2021.09.30,

Ստուգված է

«5-րդ ալիքը» Հայկոյի հարազատների հետ չի զրուցել․ սունկ կայքերի կեղծիքը*

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Կորոնավիրուսային վարակի պատճառով սեպտեմբերի 29-ին մահացավ Հայաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյանը)։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր Բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ 

Մահվան լուրից կարճ ժամանակ անց ֆեյսբուքում քննարկումներ սկսեցին այն մասին, որ արտիստը մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ կորոնավիրուսային պատվաստանյութից։ 

Ի պատասխան այդ լուրերի՝ Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառում արեց՝ «… երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»:

Խոսակցություններն այս գրառումից հետո չէին դադարում, քանի որ գերատեսչությունը չէր պատասխանել գլխավոր հարցին՝ պատվաստվե՞լ է Հայկոն, թե՞ ոչ։ Նախարարությունը արտիստի պատվաստված լինելու կամ չլինելու տեղեկությունը չէր հանրայնացնում, քանի որ այն բժշկական գաղտնիք է։ 

Նախարարության գրառումից մոտ մեկ ժամ անց Շուշան Դանիելյանը, ներողություն խնդրելով արտիստի հարազատներից՝ անձնական տվյալ հրապարակելու համար, գրեց, որ Հայկոյի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել։

 

Ավելի ուշ շահարկումների նոր փուլ սկսեց, որին ակտիվորեն մասնակցում էին սունկ կայքերն ու նրանց ֆեյսբուքյան էջերը։ Մասնավորապես գրում էին, թե Հայկ Հակոբյանի հարազատներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ասել է․

«Բժիշկները գնում գալիս էին ասում Հայկ ջան պատվաստվի հաստատ կօգնի, Հայկս չէր ուզում։ Չգիտեմ ինչ են արել, առանց ասելու պատվաստել են թե չէ, բայց դրանք շատ էին ուզում Հայկիս էտ դեղը սրսկեին»։

Նման հարցազրույց, սակայն, «5-րդ ալիքում» չէր հայտնվել  ողջ օրվա ընթացքում։ Ավելին, հեռուստատեսության «Հայլուրի» երեկոյան եթերում հաղորդավար Տարոն Կոխլիկյանը հայտնեց, որ համացանցում տարածվող տեղեկությունները, թե «5-րդ ալիքը» զրուցել է Հայկոյի հարազատների հետ, կեղծ են։ « «5-րդ ալիքը» երբեք չի զրուցել երգչի հարազատների հետ»։

Ամփոփելով հավաքագրված տվյալները՝ փաստենք, որ Հայկոյի մահվան պատճառը չէր կարող լինել պատվաստանյութը, քանի որ վերջինս չէր պատվաստվել։ Նրա պատվաստման մասին լուրերը տարածվել են անհայտ աղբյուրներից՝ առանց որևէ փաստի ներկայացման։ Երգչի հարազատների անունից տարածվող մեջբերումները ևս հորինված են, քանի որ «5-րդ ալիք»-ը նրանցից որևէ մեկի հետ հարցազրույց չի ունեցել։

Օֆելյա Սիմոնյան

* Հոդվածի վերնագիրը փոփոխվել է։ Առաջին ձևակերպմամբ վերնագիրն այսպիսին էր՝ «Տեղեկությունը, թե «5-րդ ալիքը» Հայկոյի հարազատների հետ զրուցել է, կեղծ է»։ Media.am-ը ընթերցողներից մեկնաբանություններ ստացավ, թե այս ձևակերպմամբ թյուրիմացաբար կարող է հասկացվել, թե կեղծ տեղեկությունը տարածում է «5-րդ ալիքը»։ Այնինչ, «5-րդ ալիքի» վերաբերյալ կեղծ տեղեկություն են տարածում սունկ կայքերը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *