2021.07.19,

Խաչմերուկ

Պատերազմի գոտի․ սուբյեկտիվ խորհուրդներ լրագրողներին

Սեպտեմբերի 27-28-ի գիշերը Ստեփանակերտում լույսերը չէին վառվում։ Մեկումեջ հազվադեպ անցնող մեքենաներն էին փողոցները լուսավորում։ 

Ի տարբերություն 2016-ի Ապրիլյան պատերազմի, այս անգամ Ստեփանակերտը ևս թիրախում էր։ Անվտանգության «կղզի» էլ չկար։ Քաղաքի սրճարաններում և ռեստորաններում «հայրենասիրական պարտքը» կատարելու հնարավորությունն էլ էր բացակայում։

Շատ կարճ ժամանակում «կամուֆլյաժներով» Արցախի մայրաքաղաք եկած տուրիստական «սելֆի-բրիգադների» հիմնական մասը վերադարձավ Հայաստան։ 

Բռոնիկ/կասկա

Ապրիլյանին զրահաբաճկոն և սաղավարտ դեռ չունեինք։ Այս անգամ պատրաստ էինք։ Շատ և շատ լրագրողներ այս անգամ էլ չունեին. որոշ խմբագրություններ դրա մասին չէին մտածել կամ հնարավորություն չէին ունեցել դրանք ձեռք բերելու։  

Եթե պարզ ու հասարակ՝ ռազմական գործողությունների ժամանակ լրագրողները պետք է ունենան զրահաբաճկոն և սաղավարտ (այո, զինվորներից շատերն էլ չունեին): Եթե խմբագրությունը չի ապահովում այդ մինիմալ կենսական պահանջը, հավանաբար, պարզապես թղթակիցներ չպետք է ուղարկի ռազմական գործողությունների գոտի։ 

Իհարկե, լրագրողների (ինչպես նաև կամավորների և ոչ միայն) մի մասի մոտ կար նաև որոշոկի «ռոմանտիզմ», որը կապված էր հայրենասիրության, օգնելու, իրադարձությունների կիզակետում լինելու և այլ հանգամանքերի հետ։ Բայց զրահաբաճկոնը «զագառի կրեմ» չէ, որ ծով գնալուց չվերցնելը մեծ խնդիր չլինի կամ տեղում հեշտ լուծվի։

Լուսանկարի հեղինակ՝ Արամ Ներսեսյան

Կռվի ժամանակ լրագրողների մեծ մասը Ստեփանակերտում զրահաբաճկոն էր փնտրում։ Պատերազմի կեսից «բռոնիկը» համարյա սերտաճել էր մեր մարմնին։ Շատ քիչ էինք հանում, նույնիսկ համեմատաբար ապահով վայրում (նույնիսկ որոշ ասուլիսներին չէի հանում), քանի որ հաջորդ վայրկյանին պետք է շարժվեիր ինչ-որ տեղ։ Իսկ անվտանգ տեղ այլևս չկար։ Զրահաբաճկոնը ծանր էր, իհարկե, բայց տալիս էր (համեմատական) ապահովության զգացում։ 

N.B. Հիվանդանոցներ և հոսպիտալներ տեղափոխված վիրավորների մեծ մասը բեկորային վնասվածքներով էր։ 

P.S. Զրահաբաճկոնը, իհարկե, բացարձակ պաշտպանություն չէ, բայց մի տոկոս պաշտպանվածությունն էլ կարևոր է։ 

Ցանկալի է նաև խուսափել շարասյունով տեղաշարժվելուց, մարդաշատ վայրերում, ռազմական տեխնիկային մոտ երկար գտնվելուց։ 

Ընտրյալներ

Լրագրողներին պատերազմական գոտում իշխանություններն այդքան էլ չեն սպասում, չեն սիրում, հիմնականում զուտ հաշտվում են նրանց ներկայությանը։ Ժամանակ առ ժամանակ լրագրողները պետք են նկարելու համար «էս, էս, բայց ոչ էս»։ Պետք եղած դեպքում՝ կփորձեն ապահովել հնարավոր պայմանները։ 

Եթե ցանկանում ես տեսնել, գրել, նկարել ոչ այն, ինչ նրանք են ուզում, կարող ես բազմաթիվ դժվարությունների բախվել։ Եթե համոզես, որ դա նաև իրենց է պետք, շանսերը կմեծանան, եթե ոչ՝ ճիշտ հակառակը։ 

Հայաստանում և Արցախում «կանոններով» (ՊՆ/ՊԲ առաջարկած) աշխատելը, ինչպես ցույց է տալիս փորձը, արդյունավետ չէր և չէ։ Դա պարզ երևաց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, Տավուշի հուլիսյան մարտերի ժամանակ և վերջին՝ առավել երկարաժամկետ պատերազմի ժամանակ։ 

Գտնվում են տեղեկություն հայտնողներ (Facebook-ում ստատուս գրող մարդիկ) կամ լրագրողեր, որոնք ավելի հավասար են, քան մյուսները և կարողանում են հանգիստ հասնել այնտեղ, որտեղ մնացածին «արգելված էր»։ 

Պատերազմի օրերին տեղական լրագրողներին առաջնագիծ գնալ չէին թողում՝ «ուղեկցող չկար»: Բայց ուղեկցողներ լինում էին արտասահմանյան լրագրողների կամ որոշ այլ մարդկանց համար։ Իսկ «հատուկ հյուրի» (օրինակ՝ մի բլոգերի համար) տրամադրում էին ՊԲ-ի մեքենան և հատուկ «տուր» կազմակերպում։ 

Հավասար պայմաններ, ունիսվերսալ կանոններ բոլորի համար՝ բնականաբար, ոչ։ Եղունգ ունես, գլուխդ քորի։ 

Ցույց տալ/չտալ

Անվտանգությունից ելնելով՝ ամեն ինչ չէ, որ կարող ես նկարել, պատմել, հայտնել։ Ընթերցողին դա կարող է որևէ էական տեղեկություն չտալ, բայց շատ բան տալ թշնամուն։ 

Պատերազմը ցույց տվեց, որ Facebook-ում «լայքերի» համար որոշ «խելացի» մարդիկ կարող են գրել, օրինակ, թե մոտավորպես ինչ է նախատեսում անել ՀՀ ԶՈՒ-ն հաջորդ օրը։ 

Լինում են դեպքեր, երբ ընտրությունն իսկապես բավականին բարդ է։ Հայտնել միանգամից այն, ինչ գիտես, փորձել ստանալ հավելյալ տեղեկություններ, թե նախ համոզվել, փորձել ստանալ պաշտոնական մեկնաբանություն։ 

Դա քո (ինչպես նաև խմբագրության) ընտրությունն է իր բոլոր լավ (արագ և հավաստի տեղեկատվություն) ու վատ (ապատեղեկատվություն, ուրիշի կյանքի վտանգում) հետևանքներով։ 

N.B. Ինչ-որ մեկը սկզբնական շրջանում որոշել էր, որ զինվորականներին, տեխնիկան, զենքը նկարել չի կարելի (բնականաբար՝ հնարավոր տեղորոշումը բացառելով): Նկարներից և տեսահոլովակներից ստացվում էր, որ Ադրբեջանը կռվում է միայն և միայն խաղաղ բնակիչների, շենքերի, ծառերի, բայց ոչ զինվորների դեմ։ 

Բայց համացանցում հայտնվում էին տեսանյութեր, նկարներ (արված զինվորականների կողմից): Այնտեղ երևում էր այն ամենը, ինչը հաստատ պետք չէր, որ երևար։ 

Ցինիզմ և վախ

Եթե ցանկանում ես աշխատել, այլ ոչ թե վերապրել, պետք է հնարավորինս «ուղեղդ անջատես»։ Ամբողջովին չի ստացվի, բայց մասամբ կարող ես։ Համ էլ ժամանակից շուտ չես «վառվի»։

Պատերազմի օրերին մահվան մասին կատակներն ամենահաճախն էին հնչում խոսքի մեջ։ Շատերը, բնականաբար՝ ցենզուրայից դուրս։ Գլխավոր հերոսը «բեսպիլոտնիկն» էր։ Ինքնապաշտպանական մեխանիզմ։

Լուսանկարի հեղինակ՝ Արամ Ներսեսյան

Այդ դեպքում վերապրելու պահը կգա մի քիչ ուշ, նույնիսկ վերադառնալուց օրեր (ամիսներ) անց։ 

«Ուղեղը անջատելը» ոչ մի դեպքում չի վերաբերվում անվտանգությանը։ Պետք է լինել զգույշ և ուշադիր։ Օրինակ՝ արկի «սվվոցը» գլխավերևում հուշում է, որ պետք է արագ լքել տարածքը։ 

Որոշ դեպքերում էլ դու ինքդ ես որոշում՝ արդյոք վտանգի չափը համադրելի է այն լուսաբանման նյութի հետ, որ կարող ես ստանալ։ Միշտ չէ, որ հեշտ է։  

Մի՛ վախեցեք վախենալ։ Որոշ դեպքերում այդ զգացումը պետք է հաղթահարել, որոշ դեպքերում այն կարող է փրկել ձեր կյանքը։ 

Դավիթ Գալստյան
Sputnik Armenia լրատվական գործակալության թղթակից


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *