Նախագահական ընտրություններում նախընտրական քարոզարշավին վանաձորյան չորս հեռուստաընկերություններից մասնակցում են երկուսը` «Լոռի»-ն եւ «Ֆորտունա»-ն: «Միգ»-ն ու «9-րդ ալիք»-ը նախընտրական քարոզչական եթեր չունեն:
«Ոչ մի տեսակ եթեր թեկնածուներին կամ նրանց շտաբերին չենք տրամադրում»,- ասում է «9-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Լիլյա Աբրահամյանը: Նա նշում է, որ իրենք, որպես հեռուստաընկերություն, երբեք համապետական ընտրություններին չեն մասնակցում:
«Պարզապես ցանկություն չկա»,- ասում է Լիլյա Աբրահամյանը՝ ավելացնելով՝ «չմասնակցելով՝ օբյեկտիվություն ենք պահպանում»:
«Միգ» հեռուտաընկերությունն էլ ընդհանրապես չի լուսաբանում նախագահական ընտրությունները:
«Եթերային հեռարձակմամբ չենք մասնակցում, նպատակահարմար չէ: Անկեղծ`շատ անհարմար է ու դժվար»,- ասում է «Միգ»-ի տնօրեն Սամվել Հարությունյանը` չմանրամասնելով իր նշած դժվարությունները:
Լոռու մարզում հեռարձակման արտոնագիր ունեցող «Ֆորտունա» հեռուստաընկերությունը, օրենքի համաձայն, հայտարարել է իրենց եթերում քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը՝ 3750 դրամ: Սակայն «Ֆորտունա»-ի տնօրեն Կարեն Արշակյանն ասում է, որ առայժմ նախագահի թեկնածուներից ոչ մեկից քաղաքական գովազդի պատվեր չունեն:
Ի տարբերություն վանաձորյան մյուս հեռուստաընկերությունների` «Լոռին» ակտիվ աշխատում է: Վճարովի եթերի 1 րոպեի արժեքը շաբաթվա առաջին 6 օրերին ժամը 18:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում 4400 դրամ է, իսկ եթերաժամանակի մյուս գոտիներում` 2200 դրամ:
«Լոռի»-ն պայմանագրեր ունի նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ: Թեկնածուների քարոզչական հաղորդումներն ու գովազդային հոլովակները տեղադրվում են «Լոռի»-ի վճարովի եթերաժամանակում` երեկոյան ժամը 21:30-ից հետո:
Ինտենսիվ աշխատում է «Լոռի»-ի լրատվական ծառայությունը:
«Հեռուստաընկերության առաքելությունը ոչ միայն քաղաքական գովազդ կամ քարոզչական հաղորդումներ գումարով տեղադրելն է, այլ առաջին հերթին լրատվական ծրագրերում թեկնածուներին լուսաբանելը»,- ասում է հեռուտաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: