2021.10.07,

Նյուսրում

Pandora Papers. արտահոսած տվյալների հետ աշխատանքը

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Եթե Պանդորան քեզ համար էլ է թանկարժեք զարդերի բրենդ կամ երաժշտության սթրիմինգային ծառայություն, ապա այսօրվա ամենաարդիական ու քննարկվող թեման՝ Pandora Papers-ը մի քանի հարց կարող է առաջացնել։

Pandora Papers-ը մեծահարուստների, հանրային անձնանց և պաշտոնյաների օֆշորային գաղտնիքներ պարունակող շատ մեծ ծավալով արտահոսած տեղեկությունների նախագիծ է, որի վրա աշխատում են աշխարհի 117 երկրներից ավելի քան 600 լրագրողներ։ Մինչ լրագրության պատմության ամենամեծ հետաքննության մասին մանրամասներին անցնելը, որն ICIJ-ն անվանել է օֆշորային տվյալների ցունամի, նախ հասկանանք, թե ինչու է այն կոչվում «Պանդորայի թղթեր»:

Մանրամասների մասին զրուցել ենք Հետքի լրագրող Վահե Սարուխանյանի հետ, որը մասնակցել է հետաքննությանն ու նախկին հայ պաշտոնյայի մասին բացահայտումներ արել:

Սկսենք ամենասկզբից․․․

Պանդորան հունական դիցաբանության առաջին իգական սեռի կերպարն է։ Առասպելի համաձայն՝ Պանդորան, հետաքրքրությունից ելնելով, գաղտնի բացել է ամուսնու հսկողությանը վստահված տուփը՝ մարդկության վրա անթիվ-անհամար անեծքներ թափելով։ Կարճ ասած՝ այս հաճախ կիրառվող սյուժեն խորհրդանշում է մեծ ու անսպասելի փորձանք կամ արժեքավոր թվացող, բայց, իրականում, չարիք պարունակող նվեր։ 

Ինչո՞ւ Pandora Papers

Ինչպես և հունական առասպելների մի շարք արտահայտություններ, Պանդորայի արկղը նույնպես դարձել է լայնորեն կիրառվող դարձվածք, որը նշանակում է շատ խնդիրներ առաջացնող գործընթաց։ Հենց այդ պատճառով էլ ատահոսած թղթերի ամբողջությունը կոչվել է Պանդորայի թղթեր, «քանի որ գտածոները լույս են սփռում էլիտայի և կոռումպացվածների նախկինում թաքնված գործարքների վրա»:

Հետքի փորձը

Հետաքննող լրագրողների միջազգային համընկերության (International Concortium of Investigative Journalists) տիրապետության տակ գնտվող արտահոսած տվյալների հետ Հայաստանից աշխատում է Հետքը, որի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նաև ICIJ-ի անդամ է։ 

Բաղդասարյանն ու Վահե Սարուխանյանը  համարյա վստահ էին, որ փաստաթղթերում Հայաստանից մարդ կգտնեն, քանի որ ունեին արդեն Պանամայի փաստաթղթերի փորձը, որը ծավալով զիջում էր այս մեկին: Պանամայի փաստաթղթերի արտահոսքի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյա Միհրան Պողոսյանը հայտնվել էր մեծ սկանդալի կենտրոնում:

Հոկտեմբերի 3-ին իր գոյության մասին իմաց տված Pandora Papers-ի մաս կազմող «Օֆշորներում թափառող հայկական հանքերը» հետաքննության վրա աշխատել են շուրջ 4 ամիս: Այն պատմում է նախկին պաշտոնյա Վարդան Այվազյանի ապօրինաբար ձեռք բերած հանքերի ու դրանք օֆշորային գոտում վաճառելու մասին:

«Մենք այդ փաստաթղթերում մի հոգու մասին տեղեկություններ էինք գտել, աշխատել նյութի վրա, բայց պատերազմական ու քաղաքական զարգացումներով պայմանավորված, որոշեցինք փոխել հերոսին` ընտրելով Վարդան Այվազյանին»,- ասում է Սարուխանյանը, հավելելով, որ արդեն պատկերացնում են, թե ում մասին երբ և ինչ ձևով են գրելու, որովհետև Այվազյանը միակ նախկին  պաշտոնյան չէ այդ փաստաթղթերում:

Արտահոսած փաստաթղթերի հետ աշխատելու առանձնահատկությունները

Նման տեղեկատվության հետ գործ ունենալն իր կանոններն է թելադրում լրագրողին. աշխատանքը դանդաղ ու մանրակրկիտ է և պահանջում է խիստ գաղտնիություն (ինչպես և յուրաքանչյուր հետաքննություն): 

Վահե Սարուխանյանի համար ամենադժվարը փաստաթղթերում տեղ գտած պաշտոնյաներից մեկնաբանություններ ստանալն է. 

«Երբ թեմադ Օֆշորի հետ առնչություն  ունեցող  պաշտոնյաների ու օլիգարխների մասին է (նախկին-ներկա՝ կապ չունի),  նրանք բոժոժի մեջ են մտնում ու պատնեշ ստեղծում իրենց ու լրագրողի միջև: Նրանց թվում է, թե տված յուրաքանչյուր մեկնաբանություն իրենց է վնասելու: Այդպես է վարվում նաև Ալիևը, ով թքած ունի, թե իր մասին ով և ինչ է գրում, քանի  որ առաջնորդվում ու քարոզում է այն թեզը, իբր այդ ամենն անողները Ադրբեջանի թշնամիներն են»: 

Արտահոսած փաստաթղթերի հետ աշխատելու ռիսկերից Սարուխանյանն առանձնացնում է այն հնարավոր անցանկալի խոչնդոտները, որոնք կարող են առաջանալ, ասենք, գործին ծանոթներ խառնելու, չհրապարակելու նպատակով բանակցելու եզրեր փնտրելու տեսքով: 

«Մենք այս փաստաթղթերի հետ աշխատելիս ազատության որևէ սսահմանափակում չենք ունեցել և չեմ կարծում, որ կունենանք»,- ասում է հետաքննող լրագրողը:

Pandora Papers-ի վրա Հետքն աշխատում է  արդեն 1 տարի, գաղտնի պայմաններում, հարցումներ ուղարկելիս առանց նախագծի մասին նշելու: Այսինքն` հարցումը ստացողը գիտեր, որ ICIJ-ն իր մասին փաստաթուղթ է գտել ու դրա մասին է գրում, բայց չգիտեր, որ այն  միլիոնավոր փաստաթղթերի մի մասն է:

Ավելի քան 600 լրագրողների թիմը գարնանն արդեն որոշել էր, որ այս ամենը հրապարակվելու է հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնի ժամով 12:30 (Երևանի ժամով` 20:30): Օրվա ընտրությունը պայմանավորված էր մի շարք երկրներում տարբեր ընտրությունների անցկացմամբ, որպեսզի ոչ մի կերպ մեկը մյուսին չխանգարեր: 

Pandora Papers-ի մասին, առանց անվանումը նշելու, խմբագրությունները կարող էին հայտարարել ամսվա երրորդ օրվանից 48 ժամ առաջ, իսկ արդեն անվանումը հանրայնացնելով` 24 ժամ:

Արտահոսած տվյալները վստահելի՞ են

Եթե քեզ մոտ արտահոսած փաստաթղթերի իրավացիության մասին հարցեր են առաջանում, ապա իմացիր, որ դրանց մեծ մասը սկանավորված թղթեր են` նոտարական կնիքներով, նոտարի անձնական տվյալներով և այլն: 

«Կարևոր է, թե որ կազմակերպության ձեռքի տակով են անցնում այդ փաստաթղթերը: ICIJ-ն շատ լուրջ հետաքննական ցանց է, որը սերտորեն համագործակցում է Washington Post-ի, BBC-ի, Guardian-ի և մի շարք այլ հեղինակավոր պարբերականների հետ, որոնք ունեն փաստերի ստուգման չափազանց մեծ ռեսուրսներ ու ցանցեր»,- ասում է Սարուխանյանը:

Այնպես որ իմացիր, որ չվստահելով այս արտահոսած փսստաթղթերին` կասկածի տակ ես դնում նաև բոլոր այդ լրատվականներին:

Թվեր սիրողների համար նշենք, որ Pandora Papers-ը պարունակում է 2,9 տերաբայթ ծավալով արտահոսած տվյալ, որի մեջ կա 11,9 միլիոն ֆայլ: Դրանցից 6,4 միլիոնը սկանավորված փաստաթղթեր են, շուրջ 3 միլիոնը` լուսանկարներ, 1,2 միլիոնը` փոստային նամակագրություն, կան նաև հազարավոր տեսագրություններ ու ձայնագրություններ:

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *