Վրաստանում կա երեք հեռուստաալիք, որոնք ստեղծում են բացարձակապես ագրարային լուրեր ու հաղորդումներ։ Այդ բովանդակությամբ հետաքրքրված են թե՛ հեռուստադիտողը, թե´ վրացի լրագրողները, թե´ գյուղատնտեսական ձեռնարկատիրությունները:
Ագրոլրագրության վրացական փորձի մասին զրուցել ենք Թբիլիսիի Ժուռնալիստիկայի ռեսուրս կենտրոնի նախագահ, Մարզային հեռարձակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլիի հետ։
Նա ասում է, որ թեև Վրաստանում մեդիան շատ բևեռացված է` մի մասն իշխանամետ է, մյուսը՝ ընդդիմադիր, գյուղատնտեսությունն ու էկոլոգիան միավորում են այդ երկու ծայրահեղություններին, և բոլորը պատրաստ են զրուցել այդ թեմայի շուրջ:
Ագրոլուրերը լուսաբանելիս վրացական մեդիան շեշտը դնում է լուծումներ առաջարկելու վրա։ Միշտ հետաքրքիր է հետևել այն մարդկանց կյանքին, որոնք իրենց թեկուզ փոքր արտադրությամբ տուն են պահում ու շուկա ձևովորում։
Նաթիա Կուպրաշվիլին իր գործընկերների հետ Հայաստան էր այցելել ագրոլրագության
դասավանդման հմտությունների ու փորձի մասին պատմելու:
Ե՞րբ նկատեցիք «ագրո» ոլորտի լուսաբանման կարևորությունը։
Մեր գործունեությունը հանպատրաստից սկսեցինք այն բանից հետո, երբ տեսանք մարզերի հեռուստադիտողների շրջանում իրականացված հարցման արդյունքները, որտեղ իրենց հետաքրքրող թեմաներում քաղաքականությունից հետո գյուղատնտեսականն էր։
Մինչ այդ մարզային հեռուստաալիքների անդրադարձներն այդ թեմային կատարվում էին ոչ հաճախ. լրագրողները ոլորտը լուսաբանելու համար չունեին բավարար գիտելիքներ ու հմտություններ։
Որո՞նք էին մեդիայի հետ աշխատանքի առաջին քայլերը։
Սկսեցինք դասընթացներ կազմակերպել մարզային մեդիայի համար, ինչում մեզ շատ օգնեց BBC-ի լրագրող Հիթեր Բրիգսը։ Արդեն մեկ տարի հետո այս ոլորտը շատ արդիականացավ ոչ միայն մարզային, այլ նաև հանրապետական մամուլում: Սկզբում մասնագիտացված նախագիծ սկսեց Վրաստանի հանրային հեռուստաալիքը, այնուհետև երկրորդ ալիքը, հետո մենք ու մարզային թերթերը։
Մեկ տարվա ընթացքում՝ 2018-ին ստեղծվեցին 3 գյուղատնտեսական հեռուստաալիքներ, որոնք այսօր ունեն բավարար եկամուտներ։
Դրանցից երկուսը կոմերցիոն են, որոնց ամբողջ եթերը, կարելի է ասել, հիմնված է կոնկրետ գյուղապրանքի գովազդի վրա, իսկ երրորդը ստեղծել են հենց շրջանային հեռուստաալիքների սեփականատերերը՝ տեղեկատվություն տրամադրելով գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի մասին։ Այդ ալիքն ավելի բարձր վարկանիշ ունի և հեռարձակվում է մի քանի շրջաններում։
Կոմերցիոն ալիքները աշխատում են արտադրողների ու ձեռնարկատերերի հետ։ Չի՞ ստացվում միայն գովազդային բովանդակություն։
Ձեռնարկատիրությունների հետ սերտ համագործակցությունը ցույց է տալիս, որ նրանք հասկանում են ոլորտում լրատվության ու կրթության կարևորությունը։
Ենթադրենք՝ ինչպե՞ս կարող է զարգանալ մեղվաբուծությունը, եթե դրանով զբաղվողները չիմանան, թե ինչ գիտելիքներ ու միջոցներն են անհրաժեշտ լավ մեղր ստանալու համար։ Նրանք էլ, ըստ պահանջարկի, փորձում են լրացնել բացերն ու, միաժամանակ, շահույթ ստանալ։
Ոլորտը մասամբ հիմնված է ընթերցողին լուծումներ առաջարկելու վրա։ Արդյո՞ք լուծումներ առաջարկող մասնագետները Վրաստանում շատ են։
Բարձրորակ մասնագետները ոլորտում քիչ են, ինչից էլ բխում է մեր գործունեության երրորդ ուղղությունը՝ համալսարանների ու կրթօջախների հետ աշխատանքը։ Հիմնականում փորձում ենք բացը լրացնել դրսի մասնագետներով, սակայն այդ դեպքում էլ իրենց գիտելիքը պետք է լինում ադապտացնել տեղականին։
Այս պահին որո՞նք են Վրաստանի ամենաարդիական ագրարային թեմաներն ու խնդիրները։
2021-ի լուրջ խնդիրը մեծ ՀԷԿ-ի կառուցումն է, որի շինարարական աշխատանքները դադարեցրել են։ Այն վատ էր անդրադառնում շրջակայքի գյուղատնտեսության, հատկապես, խաղողագործության վրա։ Այս թեման լուսաբանելիս փորձել ենք խորապես հասկանալ խնդրի էությունն ու ենթադրել, թե ՀԷԿ-ը գործարկելիս ինչ կլինի ու ինչ կարելի է դրանից ստանալ, կամ՝ ինչ այլընտրանքային տարբերակներ կան այն չկառուցելու համար:
Վրաստանում շատ արդիական է մեղվաբուծությունը, ինչը պայմանավորված է Եվրոպայից վրացական մեղրի հանդեպ աճող հետաքրքրությամբ, իհարկե, խաղողագործությունը, և վերջերս մեծացել է նաև կաթնամթերքի արտադրության ծավալը:
Հայաստանի լրատվամիջոցների հետ համագործակցու՞մ եք։
Սկզբից համագործակցել ենք հայկական ALT TV-ի հետ։ Միասին ստեղծել ենք ռեպորտաժներ, որոնք հետաքրքիր էին նաև վրացի սպառողին։ Օրինակ, Հայաստանում թարխունի աճեցման մասին նյութը ունեցել է անհավանական շատ դիտումներ։
Մարդկանց հետաքրքրում է նաև սահամանմերձ շրջանների բնակիչների համագործակցություններն ու փորձի փոխանակումները։
Հիմա ուզում ենք աշխատել Հայաստանի համալսարանների հետ, որտեղ կդասավանդեն ագրոլրագրություն կամ ագրոկոմունիկացիա։ Հետաքրքիր կլինի մեր փորձը կիրառել նաև այստեղ։
Հարցազրույցը Քրիստիան Գինոսյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: