Վերջերս սեքսի թեման սկսել է ավելի հաճախակի ներխուժել լրատվական դաշտ: Այս թեմային անդրադառնում են հատկապես ցանցային պարբերականները: Գրեթե ամեն օր ինտերնետում կարելի է կարդալ սեքսուալ բնույթի հոդվածներ հետեւյալ վերնագրերով` «Ե՞րբ է կինը սեքս ուզում», «Քեյթ Ուինսլեթի ամուսնուն սպառնացել են սեքս-տեսանյութով», «Սեքս հրեշտակների ամանորյա անակնկալը» կամ «Կարմեն Էլեկտրան մշտապես սեքսի կարիք ունի»:
Թեեւ որոշ նյութեր տեղեկատվական կամ նույնիսկ գիտական, երբեմն էլ բժշկական ուղղվածություն ունեն, սակայն հրապարակումների մեծ մասը կրում է ակնհայտ «դեղին» բնույթ: Հետաքրքիր է, որ այդ առումով հատկապես աչքի են ընկնում նորաստեղծ կայքերը: Օրինակ operativ.am-ը հասցրեց իր վրա ուշադրություն գրավել «Էշ են բռնաբարել» եւ «Բերանային սեքս» նյութերով (վերջինը հավանաբար հանրության ճնշման տակ կայքից հեռացված է): Եթե կենդանիների պաշտպանների մոտ զայրույթ առաջացնող առաջին հրապարակման մեջ նշված չէր, երբ է տեղի ունեցել դեպքը եւ հերոսի անուն ու ազգանունը (ինչը կասկած առաջացրեց, որ օգտագործվել է հին նյութ), ապա երկրորդ հոդվածը ուղղակի բողոքի ալիք բաձրացրեց ընթերցողների մոտ, քանի որ հեղինակը մանրամասնորեն ներկայացնում էր այդ տեսակի սեքսուալ հարաբերությունների նրբությունները:
Հասկանալի է, որ կայքերի պատասխանատուները սեքսի թեմային անդրադառնում են բացառապես իրենց օգտատերերի քանակը ավելացնելու, ռեյտինգները բարցրացնելու նպատակով, սակայն հետագայում ինչքանո՞վ նրանք վստահություն կներշնչեն ընթերցողների մոտ, երբ անդրադառնան լուրջ` տնտեսական կամ քաղաքական թեմաներին:
Հայտնի է նաեւ, որ հայկական կայքերը առանձնակի «թուլություն» ունեն մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի նկատմամբ` ճկունորեն օգտագործելով նրա անվան հետ կապված բոլոր սեքս սկանդալները կամ էլ նույնիսկ սկանդալների ակնկալիքները: Օրինակ` վերջերս հայկական կայքերից մեկում կարդացի, որ ebay-ում աճուրդի է հանվել Քարդաշյանի օգտագործած ներքնազգեստը: Իսկ մյուս կայքը հաճույքով հիշատակում էր, որ Քարդաշյանը «ժխտել է տարածվող այն լուրերը, իբր բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից բաժանվելուց հետո վերսկսել է հարաբերությունները Ֆուտբոլի ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» թիմի խաղացող Ռեջի Բուշի հետ»:
Անժելա Սարգսյանի հետ կապված սեքս սկանդալն էլ դարձավ թերեւս ամենաքննարկվող թեմաներից մեկը հայկական մեդիայում: Այդ թեմայով բազմաբնույթ տեղեկատվություն կարելի էր ստանալ` սկսած այդ գործով անցնող մեղադրյալի մոր սպառնալիքներից, վերջացրած դերասանուհու կոլեգաների «թույնով լցված» մեկնաբանություններով:
Կայքեր կարդալով կարելի է իմանալ նաեւ որ «շուտով Երեւանում կբացվի սեքս-շոփ», գրիպից կարելի է պաշտպանվել ոչ միայն մուրաբայով թեյ խմելով կամ պանադոլով, այլեւ` սեքսի միջոցով, եւ ինչպես որոշել «սեքսուալությունը ըստ արյան խմբի»:
Վերջին շրջանում սեքսուալ եւ էրոտիկ բնույթի նյութերի հաղթարշավը մեր կայքերում ավելի ցայտուն ներկայացնելու համար, որոշեցի երեք օրվա ընքացքում մոնիթորինգ անցկացնել: Պարզվեց, որ հունվարի 11-13 ընկած ժամանակահատվածում 20 կայքեր սեքսուալ բնույթի լուրերին անդրադարձել են 90 անգամ (ի դեպ, միտումնավոր ցուցակում թողել եմ նաեւ այն կայքերը, որոնք այդ ժամակահատվածում իրենց լրահոսում այդ տիպի նյութեր ընդհանրապես չեն օգտագործել): Ահա ինչ պատկեր ստացվեց.
Կայքը | 11.01.2013 | 12.01.2013 | 13.01.2013 |
news.am | 3 | 3 | 0 |
1in.am | 7 | 7 | 4 |
tert.am | 2 | 0 | 3 |
mamul.am | 4 | 3 | 2 |
slaq.am | 8 | 13 | 5 |
asekose.am | 0 | 3 | 2 |
operativ.am | 3 | 2 | 3 |
168.am | 0 | 0 | 1 |
lragir.am | 0 | 0 | 0 |
aravot.am | 1 | 0 | 0 |
panorama.am | 0 | 0 | 0 |
a1plus.am | 0 | 0 | 0 |
hetq.am | 0 | 0 | 0 |
zham.am | 6 | 1 | 1 |
yerkir.am | 2 | 0 | 0 |
7or.am | 1 | 0 | 0 |
armenpress.am | 0 | 0 | 0 |
aysor.am | 0 | 0 | 0 |
Ես չեմ պատրաստվում քննադատել որեւէ լրատվամիջոցի ռազմավարությունը, իրենք ավելի լավ գիտեն իրենց առջեւ դրված խնդիրները: Ամեն մի կայքի խմբագրություն ինքն է որոշում, որ ճանապարհով գնալ բարձր ռեյտինգայինությունը ապահովելու համար։ Ոմանք դա անում են իրենց օպերատիվության, տեղեկատվության հավաստիության կամ վերլուծական նյութերի շնորհիվ, ոմանք էլ` հաճախակի օգտագործելով կրիմինալ պատմությունները կամ սեքսուալ թեմատիկան:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: