2021.07.07,

Քննադատ

Վերջի՞ն հանգիստ օրերը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ընտրություններից հետո կախարդական փայտիկի շարժումով տեղեկատվական դաշտն անցավ պասիվ ռեժիմի։ Նվազեցին և՛ հրապարակումները, և՛ հանրության հետաքրքրությունը տեղեկատվության հանդեպ։ Քաղաքական գործիչներն իրենց հերթին, (մեծ մասը), կարծես անցավ ընդհատակ և դադարեց ընդհանրապես երևալ։ 

Ընդհանուր առումով նվազել է ապատեղեկատվության, ֆեյք նորությունների քանակը։ Կամ կարելի է ասել՝ ֆեյքերի տարածվածությունն առնվազն խիստ նվազել է։ Անկումը նկատելի է գրեթե ամեն հարթակում։ Այսպես, օրինակ, Տելեգրամում, խիստ ընկել է Հայաստանի հիշատակումը։

Армения բանալի բառի կիրառումը և նման գրառումների լսարանը Տելեգրամ ալիքներում, ըստ TGstat.ru

Նույնը կարելի է ասել ոչ միայն աղբյուրների, այլև տեղեկատվության սպառման մասին։ Եթե Google Trends-ի միջոցով դիտարկենք վերջին 30 օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ամենաշատ որոնվող թեմաները և բանալի բառերը, ապա կտեսնենք, որ ֆուտբոլը մոռացության է ենթարկել քաղաքականությանը:

Եթե թերթենք երկրորդ էջը, նոր կհայտնվի ԿԸՀ կայքը, և դա հենց ընտրությունների և դրանց հաջորդած մեկ-երկու օրերի ազդեցությունն է։ Հունիսի վերջին, առավելևս հուլիսին, նման թեմաները ընդհանրապես բացակայում էին հայաստանցիների հետաքրքրությունների դաշտից։ 

Իհարկե, մեդիան քաղաքական թեմաների դեպքում ավելի շուտ սպասարկող ոլորտ է։ 

Երբ քնած է քաղաքական կյանքը, առավելևս՝ չկա քաղաքական պատվեր բառիս լավ և վատ իմաստներով, տեղեկատվական դաշտն էլ իր հերթին անցնում է քնած ռեժիմի։ Սրան ավելանում է նաև ամառային սեզոնային քունը։ 

Չմառանանք, որ դեռ մի տասներեք տարի առաջ Հայաստանը երկիր էր, որտեղ օգոստոսին մամուլը գնում էր արձակուրդ, քաղաքական գործիչներն իրենց կորցնում էին զանազան լողափներում։ 

Այսօր բնականաբար մամուլը հանգստանալ չի սիրում։ Առավելևս, սոցիալական ցանցերի օգտատերերը թույլ են չեն տալիս դա, վերջիվերջո, իրենք էլ են բովանդակություն արտադրող։ 

Բայց միևնույն է հիմնական վառելիք են հանդիսանում քաղաքական ուժերը, քաղաքական դեմքերը, նրանց իղձերն ու հարաբերությունները միմյանց հետ։ 

Իսկ այս պահին ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է ուժերի վերաբաշխումով, նոր սցենարներ գծելով։ Այնպես որ մենք ապրում ենք վերջին օրերը մինչ մեդիադաշտի ակտիվացումը։ 

Ակտիվացումն իր հերթին կհանգեցնի նաև ֆեյքային նորությունների տարածմանը՝ պարզ պատճառաբանությամբ։ Իհարկե, կեղծ լուրերի ուժգնությունը կընկնի, քանի որ կոնկրետ սահմանային կետ, ինչպիսինն էին արտահերթ ընտրությունները, դեռ չի նշմարվում։ 

Ինտրիգն այն է, թե արդյոք մեդիա ոլորտում կհայտնվեն նոր ազդեցության կենտրոններ, թե ոչ։ Ընտրություններն արդեն անցել են, ինչը նշանակում է հիմա միայն մեկ բան․  առջևում նոր ընտրություններ են և ժամանակն է սպասել, որ ասպարեզ դուրս կգան նոր դեմքեր, նոր դերակատարներ, նոր անուններ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *