2013.01.14,

Քննադատ

Զվարճալի մեկնարկ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ավանդույթի համաձայն՝ տարեմուտի ու նոր տարվա առաջին օրերը հեռուստատեսային են համարվում։ Արձակուրդային ժամանակահատվածում քաղաքացիների զգալի հատվածը հեռուստադիտող է դառնում, նույնիսկ եթե այլ օրերին հեռուստացույցի առջեւ նստելու սովորություն չունի։ Եւ բնական է, որ եթերի բովանդակությունը հունվարի սկզբներին միշտ զվարճացնող ու երաժշտական է (այսպես ասած՝ թեթեւ)։ Թեթեւանում ու տոնական-պաթետիկ երանգ են ձեռք բերում նաեւ լուրերը։

Սակայն 2013-ին երգի, պարի, հումորային ծրագրերի ու սովետական ֆիլմերի հարյուրավոր վերադիտումերով լի հեռուստացանկին ավելացավ մի նոր ժամանակավոր հեռուստաժանր, որը կարելի է պայմանականորեն անվանել զվարճալի քաղաքականություն։ 

Ստացվեց այնպես, որ այս տարվա սկիզբը համընկավ ՀՀ նախագահական ընտրությունների մեկնարկային փուլի հետ, երբ տարբեր թեկնածուներ հայտարարեցին իրենց առաջադրման կամ չառաջադրման մասին։

Հանգամանքների քմահաճույքով՝ այդ փուլը բավականին զվարճալի դուրս եկավ, քանի որ նախագահի թեկնածուներից շատերը գրոտեսկային, հուզական ու էկզոտիկ կերպարներ էին, որոնք իրականում ուրախացրեցին լսարանին։

Թեկնածուների ընտրական գրավների պատմությունները, զբաղմունքները, հոբբիներն ու մտքերը այժմ էլ շարունակում են լրատվամիջոցների համար թեթեւ ու զվարճալի բովանդակության աղբյուր հանդիսանալ։ Մանավանդ, որ թեկնածուներից ոմանք ամենայն լրջությամբ տարբեր կոմիկական դիմակների տակ են հանդես գալիս։

Օրինակ՝ մեկն իրեն «վաստակավոր գործազուրկ» է անվանում, մյուսը՝ Ստալինի ու «էՍէՍէՍէՌ-դվա»-ի երկրպագու, իսկ երրորդը՝ հզոր թիմ հավաքել ցանկացող կարատեի վարպետ, ով եթերում հայտնվում է բացառապես կիմոնոյով ու տատամիի վրա մարզվելու պահին։

Հեռուստաընկերությունները հաճույքով են անդրադառնում նրանց կերպարներին, քանի որ այդ մարդիկ ապահովում են լուրերի հմայքն ու միաժամանակ հումորային բաղադրիչը։ Իհարկե, լրագրողները եթերից նշում են, որ ամեն ոք էլ նախագահ դառնալու սահմանադրական իրավունք ունի, ու իրենց լրատվամիջոցը հենց դա հաշվի առնելով է նրանց մասին ռեպորտաժներ պատրաստում։ Ընդ որում՝ այդ ռեպորտաժները, որպես կանոն, հակիրճ, զվարթ ու կլիպային են։

«Շանթ» ալիքը «Կիրակնօրյա Հորիզոն» հունվարի 13-ի իր թողարկման ընթացքում (07:00-15:40 րոպե), օրինակ, գրավ չմուծած թեկնածուների մասին արկածախնդիր քաղաքական կոմեդիայի ժանրով մի ամփոփ ռեպորտաժ է նկարահանում։

 «Արմենիա» ալիքի «Սուր անկյունն» էլ իր բաժին ծաղրն է ավելացնում (33:51-38:07 րոպե) հացը (տոնական կերուխումը) ու թամաշան (նախագահ դառնալ ցանկացողների ճոխ ու կոլորիտային ցուցակը) իրար միահյուսելու գործին։ Օրինակ՝ իր ռեպորտաժ-պանֆլետում առաջարկում է ընտրագրավի տոնական զեղչեր հայտարարել։

«Կիրակնօրյա Ժամը» անթաքույց հեգնում է նախագահի թեկնածուներին (02:30-08:45 րոպե)՝ նշելով, որ կազմվել է «նախագահացուների տոնական ճոխությամբ ցուցակ»։ Ընդհանրապես «Արմենիա» ալիքի քաղաքական լուրերի հիմնական ենթատեքստն այն էր, որ ընտրությունների մրցակցային լինելու փաստից առավել կարեւոր է ընտրությունների արդյունքի հանդեպ վստահությունը։ Իսկ ո՞վ է վիճում… Իհարկե, կարեւորը արդյունքն է։ Եւ այն պրոցեսը, որը հանգեցնում է այդ արդյունքի։

Տարեցտարի ընտրությունները մեզանում ավելի հավասարակշռած ու թափանցիկ են դառնում, իսկ այս անգամ կարծես պատրաստվում են թափանցիկության ռեկորդ սահմանել, քանի որ եւ՛ նախագահի թեկնածուները, եւ՛ արդեն թեկնածուների ցուցակից դուրս մնացածները, եւ՛ նրանց դիմանկարները ճանաչելի դարձնող լրատվամիջոցները գրեթե իդեալական թափանցիկությամբ են աշխատում։

Հասկանալի է, որ բոլոր լրատվամիջոցները հետաքրքիր կացության մեջ են հայտնվել. մի կողմից հարկ է հավասարակշիռ աշխատել, իսկ մյուս կողմից՝ ինչպե՞ս զսպել ծաղրանկարային ռեպորտաժներ անելու գայթակղությունը։

Ի վերջո, պետք է ցույց տալ, որ նախագահի հերթական ընտրությունները ոչ միայն թափանցիկ, վստահելի ու արդար են անցնում, այլեւ մրցակցային։ Ոմանց համար, իհարկե։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *