը փնտրելով՝ առաջինը կարելի է տեսնել նկարի բնօրինակ տարբերակը, իսկ հետո սպանության դեպքի մասին մի շարք պարբերականների անդրադարձները։
Սպանվածը, իսկապես, գերմանուհի Մարիա Լադենբուրգերն է, որին 2016 թվականին բռնաբարել ու գետն է նետել Հուսեյն Խավարին։
Այցելեցինք մեկ այլ պոլիկլինիկա, որտեղ այդ պաստառից ևս կար։
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ պաստառը հեղինակը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է։ Կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանն ասաց, որ պաստառում օգտագործված նկարի պատմության մասին իմացել են միայն հարցումը ստանալուց հետո, և որ սխալմունքը որևէ միտում չի ունեցել։
Զաքարյանի խոսքով՝ իրազեկման պաստառը նոր չէ, այն փակցված է Հայաստանի պոլիկլինիկաներում մոտավորապես 2017 թվականից, երբ հանրապետությունում ներդրվեցին մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները։
«Բնականաբար կա պաստառը հանելու մտադրություն, որը պայմանավորված է նախ նկարի հանգամանքով, միևնույն ժամանակ այն թարմացնելու կարիք ունի, քանի որ մի քանի տարի է՝ տեղադրված է»,- ասում է Սիրանուշ Զաքարյանը: Նա նաև հավելեց, որ նկարի մասին իմանալուց մեկ ամիս անց պաստառը չհանելու պատճառը կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված գերատեսչության ծանրաբեռնված աշխատանքն է։
Կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նախկինում նման դեպքեր չի մտաբերում, բայց հավաստիացնում է, որ վերջին տարիներին իրենց դիզայներները զգուշությամբ հետևում են օգտագործվող նկարներին՝ օգտվելով այն աղբյուրներից ու հարթակներից, որոնք բաց են և նախատեսված են ազատ օգտագործման պատկերների համար։
Մարիա Լադենբուրգերի սպանությունը
Բժշկականի 19-ամյա ուսանող Մարիայի սպանությունը ցնցել էր Գերմանիան։ Այն տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերի 16-ին Ֆրայբուրգ քաղաքում։ Սպանության հեղինակը ներգաղթյալ Հուսեյն Խավարին է, որը Մարիային բռնաբարել է, խեղդել, այնուհետև նետել է Դրայզամ գետը։
Դատաքննության արդյունքում պարզվել է, որ Ավստրիայով Գերմանիա եկած Հուսեյնը, որը ներկայացել է որպես 17 տարեկան անչափահաս, առանց որևէ փաստաթղթերի, իրականում 32 տարեկան իրանցի է։ Բացահայտվել է նաև, որ գերմանուհու սպանության դեպքը միակը չէ և Հունաստանում 2014-ին նա ժայռից հրել է մի կնոջ ու արժանացել 10 տարվա ազատազրկման, սակայն 2015 -ին բաց է թողնվել՝ բանտերում գերբնակեցվածության պատճառով։
Մամուլի գրառումների համաձայն՝ սպանված աղջիկը Եվրոպական հանձնաժողովի իրավական տնօրենի օգնական, իրավաբան Կլեմենս Լադենբուրգերի դուստրն է։
Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Գերմանիայում, քննադատության էր արժանացել Անգելա Մերկելի 2015-ից վարած «բաց դռների» քաղաքականությունը, որն թույլատրել էր ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալների և փախստականների մուտքը երկիր։
Եվ այն հարցը, թե ինչու է այս աղջկա լուսանկարը օգտագործել Հայաստանի Հանրապետության գերատեսչությունը, թերևս կարող է ունենալ միայն մեկ բացատրություն. պաստառի անփույթ ու հապճեպ պատրաստումը համարվել է ավելի գերադասելի, քան լուրջ աշխատանքը։ Դիզայնը, իր խիստ օրենքներով հանդերձ, մղվել է երկրորդ պլան, ինչի արդյունքում համապետական նշանակության պատվաստումային արշավը մնացել է ստվերում։ Կամ էլ, ինչպես այս դեպքում՝ զրկվել է վստահությունից ու արժանահավատությունից։
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: