Հայաստանում նույնիսկ ամենասկսնակ լրագրողի համար պարզից էլ պարզ է, որ հայ ընթերցողը գերադասում է կարդալ հնարավորինս ընդդիմադիր եւ հնարավորինս սենսացիոն նյութեր, եւ եթե նյութն այնքան էլ ընդդիմադիր ու սենսացիոն չի, առնվազն պիտի «կպնողական» լինի:
Եւ եթե նորմալ «կպնողական» էլ չի, գոնե պիտի իր մեջ որոշակի դոզայով մուննաթ պարունակի՝ անկախ նրանից զրուցակիցը քաղաքական գործիչ է, թեմտավորական: Եւ մանավանդ հարցազրույցների ընթացքում ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր լրագրողը, եթե նույնիսկ դեռահաս է ու միանգամայն սկսնակ, պարտավոր է թարս ու տհաճ հարցեր տալ իր զրուցակցին` անկախ զրուցակցի տարիքից, պաշտոնից ու արժանիքներից:
Եւ հիմնականում թարս ու տհաճ հարցերով են մեր լրագրողներն ապահովում իրենց նյութերի ընդդիմադիր ուղղվածությունը, եւ մեր լրագրողների կողմից պերմանենտ տրվող էդ թարսուշիտակ հարցերն էնքան սովորական են դարձել, որ մեր լրագրողներին հարցազրույց տվողների համար էլ են արդեն սովորական դարձել:
Եթե հարցազրույց տվողն անգամ խեղճուկրակ ու անմեղսունակ մի մտավորական է, նույնիսկ էդ անմեղսունակն է լրագրողի հավատաքննությամբ ու մուննաթով ողողվում: Եւ խեղճուկրակ ու անմեղսունակ մտավորականին ուղղվող մուննաթի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է`ինչու զորավիգ չեք մեր թշվառ ազգին;
Եւ, իհարկե, մտավորականը արդարանալու բառեր է փնտրում`փորձելով անհարմար վիճակից դուրս գալ, եւ, ինչպես միշտ, բաց է թողնում գլխավոր, հիմնական ու հիմնավոր արդարացումը, որը պիտի լիներ հետեւյալը`«մեկը լինի ինձ զորավիգ լինի»:
Եւ այսպես երկուստեք իրենք իրենց կեղծելով`լրագրողն ու մտավորականը շարունակում են իրենց սկսած խոսքուզրույցը, եւ էդ ամբողջ ընթացքում լրագրողը մտավորականին «մտավորական» է անվանում`առանց վայրկյան անգամ ենթադրելու, որ ինքն էլ է մտավորական, ու էդ ամբողջ ընթացքում մտավորականը շոյվում է, որ լրագրողն իրեն մտավորական է անվանում, ու էդ ամբողջ ընթացքում մտավորականն ավելցուկով գոհ է, որ իրեն, մարդու ու մտավորականի տեղ դնելով, ամբիոն են տրամադրել:
Եւ ես կասեի`էդ լրագրողն ու էդ մտավորականը միանգամայն արժանի են իրար, որովհետեւ զրույցի էդ ամբողջ ընթացքում հավասարապես են իրենք իրենց կեղծում, բայց, այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ արժանի են իրար, որովհետեւ հենց ամենասկզբից էդ լրագրողն, էդ մտավորականին ակնհայտորեն հիմարի տեղ դնելով, ընթացքում նրան ավելի ու ավելի է հիմարացնում:
Եւ չնայած ամենավերջում` հրաժեշտից հետո լրագրողին թվում է, թեինքը միանգամայն հասել է իր նպատակին, այդուհանդերձ, մենք էդ կարծիքին չենք. այսինքն՝ մենք չենք կարծում, թե եւս մի խեղճուկրակ մտավորական հայտնաբերելը որեւէ լրագրողի համար կարող է լուրջ նպատակ հանդիսանալ:
Եւ չնայած մտավորականների խնդիրները մեր օրերում քչություն չեն անում՝ մեր լրագրողները մեր մտավորականերին ոչ թե իրենց մասնագիտական խնդիրներից են հարցեր տալիս, այլչափազանց գլոբալ ու համազգային խնդիրներից: Եւ մեր խեղճուկրակ մտավորականներից որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չի անցնում, թե ինքը որեւէ կարեւորագույն ու դարակազմիկ հարցի կդժվարանա պատասխանել:
Մեր լրագրողին էլ ի՞նչ է պետք`պատասխանող, ընդ որում`անխտիր բոլոր եւ նույնիսկ պատասխան չունեցող հարցերին պատասխանող: Եւ արդյունքից էլ գոհանում են բոլորը`ընթերցողը, լրագրողն ու մանավանդ մտավորականը:
Բայց ամենից գոհն, իհարկե, մտավորականն է, որը, մի քանի օրինակ թերթ կրպակից առնելով, աշխարհով մեկ տարածում է իր իսկ հարցազրույցը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կան: Եւ, որ ամենակարեւորն է, նույն էդ հարցազրույցում հստակորեն մատնանշված եւ ցույց է տրված մեր բազմաչարչար ազգի փրկության ճանապարհը:
Եւ հարցազրույցի ենթարկված մեր մտավորականն, էստեղ ու էնտեղ էդ հարցազրույցը ցույց տալով, էստեղ ու էնտեղ պարծենում ու գլուխ է գովում, բայց չկարծեք, թեիր պարծենալն ու գլուխ գովելը շրջապատի կողմից լուրջ չի ընդունվում:
Ավելին՝ քանի որ մեր էս մտավորականի շրջապատն իր պես մտավորականներ են ներկայացնում, վերջիններս անթաքույց նախանձով են սկսում վերաբերվել հանիրավի հարցազրույցի ենթարկվածին, եւ առիթի դեպքում իրենք էլ հարցազրույցի ենթարկվելու առիթը բաց չեն թողնում:
Եւ այսպես, լրագրողի (լրագրողուհու) թեթեւ ձեռքով հառնում է կերպարը մեր օրերի հայ մտավորականի, որը ոչ միայն իր արվեստի ու իր մասնագիտության գաղտնիքներին է տեղյակ, այլեւ անխտիր բոլոր հարցերի բոլոր պատասխանները գիտի, ներառյալ`մեր ազգի բախտի ու հետագա ճակատագրի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանները:
Եւ ահա մտավորականի այս կերպարը, որը մեր լրագրողների միջոցով կարմիր թելի պես անցնում է մեր թերթերի ու կայքերի միջով եւ ժամանակ առ ժամանակ էլ առկայծում է հեռուստաեթերից, մեր լրագրության հիմնավոր ու հիմնական օբյեկտներից է, եթե չասենք` ամենահիմնականն ու ամենահիմնավորը:
Մնացյալը, ինչպես ասում են, լռություն է: Եւ լռությունն էլ, ինչպես ասում են, ոսկի է:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: