Լինելով Հետք Մեդիա գործարանի առաջին շրջանավարտներից, հանգիստ կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում լրագրողական իմ գործունեությունն առանց GIS տեխնոլոգիաների։ Մենք դրանք ուսումնասիրել ենք մեկ կիսամյակ, կատարել ավարտական աշխատանքներ, որոնցից ամենագրավիչը ամերիկյան արբանյակներից Հայաստանի հողի մակերևույթի ջերմաստիճանների ստացումն էր։ Ի՞նչ տվեցին մեզ այդ տվյալները․․․ «Ընդամենը» պարզեցինք, որ 2017 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում նկատվել է հողի մակերևույթի ջերմաստիճանի մոտ 13°C-ի աճ, որին հետևելով, պատկան մարմինները կարող էին կանխատեսել «Խոսրովի անտառ» պետական ալգելոցի հրդեհը։
Ամփոփելով, թե ինչ տվյալների, աղբյուրների ու հմտությունների մասին է խոսքը, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS, Geographic Information Systems) և ջրային ռեսուրսների մասնագետ Ստեփան Խաչատրյանի հետ փորձել ենք տալ աշխարհում լրագրության մեջ լայնորեն կիրառվող ու հայկական մեդիա տիրույթ նոր մտած գործիքակազմի նկարագիրը։
Ի՞նչ է GIS-ը
«GIS-ը գիտություն է «որտեղի» մասին (անգլ․՝ Science of where)։ Այն աշխարհագրության ու թվային տեխնոլոգիաների սինթեզումն է»,- ասում է Ստեփան Խաչատրյանը։
Պարզ լեզվով ասած՝ GIS-ը նույն IT (ՏՏ, տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտն է, որի սկզբում ավելացնում ենք geo բառը՝ տարածականությունը։
Խաչատրյանի կարծիքով՝ GIS-ի արմատները լավ հասկանալու համար շատ կարևոր է դպրոցական տարիքում լավ սովորել աշխարհագրություն։
Առօրյայում մենք ինքներս օգտագործում ենք աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, ինչպիսիք են բազմատեսակ թվային քարտեզները (օրինակ՝ Google Maps), տաքսիների ու բոլոր այն ծառայությունները, որոնք արտացոլված են քարտեզների վրա։
«Գրեթե բոլոր պետական կառույցների կողմից անհամեմատ ավելացել է GIS-ի նկատմամբ հետաքրքրությունը»,- ասում է Խաչատրյանը։
Մինչ օրս այդ համակարգերը լայնորեն կիրառել և շարունակում են կիրառել Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մասնագետը կարծում է, որ GIS-ն անհրաժեշտություն է նաև Տարածքային կառավարման և Էկոնոմիկայի (ավելի շատ գյուղատնտեսության մասով) նախարարությունների համար։
«GIS համակարգի վրա պիտի հիմնված լինի կադաստրը, որը, իմ իմանալով, այս պահին ստեղծում է միասնական կադաստրային համակարգ, ինչը հենց ինտեգրված GIS-ն է ու պարունակելու է ամբողջ հանրապետության տարածական տվյալները»,- ասում է Ստեփան Խաչատրյանը։
Ի՞նչ է տալիս GIS-ը լրագրողին
• վիզուալիզացիա
Այն նախևառաջ պատկերների միջոցով պատմություն պատմելու գործիք է։ Շատ ու շատ համակարգչային դիզայնի ծրագրեր կան, որոնք այդ պատկերները ստանում են ավելի երկարատև և կրկնողական աշխատանքների դեպքում, ինչը GIS-ն անում է շատ արագ ու ավտոմատ։
• վերլուծելու հնարավորություններ
Երբեմն հետաքննող լրագրողին անհարաժեշտ է լինում հավաքած տվյալների վրա ինքնուրույն եզրակացություններ անել ու տեսնել՝ ինչ կապեր են ձևավորվում, ինչ բավանդակություն է երևում, այլ ոչ թե հիմնվի այլ կարծիքների վրա։
• տվյալների հավաքագրում
Շատ տվյալներ, եթե ոչ բոլոր տվյալները, բավական դանդաղ ու դժվար հավաքվող, ձեռք բերվող են և քանի որ չարժե, որ դրանք լինեն մեկանգամյա օգտագործման, լրագրողները կարող են այդ տվյալները հավաքել GIS-ում և հետագայում ևս կիրառել:
• փաստերի ստուգում
Հաճախ պետական մարմինները տվյալներ են հրապարակում, որոնց ճշգրտությունը կարողանում ենք միայն GIS-ի միջոցով պարզել։ Օրինակ՝ հետաքննություններից մեկի շրջանակներում Հետք Մեդիա գործարանի թիմը քարտեզների միջոցով պարզել է, որ Երևանի տարածքում գործող բենզալցակայանների 97%-ն աշխատում է շինարարական նորմերի կամ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով, թեև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տվյալները այլ էին։
Ամենատարածված GIS ծրագրերից է անվճար qGIS-ը, իսկ կոմերցիոններից՝ ArcGIS-ը, որն աշխարհում ամենաշատն են կիրառում։
GIS-ը հայկական մեդիայում
Հետք Մեդիա գործարանում դասավանդելը GIS-ը հայկական մեդիայում կիրառելու առաջին փորձն էր ու Ստեփան Խաչատրյանի խոսքով՝ շատ հետաքրքիր էր տեսնել, թե այդ գործիքը այս ոլորտում ինչ հնարավորություններ կարող էր ստեղծել։
«Լավագույն արդյունքներից մեկը Գործարանի ուսանողների հետազոտությունն էր ԱԺ ընտրությունների մասին։ Այն ունեցավ բավական մեծ հասարակական հետաքրքրություն, ինչը լավագույնս ապացուցեց այն, որ մեդիա ոլորտում GIS-ի կիրառությունը կարող է հեռանկարային իմաստ ունենալ»,- ասում է Խաչատրյանը:
Մեկ այլ հոդվածում Գործարանը կազմել էր ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են 2020 թվականի հայ-ադրբեջական պատերազմի ընթացքում հայտնաբերված աճյունների տեղանքը, թիվը և ամսաթիվը։
Բացի Գործարանում դասավանդելուց, Ստեփանն այնտեղ նաև մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում GIS-ի շուրջ հարցեր ունեցող տարբեր լրատվականների աշխատակիցներին և հաշվի առնելով այդ խորհրդատվությունների քանակը, կարելի է ասել, որ ինչ-որ չափով մեծացել է մեդիա աշխատակիցների կողմից այս համակարգի հանդեպ հետաքրքրությունը։
GIS-ը միջազգային մեդիայում
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը միջազգային ԶԼՄ-ներում նորություն չեն, այն վաղուց ամրապնդել է իր դիրքերն այդ ոլորտում։ «The New York Times» ու «The Washington Post»-ի պես խոշոր խմբագրություններն էլ արդեն տվյալների մշակման համար առանձին բաժիններ ունեն, որոնք թույլ են տալիս ամենաժամանակատար հատվածը նախօրոք անել ու թույլ տալ մեդիա աշխատակցին խուսափել այդ գործընթացից։
GIS-ը հաճախ են օգտագործում քովիդը տարբեր անկյուններից լուսաբանելիս։ 2020 թվականի մարտի 22-ին The New York Times-ը «Ինչպես վիրուսը դուրս թափանցեց» վերնագրով նյութ էր հրապարակել, որում չորս հոգանոց լրագրողների խումբը մշակել էր հարյուր միլիոնավոր մարդկանց տեղաշարժը, ցույց տվել, թե ինչն է դարձել «մարդկության պատմության ամենաերկար ձգված ճանապարհորդական արգելքների» պատճառը։
Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին ԱՄՆ-ում շատ ակտուալ էր Նահանգների և Մեքսիկայի միջև արտագաղթի սահմափակումները։ 2018-ին «The Washington Post»-ը ինտերակտիվ քարտեզի միջոցով ծանոթացրել էր պաշտոնական սահմանի «անտեսանելի» հատող գծի հետ։
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և տեղական լրագության հարաբերությունները նոր փուլ են մտնում․ այժմ Հետք մեդիա գործարանում ուսումնական երկրորդ տարին է՝ նոր ուսանողներով, որոնք GIS-ն ուսումնասիրելու են ամբողջ տարվա ընթացքում, էլ ավելի հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու համար։
Քրիստիան Գինոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: