2021.10.14,

Ստուգված է

Դատական բարեփոխումներ. hեղափոխական խոստումներից ռազմավարական խոստումներ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Արագ ռեֆորմները ձախողված ռեֆորմներն են»․ 2019-ի հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց դատական բարեփոխումների հարցում դանդաղելու մեղադրանքներին: Դրանից մեկ ամիս առաջ՝ մայիսի 20-ին, նա հայտարարել էր, որ պետք է սահմանադրական փոփոխություններ արվեն, եթե դրանք անհրաժեշտ լինեն իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար։ Իսկ արդեն 2019-ի հուլիսին վարչապետն ասաց, որ ճիշտ չի համարում Սահմանադրության հաճախակի փոփոխությունները, և Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը կարող է սխալ մեկնաբանությունների առիթ տալ։

Ծրագիրը սկզբում 

2018թ․ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխման մասին խոսեց այդ տարվա օգոստոսին՝ պաշտոնավարման 100 օրվա հանրահավաքին։ Սակայն գործընթացն ակտիվացավ 2019-ի մայիսի 20-ին, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց երկու օր անց, երբ վարչապետը կոչ արեց քաղաքացիներին շրջափակել դատարանների շենքերը և թույլ չտալ դատավորներին մուտք գործել դատարաններ։ Հետո նա  խորհրդակցություն հրավիրեց ու առաջին անգամ խոսեց դատական համակարգի վեթինգի մասին։ Վեթինգը, սակայն, ինչպես Արդարադատության նախարարությունից էին  պատճառաբանում, հնարավոր չեղավ իրականացնել, քանի որ Սահմանադրությունը թույլ չէր տալիս։ 

Հոկտեմբերին Փաշինյանը կառավարության նիստին ասաց՝ «քանի որ վեթինգ բառն ալերգիաներ էր առաջացնում, որոշեցինք վերնագիրը փոխել»։ Բարեփոխումները, այդպիսով, չիրականացան։ Գոնե այն տեսքով, որով հայտարարվել էին։

Դատաիրավական բարեփոխումներին ուղեկցող մոլորեցնող լուրերը

Դատական համակարգում փոփոխությունների հետ կապված իրադարձությունները անցած մի քանի տարիներին տարբեր քաղաքական ուժերի կողմից մանիպուլյացիաների առիթներ են դարձել։

Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավոր

Վահե Գրիգորյանը 2019-ի հունիսին հինգերորդ փորձից ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 

ԱԺ-ի իր ելույթում նա հայտարարեց, որ կստանձնի նաև ՍԴ նախագահի պաշտոնը՝ այդպիսով վերջ դնելով նաև Հրայր Թովմասյանի «իշխանությանը»։ Նա իր խոսքերը այս սխեմայով էր բացատրում՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 62-րդ հոդվածը ենթադրում է, որ ՍԴ որոշումները կայացնում են դատավորները (և ոչ անդամները), մինչդեռ ՍԴ-ում իներցիայի ուժով «Սահմանադրական դատարանի անդամ» պաշտոնը պահպանվել է անգամ փոփոխություններից հետո։ 

Սա օրենքի խիստ տեխնիկական մեկնաբանություն էր, որն իրավական կիրառում չունեցավ։ Մամուլը, միևնույն է, հղում անելով այդ հայտարարությանը, գրեց, թե Վահե Գրիգորյանը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։

ՍԴ անդամ, թե՝ դատավոր, էությունը նույնն է։ 213-րդ հոդվածը փաստացի ենթադրում է, որ Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր:

Ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանի հասցեին հնչող մեղադրանքները նոր թափ ստացան, չնայած Գրիգորյանն ինքն էր հաճախ սխալ տեղեկություններ տարածում։

❌ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, օրինակ, 2019-ի սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընտրությունն օրենքների խախտումով է եղել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նրա առաջադրումը ևս հակաօրինական էր համարել, քանի որ նախագահը երկրորդ անգամ էր ներկայացրել միևնույն անձի թեկնածությունը։

Մինչդեռ սա օրենքի մեկնաբանության հարց է։ Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու, սակայն միևնույն անձի՝ տվյալ դեպքում Վահե Գրիգորյանի, կրկին առաջադրումը օրենքը նաև չի արգելում։ 

❌Pastinfo.am-ը փետրվարի 13-ին գրել էր, որ Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործուղումների՝ հարկատուների հաշվին։ Պնդման հետքերով գնացել էր FIP.am-ը և պարզել, որ Գրիգորյանի այցը բյուջեի հաշվին չի եղել, սակայն վերջինս խախտել էր ՍԴ աշխատակարգի կարգավորումները։

❌Մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի, բայց օգտվել է ծառայողական ավտոմեքենայից, բենզինից, պարգևավճարից ու աշխատավարձից: Ֆեյսբուքյան գրառմամբ Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից բացի, այլ արտոնությունից չի օգտվում։ Լուրը հերքել էր նաև ՀՀ կառավորությունը։

Սակայն ՍԴ-ն, FIP.am-ի հարցման ի պատասխան, նշել էր, որ հուլիսից մինչև նոյեմբեր ընկած հատվածում, Գրիգորյանը 5 անգամ պարգևատրվել է՝ ընդհանուր 1.190.500 դրամի չափով։ Ծառայողական մեքենա Գրիգորյանին ևս տրամադրվել էր, սակայն անսարքության պատճառով այն գտնվել էր վերանորոգման մեջ, ապա վերստին հատկացվել նրան։

Միջազգային կառույցների՝ տեղայնացված հայտարարությունները

❌Դատարանների շրջափակման հայտարարությունից հետո հայկական մամուլում տարածվեց Freedom House-ի հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենքանի թվիթերյան քննադատական գրառումը`Փաշինյանի հասցեին։

Շատ լրատվականներ այս գրառումը ներկայացրին որպես Freedom House-ի պաշտոնական հայտարարություն, թեպետ կառույցը այդ առիթով դեռ դիրքորոշում չէր հայտնել։

Մեկ այլ դեպքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցողները 2020-ին հունվարի 31-ին Հայաստանում ինստիտուտների միջև բարձր լարվածության մասին հայտարարություն արեցին։ Ըստ քաղաքական նախասիրությունների՝ այդ հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանվեց։

❌Օրինակ Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը գրառմամբ ողջունել էր ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը՝ մեջբերելով տեքստից մի փոքր հատված, որտեղ համազեկուցողները նշել էին, որ մինչ այդ պահը կառավարությունն ու խորհրդարանը հետևել են իրավական գործընթացներին:

❌Tert.am-ը գրեթե ամբողջական թարգմանել էր տեքստը՝ բաց թողնելով միտքը, որ դատական համակարգի հանդեպ մինչև այդ ևս վստահությունը ցածր էր։ Նյութում բացակայում էր նաև Բադասյանի մեջբերած հատվածը, որ մինչև այդ պահը կառավարությունը և ԱԺ-ն պահպանել են իրավական ընթացակարգերը։

Ինչ իրավիճակ է հիմա

2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ընդունվել են դատական և իրավական բարեփոխումների երեք ռազմավարություններ. առաջինն ընդգրկել է 2009-2011 թվականները, երկրորդը՝ 2012-2017-ը։

2019-ին ընդունվեց  2019-2023-ն ընդգրկող նոր ռազմավարությունը, որում կառավարությունը հատուկ կարևորել է դատական իշխանության բարձր վարձատրության և թվակազմի ավելացման հարցը՝ որպես դատական իշխանության անկախության երաշխիք։

Կարևոր է, որ խոսքը վերաբերում է բոլոր դատավորներին՝ առանց բացառության։ Մինչև հիմա կատարված օրենսդրական փոփոխություններով բարձրացվել են Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների առանձին դատավորների աշխատավարձերը՝ դրույքաչափի 70 և 60 տոկոսի չափով։ Չնայած ռազմավարության այս գործողությունը կատարվել է մասնակի, Արդարադատության նախարարությունը 2020 թվականի կիսամյակային հաշվետվության մեջ այն նշել է՝ որպես լիարժեք կատարված։

Ինչ վերաբերում է դատավորների թվակազմին՝ կառավարությունը 2021-ի հուլիսի 8-ի որոշեց 20-ով ավելացնել նրանց թիվը՝ 8 դատավոր Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, մեկական դատավորներ՝ յուրաքանչյուր մարզում, 3 դատավոր Վերաքննիչ քրեական դատարանում։ Չնայած այս փոփոխություններին, Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամներից ամենաքիչ դատավորներ ունեցող երկրներից մեկը։ Ընդամենը 236 գործող դատավոր և 33 թափուր հաստիք։ 

Շուրջ 4 տարի է՝ դատավորների թեկնածուների ցուցակը ամբողջությամբ չի համալրվում։ Վարչապետ Փաշինյանը այս «նիդաբոռը» բացատրել էր ցածր աշխատավարձերով։  2019 թվականի դրությամբ ՀՀ յու­րա­քանչ­յուր 100.000 բնակ­չի համար դատավորների թիվը կազմել է մոտ 8-ը։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Լատվիայում նույնքան բնակ­չի հա­մար դա­տա­վոր­նե­րի թվաքա­նա­կը կազ­մել է 24, Լիտվայում՝ 26, Մակեդոնիայում` 30։

Ռազմավարությունում կարևորվել է նաև հանրության մոտ դատական իշխանության նկատմամաբ վստահության բարձրացումը։ Արդյունքներն ամփոփելիս՝ վարչապետի աշխատակազմը նշել է, որ բարձրացել է հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին կիսամյակային հաշվետվությունում այս պահանջը համարել է լիարժեք կատարված, սակայն ինչ միջոցառումներ են իրականացվել և ինչպես է չափվել վստահության բարձրացումը, պարզ չէ։

Քաղաքական պայքարի առիթ դարձած դատաիրավական բարեփոխումներն այժմ ընթանում են ոչ այն տեսքով, որով խոստացել էր կառավարությունը։ Ծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ Հայաստանի դատական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը, դրա հետևանքով հաճախ խախտվում է ողջամիտ ժամկետում դատական գործերի քննության իրավունքը։ Միևնույն ժամանակ ոչ բոլոր դատավորների աշխատավարձն է բարձրացել, չնայած Արդարադատության նախարարությունը այդ խոստումը համարում է լիարժեք կատարված։ 

Հոդվածի ստեղծման համար օգտագործված աղբյուրներն ու մեթոդները

  • Հոդվածի պատրաստման համար օգտագործվել է Բարձրագույն դատական խորհրդի տարեկան հաղորդումը։
  • Հայաստանի իրավական տեղեկտվական համակարգը՝ arlis.am։
  • ՀՀ-ում դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունները՝ 2009-2011, 2012-2017, 2019-2023։
  • Արդարադատության նախարարության կիսամյակային հաշվետվությունները։
  • Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը՝ pace.coe.int։
  • «Ազատություն» ռադիոկայանի արխիվը։
  • Knightlab նախագծի Timeline գործիքը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *