2021.07.30,

Նյուսրում

Գովազդի վերադարձը Հանրայինի եթեր․ թվեր ու կանխատեսումներ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստաընկերությունը կանխատեսում է 2021թ-ի ավարտին սեփական բյուջեում մինչև 350 մլն դրամի գովազդային մուտքեր ապահովել։ Այս մասին Media.am-ին տեղեկացրել են հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գովազդից եկամուտները Հանրայինում թվերով

2020թ-ին, երբ քննարկվում էր հեռուստաընկերությանը կրկին գովազդ տեղադրելու հնարավորություն տալու հարցը, ակնկալվում էր տարեկան մոտ 250 մլն դրամ հավելյալ գումար։ Այն ուղղվելու էր լրատվամիջոցի կարիքներին, որպեսզի պետական բյուջեի բեռը որոշակիորեն թեթևանար։

2020թ-ին Հանրային հեռուստաընկերությունը գովազդից և հովանավորչությունից ստացել է մոտ 128 մլմ դրամ։ 2019թ-ին, երբ դեռ գովազդի հնարավորություն չկար, ստացվել է 107 մլն դրամի հասույթ։

Հանրայինի ուղարկած մեր հարցերի պատասխաններում ասվում է, որ գովազդից ստացված միջոցների մի մասը հեռուստաընկերությունն օգտագործելու է շենքային պայմանների և այլ ենթակառուցվածքների բարելավման համար, մյուսն էլ ուղղվելու է տեխնիկական վերազինմանը, քանի որ գործընթացը մշտական է և ժամանակ առ ժամանակ  մեծ ներդրումների կարիք ունի։

Ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների Հանրայինում գովազդի տեղադրումը ժամանակային լուրջ սահմանափակումներ ունի՝ մեկ եթերային ժամի ընթացքում կարող է հեռարձակվել մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ։ Հանրայինին արգելվում է նաև հեռարձակել վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը, բացառությամբ հովանավորության դեպքերի:

Մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում, ըստ Գովազդի մասին օրենքի,  արգելվում է հեռարձակել հեռուստատեսային հաղորդման ընթացքում  յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ: 

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը պատմում է, որ իրենք ձևակերպել են «Առաջին ալիքի» առևտրային գործունեության սկզբունքները, համաձայն որի հեռուստաընկերությունը շահույթ է հետապնդում միայն այն չափով, որը  չի հակասում նրա հիմնական առաքելությանը և միաժամանակ առկա է այդպիսի շահույթ ստանալու բնական առիթ (օրինակ՝ Օլիմպական խաղեր, «Եվրատեսիլի» մրցույթ  և այլն), ինչպես նաև պահպանում է մեկ ժամում հինգ րոպե գովազդ ցուցադրելու սահմանափակումը։ 

Մյուս կողմից, ըստ նրա, գովազդատուներն իրենց արտադրանքը հանրայնացնելու համար պետք է հնարավորություն ունենան այն իրենց նախընտրած մեդիայով գովազդելու։

«Ի դեպ, այդ հինգ րոպեն Հանրայինն այսօր դեռ չի լրացնում ամբողջությամբ։ Այսինքն, հանրային տրամադրություններին համահունչ, կենսական նշանակության տեղեկատվության ստեղծումը երկրորդ պլան են մղում առևտրային շահույթ ստանալու ձգտումը»,-պարզաբանում է Շիրինյանը։

Այս պահին գովազդից ստացված գումարը Հանրայինի ծախսերի փոքր մասն է փակում։ 2020թ-ին Հանրայինին պետական բյուջեից հատկացվել է մոտ 6 մլրդ դրամ, սակայն Կորոնավիրուսի և Արցախյան պատերազմի հետևանքով կրճատված հաղորդումների գումարը՝ մոտ 300 մլն դրամ ուղղվել է պահուստային ֆոնդին։

«Հանրությունը պետք է իմանա, որ գովազդի հաշվին պետությունը անցյալ տարի կրճատել է Հանրայինի բյուջեն, ընդ որում ավելի շատ, քան գովազդից ստացված եկամուտն էր։ Դա մասամբ պայմանավորված էր համավարակի և պատերազմի հանգամանքներով»։

Գովազդային շուկայի ապակենտրոնացումը

Անցյալ տարի, քննարկումների ժամանակ ասվում էր, որ Հանրայինի գովազդ ունենալը զուտ ֆինանսական խնդիր չէր լուծելու, այլ կոտրելու էր գովազդային շուկայի կենտրոնացումը և մրցակցային պայմաններ ստեղծեր դաշտում։

Հանրայինից Media.am-ի հարցին ի պատասխան տեղեկացնում են, որ քանի որ հիմա գովազդ վաճառում են երկու կազմակերպություններ (sales house) դաշտը դարձել է հավասարակշռված և մրցակցային և դա հիմնավորում են գովազդային գործակալություններից եկող արձագանքներով։ 

Դաշտում գովազդի վաճառքով 2013թ-ից զբաղվում էր միայն մեկ կազմակերպություն` «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս»-ը։  Հանրայինի գովազդային շուկա մուտք գործելուց հետո սկսեց գործունեություն ծավալել երկրորդ վաճառողը՝ «Մեդիահաուզ Արմենիան»։

«Երբ անցյալ տարի Հանրայինին օրենքով վերադարձվեց գովազդ հեռարձակելու իրավունքը, շատերը կտրուկ ընդվզեցին, կասկածելով, որ կառավարությունն ուզում է զրկել մասնավոր հեռուստաընկերություններին գովազդային եկամուտներից` ուղղորդելով դրանք դեպի Հանրային։ Ինչպես տեսնում ենք, դա տեղի չունեցավ։»,-ասում է Արա Շիրինյանը։

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի կարծիքով գովազդային դաշտում, կարևոր են մասնագիտական ուսումնասիրությունները․ ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ պետք է հիմնել «ոլորտային կոմիտե»՝ հասարակական կառույց, որի կազմում կլինեն հեռուստաընկերությունների, գովազդատուների, գովազդ վաճառաողների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, որոնք կսահմանեն խաղի կանոնները և կվերահսկեն արդար մրցակցության սկզբունքները։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *