2013.01.22,

Քննադատ

Միասին եւ ուս ուսի

Հայաստանում վերստին նախընտրական եռուզեռ է, եւ ընտրապայքարը քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս, որպեսզի վերջիններս այս կամ այն չափով ինքնահաստատվեն:

Եւ, ինչպես միշտ, այս անգամ էլ ինքնադրսեւորվեցին եւ շարունակում են  ինքնադրսևորվել: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում, իհարկե:

Քաղաքական ու քաղաքացիական ակտիվության այս շրջանում  հնարավորինս ինքնադրսեւորվում են նաեւ լրատվամիջոցներն ու լրագրողները, եւ վերստին` յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում:

Այսուհանդերձ, ինքնահաստատվելով ու ինքնադրսեւորվելով հանդերձ, մեր քաղաքական գործիչներն այս անգամ էլ աչքի չեն ընկնում նորարարությամբ ու մտքի թարմությամբ եւ իրենց նախկին ու արդեն բորբոսնած երգերն են երգում խորհրդարական ու վարչապետական հանրապետության, հարյուրտոկոսանոց համամասնական ընտրությունների եւ այլնի վերաբերյալ:

Չնայած էս կրկներգերի բուն կատարողները կուսակցական ու  քաղաքական գործիչներն են, այդուհանդերձ, այս կրկնվող  երգասացության մեջ լրագրողներն էլ մեղքի իրենց շոշափելի բաժինն ունեն, որովհետեւ եթե ժամանակին քաղաքականների էս տեսակ մեյմունությունները ոնց որ պետք է ծաղրի ենթարկվեին ու ձեռ առնվեին, հիմա դժվար թե դրանք էսպես նույնությամբ կրկնվեին։

Մինչդեռ լրագրողները ժամանակին սրանց էս անհեթեթությունները ոչ միայն ծաղրի չեն ենթարկել, այլեւ իրենք էլ իրենց հերթին են դրանց էդ անհեթեթ կտերը կտցահարել։

Եւ, ցավոք սրտի, հիմա` էս պահին էլ են նույնը շարունակում. այսինքն, լրագրողները փոխանակ իրենց քաղաքական ու թեմատիկ մենյուն թելադրեն քաղաքականներին, իրենք են վերջիններիս աջուձախ թափթփած կտերը կտցահարում։

Եւ եթե լրագրողները երբեմն- երբեմն կամ հաճախակի հեգնանքով են խոսում քաղաքականների հետ կամ քաղաքականների մասին, դա ամենեւին չի նշանակում թե` իրենք են իրավիճակի տերը կամ իրենք են իրավիճակը թելադրում։

Եւ եթե ծուռ նստենք ու փորձենք շիտակ խոսել, լրագրողի ու քաղաքականի միջեւ թելադրողի ու թելադրվողի խնդիր ընդհանրապես չպիտի գոյություն ունենար, որովհետեւ էս երկուսը մրցակիցներ ու կոնկուրենտներ չեն, բայց քանի որ երկուսի խնդիրն էլ ոչ թե քաղաքանությունն է, այլ` ժողովրդին ու ընթերցողին սիրաշահելն եւ հաճոյանալը, երկուսն էլ մի գլուխ սիրաշահում ու հաճոյանում են` համոզված, որ շարքային ընթերցողն էս նրբությունները չի հասկանում։

Եւ իրոք չի հասկանում, որովհետեւ շարքային ընթերցողի մտքում որեւէ կերպ չի տեղավորվում, որ քաղաքականությունը մանրմունր խորամանկություններից ու տրյուկներից բաղկացած մարտարվեստ է, որտեղ ամենից շատ ու ամենից լավ խաբողն է հաղթողի դափնիները կորզում, եւ շարքային ընթերցողն առավել եւս չի պատկերացնում, որ լրագրությունն էլ կարող է մանրմունր խորամանկություններից բաղկացած լինել։

Եւ հիմա, երբ ամենահեղափոխական զանգվածներն անգամ հասկացել են, որ քաղաքականության հետ չնչին առնչություն անգամ չունեն, լրագրողների նկարագիրը շարունակում է բարոյականության ու սկզբունքայնության ծիրերում շողշողալ։

Եւ դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ ամեն ինչից ձեռ քաշած ընթերցոզը մարդ է փնտրում, որին գոնե մի քիչ հավատա, եւ այդ մարդը, փաստորեն, լրագրողն է։

Եւ շատ հաճախ լրագրողն ինքն էլ չի ենթադրում, որ այդ մարդն ինքն է, եւ չենթադրելով` շատ հաճախ ինքը ոչ թե իրադարձությունների առջեւից է ընթանում, այլ` հետեւից, մինչդեռ առջեւից ընթանալը պարտադիր է` մանավանդ մեր դեպքում, որովհետեւ մեր դեպքում քաղաքական գործիչների մի զգալի մասը քաղաքականության հետ ավելի քիչ կապ ունի, քան` լրագրողները, եւ լրագրողներից շատերն էդ մասին լավ էլ գիտեն։

Բայց լրագրողներից շատերն էդ մասին լավ իմանալով` գիտակցաբար մեր քաղաքական գործիչներին իրենցից առաջ են գցում, որպեսզի սրանց վարքուբարքն ու ասածները վերլուծելով` ընթերցողի մոտ կարծիք ստեղծեն, թե` մեր քաղաքականները լուրջ քաղաքականությամբ են զբաղված, եւ իրենք էլ սրանցով զբաղվելով` ինքնըստինքյան ու բնականաբար լուրջ քաղաքականությամբ են զբաղվում. եւ լուրջ քաղաքականությունն էլ այն է, թե` ինչու, այնուամենայնիվ, «Բարգավաճն» ու ՀԱԿ-ը հրաժարվեցին ընտրապայքարից, կամ` արդյոք ով կգրավի պատվավոր երկրորդ տեղը` Սերժ Սարգսյանից հետո։

Եւ քանի որ քննարկելու ու շահարկելու ավելի կարեւոր ու ավելի էական հարցեր չկան, էս ու էս կարգի հարցերի տարածքում ոչ միայն քաղաքական գործիչներն ու քաղաքական մեկնաբաններն են հարմարավետ տեղավորվում ու պարփակվում, այլեւ` լրագրողները։

Հենց տվյալ տարածքում են բոլոր ենթադրություններն ու եզրակացություններն արվում, եւ հիմա` էս պահին արվող ենթադրություններն ու եզրակացություններն էլ իրենց մակարդակով ու լրջությամբ առանձնապես տարբեր չեն, եւ եթե մեր քաղաքական գործիչներն առանձնապես չեն նպաստում, որպեսզի մեր լրագրողների քաղաքական մակարդակը դեպի լավը փոխվի, մեր լրագրողներն էլ չեն նպաստում, որպեսզի մեր քաղաքականների մտքերը որոշակի կամ գոնե որոշ լրջություն ու խորություն պարունակեն:

Փաստորեն, չենք աճում: Միասին եւ ուս-ուսի:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *