Չնայած մեր բազմաբարդ կյանքում մեզ շրջապատած խնդիրները չափազանց շատ ու բազմազան են, այդուհանդերձ, ես ամեն անգամ այդ խնդիրներին անդրադառնալիս այս կամ այն չափով անպայման նաեւ անդրադառնում եմ մեր լրագրության խնդիրներին` ոչ միայն այն պատճառով, որ սույն կայքի պատասխանատուների կողմից է այդպիսի պայման դրված, այլեւ ու հիմնականում այն պատճառով, որ մեր բազմաբարդ, բազմաժանր ու բազմասյուժե կյանքում լրագրությանն ու լրագրողներին բավական կարեւոր ու ընդգրկուն դերակատարություն է նախատեսված ու հատկացված։
Եւ դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ լրագրությունն ու լրագրողներն էն մարդիկ են, որոնց առաքելությունը մեր բազմաբարդ, բազմաժանր ու բազմասյուժե կյանքի ամենամութ անկյունների լուսավորումն ու ամենամութ անցուդարձերի լուսաբանումն է։
Եթե իրականում էս ասածներս մեր լրագրության ու մեր լրագրողների առաքելությունը դեռեւս չեն դարձել, հասարակության ու ընթերցողների գերակշիռ մասի կարծիքով վաղուց դարձած են, եւ հասարակության ու ընթերցողների մի զգալի մասի կարծիքով` լրագրողների մի զգալի մասը լավ էլ պատվով ու պատասխանատվությամբ կատարում է իր իսկ առաքելությունը։
Եւ իրականում էլ մեր լրագրողների մի զգալի մասն իր էդ առաքելությունը միանգամայն պատվով ու պատասխանատվությամբ է կատարում, եւ պատվով ու պատասխանատվությամբ կատարողները հիմնականում նրանք են, ովքեր հստակորեն հասկանում ու պատկերացնում են իրենց իսկ առաքելությունը։
Եւ բնականաբար, չկատարողներն էլ նրանք են, ովքեր ոչ միայն չեն կատարում էդ իրենց իսկ առաքելությունը, այլեւ մտքի ծայրով անգամ չեն անցկացրել թե` նման առաքելություն կա ու գոյություն ունի, եւ, համոզված եմ, լրագրողներից որոշների մոտ զարմանք եւ նույնիսկ ծիծաղ կառաջացնի, որ լրագրությանն ու լրագրողի մասնագիտությանն էս կարգի բարձունքներից եմ մոտենում ու վերաբերվում, որովհետեւ իրենք` գործող ու իսկական լրագրողները, ի տարբերություն չգործող տեսաբաններիս, առավոտից իրիկուն իրենց առաքելությամբ զբաղված լինելով` իրենց առաքելության մասին մտածելու ժամանակ անգամ չեն ունենում։
Եւ եթե ժամանակ էլ ունենային, էլի դժվար թե իրենց էդ բարձր առաքելության մասին մտածեին, որովհետեւ իսկական ու գործող լրագրողի համար լրագրությունն ամենօրյա ու նույնիսկ շուրջօրյա աշխատանք ու ապրելաձեւ է, ինչպես նաեւ` էություն։
Եթե լրագրողն ազնիվ, անկաշառ ու անշահախնդիր էություն է, ինքն ազնիվ, անկաշառ ու անշահախնդիր լինելու մասին առանձնապես չի էլ մտածում` ճիշտ այնպես, ինչպես ազնիվ, անկաշառ ու անշահախնդիր մարդն է ազնվորեն ապրում` առանց էդ մասին հատուկ մտածելու։
Եւ ինչպես որ ազնիվ ու անկաշառ մարդն այլ կերպ չի կարող ապրել, նույնպեսեւ ազնիվ ու անկաշառ լրագրողը չի կարող իր կյանքն ու իր աշխատանքն այլ կերպ պատկերացնել, եւ ընթերցող հասարակությունն էլ չի կարող իր կյանքն առանց լրագրության ու լրատվության պատկերացնել, որովհետեւ կյանքն առանց լրագրության եւ լրատվության նույնն է թե` բաց ծովում առանց կողմնացույցի նավորդես։
Եւ ինչքան էլ ընթերցողներից ոմանք ժամանակ առ ժամանակ դժգոհեն ու բողոքեն մեր ժամանակի լրագրությունից ու լրագրողներից, էսօրվա դրությամբ ամենից ավելի հենց էդ դժգոհողներն են լրագրության ու լրագրողների կարիքն ու պահանջը զգում։
Պաշտոնյայի, քաղաքական գործչի, մտավորականի, շարքային քաղաքացու եւ նույնիսկ լրագրողի մի տեսակ կա, որի համար օրվա մամուլն առնվազն աչքի անցկացնելն օդի ու ջրի պես անհրաժեշտություն է, եւ չնայած լրատվական կայքերն արդեն առոք-փառոք գրավել են թերթերի գրավելիք հիմնական տարածքը, էդ գրավյալ տարածքը լցնողներն էլ են հիմնականում մեր իմացած ու մեր ճանաչած լրագրողները։ Եւ հիմնականում նրանց փխրուն ուսերին է ծանրացած մեր օրաթերթերի ու լրատվական կայքերի տեղեկատվական ու բարոյախրատական հիմնական բեռը։
Եւ ողջ էդ ծանրությունը, որ կոչվում է լրագրություն, ձեւավորման ու կայացման միանգամայն լուրջ ընթացքի մեջ է, եւ եթե էդ ընթացքը ժամանակ առ ժամանակ լուրջ վայրիվերումներ է ունենում, դրա պատճառը ոչ միայն լրագրողներն են, այլեւ` պատվիրատուները, եւ պատվիրատու ասելով` նաեւ ու առաջին հերթին ընթերցողներին նկատի ունեմ, եւ ընթերցող ասելով էլ` բացառապես մասսայական ու անշահախնդիր ընթերցողին նկատի ունեմ, այլ ոչ թե` կուսակցականներին, ընդդիմադիրներին, իշխանամետներին, պաշտոնյաներին, պաշտոնաթողներին եւ այլ շահախնդիր ու շահագրգիռ խավերին, ինչպես նաեւ` մտավորականներին եւ նույնիսկ լրագրողներին։
Մինչդեռ իրականում ու մեր իրականության մեջ ճշմարիտ ու իսկական մտավորականը նրանք են, ովքեր մշտապես ու անշահախնդրորեն են հետեւում մեր իրականության մեջ տեղի ունեցող անցուդարձերին ու վայրիվերումներին, եւ էդ ամենին մշտապես ու աչալուրջ հետեւելով` նաեւ լրատվամիջոցներին ու լրագրողներին աչքաթող չեն անում, եւ սրանք ոչ միայն լրատվամիջոցների հիմնական սպառողներն են, այլեւ՝ մեր հիմնական ընտրազանգվածը։
Եւ չնայած իրենք մեր իրական մտավորականներն են, իրենց մասին խոսելիս առավել ընդգրկուն անվանում ենք տալիս` ժողովուրդ:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: