2013.01.16,

Քննադատ

Երբ շտապ ընթերցող է պետք

Operativ.am-ը առանց աչքը թարթելու վերնագիր է տեղադրել` «Բասկովի եւ Վոլոչկովայի պոռնո լուսանկարները»: Hottv.am-ը ռեպորտաժ է վերցրել ռուսական ОРТ-ից ու վերնագրել՝ «Մայրը սպանել է երեխային ձյան մեջ»: Կայքերի այսպիսի վերնագրերը, հայտնի բան է, հատկապես բարձր այցելություն ապահովելու համար են:

Սակայն ինքս որոշեցի լրջորեն անդրադառնալ հենց վերնագրերին զուտ անձնական պատճառներով: Մի քանի կայքեր՝ news.am-ը, mardik.am-ը, asekose.am-ը, galatv.am-ը անցյալ տարեվերջին լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ափսոսանքի խոսքը համարեցին ներողության խոսք: Ու վերնագրեցին այսպես՝ «Մհեր Սեդրակյանը ներողություն է խնդրում»: Իսկ մարդը ներողություն չէր խնդրել: Նա ասել էր, որ չի խնդրի ու չէր խնդրել:

Հիմա, երբ ուզում ես հասկանալ, թե ինչ համարձակությամբ է լրատվական կայքը հատկապես պոռնո լուսանկարներ տեղադրում իր էջում, որոնք ռուսական գլամուր կայքերն ավելի վաղ են տեղադրել, պարզում ես, որ սովորական ֆոտոշարք է արված հենց դրանց պապարացիական բնույթ տալու համար: Այսինքն, եւ լուսանկարողները, եւ լուսանկարվողները գիտեն, թե ինչ են անում: Առավելագույնը էրոտիկ ֆոտոշարք է, որը մեզ «վերաբերվում» է այնքանով, որքանով ռուսական հեռուստադաշտի սպառող ենք եւ Ամանորն էլ անցկացրեցինք հատկապես եւ նաեւ ռուսական գլամուր հեռուստաշոուների ներքո:

Մյուս ռեպորտաժը, որը hottv.am-ը վերնագրել է «Մայրը սպանել է երեխային ձյան մեջ», հանցագործության պատմություն է: Հենց այս վերնագրով էլ կայքը 415լուրը տեղադրել է Ֆեյսբուքում: 19 տարեկան կրկնակի դատված մայրն իսկապես փորձել է ձյան մեջ մաքրել իր մեկ ու կես ամսեկան որդու հաշիվները: Դեպքը տեղի է ունեցել Բելոռուսիայում: Ու երբ մտնում ենք կայք, այնտեղ բոլորովին այլ վերնագիր է՝ «Մայրը փորձել է սպանել երեխային ձյան մեջ»:

Ի դեպ, նույն կայքը մեկ այլ ռեպորտաժ վերնագրել է այսպես՝ «Հայկական մամուլը խայծը կու՞լ է տվել»: Ռեպորտաժը պատմում է վրաց պատրիարք Իլյա 2-րդի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպմանը հաջորդող մի հաղորդագրության մասին, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ ANS PRESS-ը: Ըստ այդ հաղորդագրության, Իլյա 2-րդն իր նստավայրում ընդունելով Ալլահշուքյուր Փաշազադեին ասել է, որ «ինչպես Աբխազիան եւ Հարավային Օսիան են Վրաստանի բնիկ հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել եւ պատկանելու է Ադրբեջանին»: Հայկական մի քանի, հիմնականում ոչ առաջատար, կայք Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 5-ին, լուրը տեղադրեցին հենց ադրբեջանական կայքին հղում անելով եւ միայն 168.am-ը հենց սկզբից գլխի ընկավ, որ ինչ-որ բան այն չէ: Լուրը տեղադրելով «Ադրբեջանը խեղաթյուրե՞լ է Վրաց պատրիարք Իլյա 2-րդի խոսքերը», կայքը ամբողջությամբ մեջ է բերում ANS PRESS-ի հաղորդագրությունը եւ հայերի համար ցավոտ հատվածում նկատում. «Սովորաբար վրացի բարձրաստիճան անձինք չեն գործածում «Հարավային Օսիա» արտահայտությունը և փոխարենը գործածում են «Ցխինվալի շրջան» արտահայտությունը»:

Հունվարի 6-ին վրաց եկեղեցին հերքեց հաղորդագրության պատրիարքի խոսքերին վերաբերող հատվածի բովանդակությունն ամբողջությամբ, սակայն մեր կայքերից մի քանիսն արդեն «հաջողացրել» էին վերլուծել Իլյա 2-րդի «հայտարարությունը»: Առավել ագրեսիվ էին Ֆեյսբուքի օգտատերերը, որոնք Իլյա 2-րդի մեջ ճանաչեցին ավանդական վրացական հակահայկականության ամբողջ «հմայքը» դրանից բխող վիրավորանքներով, որոնք, մեր մեջ ասած, մեջբերելու բաներ չեն: Իսկ ֆեյսբուքում հղման տակ արվող ագրեսիվ մեկնաբանությունները «Մայրը սպանել է երեխային ձյան մեջ» վերնագրի արժեքն ունեն: Հղմանը հետեւելով ընթերցողը փորձում է հասկանալ, թե ինչի հետ գործ ունի:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *