Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) հրապարակել է հեռարձակող մեդիաներում 2013 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, որն ընգրկում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը:
Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ մեդիաները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն եւ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել:
«Առայժմ այն միտումը, որ կար 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, շարունակվում է: Ավելին՝ եթե 2012 խորհրդարանական ընտտրությունների ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ մեր գոհունակությունը հիմնականում վերաբերում էր նախընտրական քարոզաչության շրջանին, այս դեպքում գոհունակության մասին կարող ենք խոսել նախընտրական քարոզչությունից բավական առաջ ընկած ժամանակաշրջանում»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ մոնիտորինգի՝ ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժերի եւ հնարավոր թեկնածուների նկատմամբ դրսեւորել է «Արմնյուզ» հեռուստաալիքը, որին հաջորդում են Հանրային ռադիոն, «Արմռադիոն», «Երկիր մեիդա» եւ «Կենտրոն» հեռուստաալիքները: Ամենաքիչը՝ «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները:
Հետազոտման ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը. նա առաջատար է եղել ինչպես տեղեկատվական ու տեղեկատվական-վերլուծական, այնպես էլ բանավիճային եւ այլ հաղորդումներում: Հիշատակումների թվի հանրագումարով նրան հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հետազոտված ժամանակահատվածում իրենց թեկնածություններին կողմ եւ դեմ արտահայտությունների թվով առանձնացել են Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին երկուսի պարագայում մեդիաներն աջակցություն են արտացոլել, իսկ առաջին նախագահի թեկնածության նկատմամբ եթերում հաճախ բացասական վերաբերմունք է հնչել:
Գործող նախագահին աջակցություն եթերում արտացոլել է գլխավորապես Հանրային ռադիոն, «Արմռադիոն», հ2-ը եւ «Արմնյուզը»: Առաջին նախագահի թեկնածության դեմ առավել հաճախ արտահայտվել են «Արմռադիոյում»:
Թեկնածուների նկատմամբ ամենամեծ «չեզոքությունը» դրսեւորել են «Շանթ» եւ Հանրային հեռուստաընկերությունները: Բորիս Նավասարդյանը սա բացատրում է քաղաքականության հանդեպ հեռուստաընկերությունների թույլ հետաքրքրությամբ:
«Այն հեռուստաալիքները, որոնք քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ, հավասարակշիռ են, որոնք շատ են հետաքրքվում քաղաքականությամբ, նրանց մոտ բալանսի պահպանումը կապված սատարելու կամ չստարալեու հետ, խախտված է»,- ասում է ԵՄԱ նախագահը:
Մոնիտորինգի հաջորդ փուլում Երեւանի մամուլի ակումբը հաշվի է առնելու նաեւ նախագահի թեկնածուների բողոքները՝ կապված մեդիաների աշխատանքի հետ:
«Մենք անպայման կապի մեջ ենք մտնելու բոլոր ութ թեկնածուների շտաբերի հետ եւ լսելու ենք նրանց պրետենզիաները լրատվամիջոցների նկատմամբ, հետո համեմատելու ենք դրանք իրականության հետ»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: