2021.11.23,

Խաչմերուկ

ՀՀ օկուպացված 41 քկմ տարածքը, կորսված 2 դիրքերը և «չփոփոխված բալանսը»

Ինքներդ Ձեզ հարց տվեք՝ իրականում գիտե՞ք՝ ինչ վերջնարդյունք են ունեցել հայ-ադրբեջանական շփման գծում նոյեմբերի 16-ի մարտերը։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Բայց գոնե հասկանանք, թե կոնկրետ ի՞նչ չգիտենք։

Մարդկային ցավալի կորուստներից բացի, պաշտպանության նախարարության կայքում մարտերի օրվա ընթացքում ընդամենը մեկ անգամ հիշատակվել է հետևյալը. «հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»։

Խոսքը հայկակա՛ն դիրքերի կորստի մասին է։ Ու թեև Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, թե հայկական կողմը շատ դիրքեր է հետ բերել, բայց դա այդպես չէ*:

Դիրքերի կորուստ

Նախ հասկանանք, թե ինչ է մարտական դիրքը, որը հիշատակվում է պաշտոնական հաղորդագրություններում։ Զինվորական ժարգոնում հաճախ օգտագործվում է «պոստ» բառը՝ ռուսերեն համարժեքը։ Այն առաջնագծում հսկողություն իրականացնող միավորն է․ այնտեղ զինվորները մարտական հերթապահություն են իրականացնում՝ հերթով գիշեր-ցերեկ հսկում են շփման գծի իրավիճակը, հակառակորդի տեղաշարժը։ Դիրքերը, իրար կապվելով, դառնում են շղթա՝ առաջնագիծ։

Հայ-ադրբեջանական շփման գծում՝ զորքերի միջև, ոչ մի պատ ու ոչ մի ցանկապատ կառուցված չէ։ Հետևաբար շփմանը գիծը կամ փաստացի սահմանը հայկական և ադրբեջանական դիրքերի՝ երկու շղթաների միջև անցնող երևակայական գիծն է։ Բայց այդ գիծը ոչ միայն երևակայական է, այլև հաճախ փոփոխվում է։

Ամեն նոր տեղադրված դիրք փոխում է հակադիր շղթաների միջև հեռավորությունը, հետևաբար տեղաշարժվում է նաև շղթաների միջնամասով անցնող շփման գիծը։

Նույնը տեղի է ունենում, երբ կորցնում ես որևէ դիրք, ինչպես դա եղել է նոյեմբերի 16-ին: Որո՞նք են եղել կորցրած դիրքերը՝ չգիտենք․ պաշտպանության նախարարությունն այդ մասին չի ասում։ Google-ի թարմ արբանյակային լուսանկարների վրա երևում են այդ հատվածի դիրքային ոչ լիարժեք շղթաները՝ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գիծը՝ սեպտեմբերի դրությամբ։

Քարտեզ-գծագրի վրա դեղին աստղերով նշված են ՀՀ ԶՈՒ դիրքերը, կարմիր աստղերով՝ Ադրբեջանի ԶՈՒ դիրքերը։ Նույն գույներով ընդհատվող գծերը ցույց են տալիս դիրքերի շղթաները։ Գծագրի աջ կողմով անցնող չընդհատվող դեղին գիծը նախկին սահմանագիծն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։

Այստեղից նախ պարզ է դառնում, որ ադրբեջանական դիրքերը խորհրդային սահմանագծից այսկողմ են։ Երևում է նաև, որ դիրքերը մխրճված են իրար մեջ, ընդ որում՝ ադրբեջանցիները գրավել են բլուրների գագաթները, որտեղից կարողանում են ավելի հեռուն տեսնել, ավելի արդյունավետ հսկել իրավիճակը, կանխատեսել հայկական կողմի գործողությունները և այլն։

Եթե, օրինակ, հայկական ուժերը կորցնում են կարմիր ուղղանկյան մեջ մտնող դիրքերը, ապա շփման գիծը ավելի է շարժվում դեպի հայկական կողմ՝ անկախ նրանից՝ դիրքերն անցնում են ադրբեջանական կողմին, թե մնում շփման գծի մեջտեղում։

Նորից շեշտենք, որ մենք չգիտենք՝ որ դիրքերն են կորսվել, թեև հենց այս հատվածում է տեղորոշվել խոցված ադրբեջանական զինտեխնիկան։ Քարտեզում ներկայացվածը տեսական իրավիճակ է։ Եվ այդ իրավիճակում լինելու են մի քանի հետևանքներ։

Կա՞ տարածքի կորուստ

Իշխանական պատգամավորներից Էդուարդ Աղաջանյանը մարտերի օրն ասաց, որ մայիսից սկսած Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ տարածքից 41 քառակուսի կմ։ Դա գրեթե Գյումրի քաղաքի չափ տարածք է։

Ազգային ժողովում ելույթ ունենալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նոյեմբերի 16-ի մարտերի հետևանքով օկուպացված ամբողջ տարածքի «բալանսը որևէ ձևով չի փոխվել»։ Զուտ տարածքի առումով՝ միգուցե։ Օրինակ, քարտեզ-գծագրում նշված ուղղանկյան չափը գետնի վրա 0,1 քառակուսի կիլոմետր է (կամ 10 հեկտար)։ Հիշատակված 41 կիլոմետրի մեջ դա, միգուցե, բալանս չի փոխի։ Բայց…

Շարունակենք նույն օրինակով․ եթե կորցնում ես առաջ ընկած 2 դիրք, ապա վտանգի տակ կարող ես դնել նաև հարևան դիրքերը, որոնց սնուցումը կատարվում էր հենց այդ երկու դիրքերից։

Նման օրինակ է նկարի աջ մասում գտնվող հայկական դիրքը։ Նշված սցենարի դեպքում այն կորցնում է պաշտպանությունը իր ձախ կողմից, թուլանում է։ Ադրբեջանցիների հաջորդ քայլը լինելու է արդեն թուլացած դիրքը վերցնելը։

Երկրորդ՝ եթե հայկական բանակի առաջին գծի դիրքերը կորսվում են, հայկական կողմը ստիպված է նույն ուղղությամբ ավելի խորքում դիրք կառուցել։ Բայց նոր դիրքը չես կարող կառուցել կամայական կետում, ուղղակի 100 մետր հետ նահանջելով։ Անհրաժեշտ է գտնել հարմար տեղանք, օրինակ՝ որոշակի բարձունք։ Դա էլ նշանակում է, որ հնարավոր է՝ նահանջդ ավելի մեծ լինի՝ ավելի նպատակահարմար դիրք զբաղեցնելու համար։

Այս ամենի արդյունքում ադրբեջանցիները բարելավում են իրենց դիրքերի դասավորությունը հայկական բանակի հետ շփման գծում։ Այս հարցին անդրադառնանք և՛ ադրբեջանական, և՛ հայկական զինված ուժերի օրինակով։

ՊՆ – ՄԻՊ բանավեճը

Հոկտեմբերին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

ՊՆ-ից հակադարձում էին, որ նախարարի հետ զրույցում Թաթոյանն ընդունել է, որ ադրբեջանցիների այդ աշխատանքներն «առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»»:

Չխորանալով այս բանավեճի ճիշտ ու սխալ կողմերի միջև՝ նորից մատնանշենք նախորդ օրինակը․ եթե ադրբեջանցիները գրավում են բարձունք, հայկական կողմը հաճախ ստիպված է լինում հետ քաշվել այնքան, մինչև գտնի մեկ այլ հարմար տեղ՝ բարձունք։ Ստացվել է այնպես, որ հայ-ադրբեջանական շփման գծում խորհրդային սահմանները անցել են հենց ամենաբարձր գագաթներով։

2014 թվականի ամռանը հայկական ուժերը, առանց աղմուկի, մեկ գիշերվա մեջ վերցրեցին Նախիջևանի հետ շփման գծում գտնվող բազմաթիվ այդպիսի բարձունքներ՝ հիմնականում մնալով խորհրդային սահմանից ներս։ Ադրբեջանցիները կանգնեցին փաստի առաջ․ կա՛մ պետք է մնային հայկական դիրքերի ստորոտում՝ խոցելի վիճակում, կա՛մ նահանջեին մինչև մեկ այլ բարձունք։

Ու հիմա, երբ ադրբեջանցիները վերցնում են Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային բարձունքները, հայկական կողմը նույնկերպ ստիպված է լինում բավական հետ քաշվել։ Այս դեպքում ադրբեջանցիները կարող են բետոնապատ ճանապարհները հասցնել մինչև նախկին սահմանագիծ, իսկ այնտեղից բավարարվել ընդամենը գրունտային ճանապարհներով։

Բայց դա արդեն նշանակություն չունի, որովհետև հայկական ուժերը միևնույն է ստիպված են լինում մեկ ձորի հեռավորություն պահել՝ նահանջել։

* Պաշտոնյաների կողմից կեղծ տեղեկություններ տարածելն, ի դեպ, առանձին թեմա է․ բաց է հարցը, թե ինչպե՞ս պետք է պատասխանատվության ենթարկվեն նման պաշտոնյաները և հանրային այլ դեմքերը։

Գարիկ Հարությունյան
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *