2021.06.03,

Նյուսրում

Հուշագիր լրատվամիջոցների համար՝ ընտրություններին ընդառաջ

Հաշվի առնելով վերջին տարիներին ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման մոնիտորինգների ընթացքում արձանագրված բացասական երևույթները՝ մի շարք հանրապետական և մարզային լրատվամիջոցներ օրերս ստորագրել են հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հուշագիր։

Փաստաթղթի նպատակն է, որպեսզի լրատվամիջոցները պահպանեն էթիկայի սկզբունքները, գործեն ընտրական օրենսգքով նախընտրական քարոզչության ժամանակաշրջանի համար նախատեսված կարգավորումներով, ձգտեն, որ կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները չվերածվեն թաքնված քաղաքական գովազդի և այլն։

Հուշագիրն ընդունվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած շուրջ 30 լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների 2021թ մայիսի 15-ի ժողովում։

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն  ակնկալում է,  որ լրատվամիջոցները կմիավորվեն այս փաստաթղթի շուրջ և որ այն որոշակի ազդեցություն կունենա առաջիկա գործընթացների վրա։ Փաստաթուղթը բաց է ստորագրման համար բոլոր լրատվամիոջոցների համար։ Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ կամփոփվի և կներակայցվի հուշագիրը ստորագրած կազմակերպությունների թիվը։ Նավասարդյանը համոզված է, որ եթե նույնիսկ լրատվամիջոցները պաշտոնապես չստորագրեն այն, նշված կանոնները պիտի որ հաշվի առնեն։

«1996 թ-ից սկսած մենք ավանդաբար առաջարկում  ենք լրատվամիջոցներին ստորագրել մի հուշագիր, որով իրենք պարտավորվում են հետևել որոշակի կանոնների ընտրությունները լուսաբանելիս։ Կանոնները շատ խիստ չեն և բխում են ՀՀ օրենսդրությունից և միջազգային չափանիշներից։ 

Անցյալ ընտրությունների նույնպես ընդունվել է նման փաստաթուղթ, սակայն  փաստ է, որ այժմ ընդհանուր մթնոլորտը շատ ավելի լարված է, լրատվամիջոցներում գերիշխում են հակամարտության տրամադրությունները, և մենք ամեն դեպքում եղած հնարավորությունների սահմաններում պիտի ձգտենք կոչ անել մեր գործընկերներին, որ գոնե քաղաքան ուժերի համեմատ՝ նրանք  լինեն ավելի պարկեշտ և պրոֆեսիոնալ»- ասում ԵՄԱ-ի ղեկավարը։

Համաձայն հուշագրում նշված կետերի՝ լրագրողները պարտավոր են հանդուրժող լինել բոլոր կուսակցությունների, դաշինքների նկատմամբ, չվիրավորել թեկնածուներին, չծաղրել ընտրությունների մասնակիցների հայացքներն ու տեսակետները, հարցազրույցների ժամանակ բոլոր հյուրերին հավասար և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել։ 

«Առավոտը» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը ներկա էր ժողովին եւ կողմ է քվեարկել Հուշագրի ընդունմանը՝ մինչ այդ մասնակցելով  փաստաթղթում տեղ գտած դրույթների քննարկմանը:

«Մեր լրատվամիջոցի համար սկզբունքորեն շատ կարեւոր է միանալ ԶԼՄ-ների ինքնակարգավորման ցանկացած նախաձեռնության, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք դրա կարեւորությունը՝ եթե լրատվամիջոցները իրենք չզբաղվեն ոլորտի կարգավորմամբ, կգա այն ցավալի պահը, որ պետությունը կզբաղվի մեզնով՝ արգելելով և սահմանափակելով այն ամենն, ինչ հնարավոր է: Այդ է պատճառը, որ «Առավոտը» Հայաստանի աառաջին խմբագրություններից էր, որ սեփական էթիկական կոդեքս ընդունեց, և միացավ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին:

Դա ամենեւին չի նշանակում, որ մեր լրատվամիջոցում էթիկական նորմերը երբեք չեն ոտնահարվում, սակայն մենք  ունենք մեր առջեւ դրված կարմիր գծեր, որոնք աշխատում ենք չհատել: Իհարկե, միամտություն կլինի պնդելը, որ արտահերթ ընտրությունների լուսաբանումը գոնե այն լրատվամիջոցներում, որոնք միացել են այս Հուշագրին, կլինի էթիկական բարձրագույն չափանիշների պահպանմամբ, սակայն պետք է նաեւ ընդունել, որ երբ ինչ-որ բան հանձն ես առնում, միշտ որոշակի զսպվածության, որոշակի նորմերի պահպանման ավելի բարձր մակարդակ է ակնկալվում», -ասում է Մելանյա Բարսեղյանը։

Նա պատմում է, որ հուշագրի բովանդակության քննարկման ընթացքում թեժ բանավեճեր են եղել, բայց արդյուքում մասնակիցները կարողացել են ժամանակին համահունչ անհրաժեշտ փոփոխություններ կատարել։

«Եթե այս նախաձեռնությամբ կանխվի էթիկայի խախտման թեկուզ մի քանի դեպք, կարծում եմ, դա կարելի է լրատվամիջոցների ինքնակարգավորման ոլորտի նվաճում համարել»,- հույս է հայտնում «Առավոտի» լրագրողը։

«Հետք»-ի պրոդյուսեր Քրիստինե Բարսեղյանը նույնպես մասնակցել է հուշագրի քննարկմանը, բայց համոզված է, որ յուրաքանչյուր մեդիա պետք է ունենա իր ներքին ինքնակարգավորման փաստաթուղթը և հարգի իր աշխատանքը։

«Հետքն ունի իր էթիկայի սկզբունքները,  ինչպես նաև սոցիալական մեդիայում մեր աշխատակիցների համար մշակված վարքականոնները։ Դրանք գրեթե նույնն են ընդունված հուշագրի բովանդակության հետ, հետևաբար մենք այն ստորագրելու անհրաժեշտությունը չենք տեսնում։ Լրատվամիջոցը կարող է տարբեր հուշագրեր ստորագրել, բայց եթե չի պահելու այդ կանոնները, ապա այդ փաստաթուղթը որևէ բան չի կարող պարտավորեցնել։ Մեր աշխատակիցների պայմանագրերին կցված են մեր կազմակերպության կանոնադրությունը և սկզբունքները․ նրանք գիտեն, որ եթե չհետևեն դրանց, ապա կարող են տույժի ենթարկվել կամ ընդհանրապես հեռացվել աշխատանքից»,-ասում է Քրիստինե Բարսեղյանը։ 

Նա նշում է, որ էթիկայի կանոններին ոչ միայն լրագրողները պետք է հետևեն ։

«Մենք այսօր ականատես ենք, որ բոլորի թիրախում մեդիան է,  լրագրողների հետ շփման մշակույթ չկա, ինչ լինում է նախ մեզ են մեղադրում, անվանում մեդիատեռոր, անարդարացի գնահատականներ հնչեցնում։ Առաջիկա ընտրությունների ընթացքն էլ շատ անկանխատեսելի է և, և այն լուսաբանելը աննախադեպ բարդ է լինելու լրագրողների համար»,- համոզված է նա։

Բորիս Նավասարդյանը նույնպես կարծում է, որ առաջիկա ընտրապայքարը թեժ է լինելու և այդ  բարդ իրավիճակում հուշագրում նշված սկզբունքների պահպանումը կօգնի Հայաստանում  ձևավորել քաղաքակիրթ տեղեկատվական միջավայր։ 

Ըստ հուշագրի ՝ բողոքների դեպքում ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը  իրավասու է քննելու  լրատվամիջոցների և դրանք ներկայացնող լրագրողների վարքի համապատասխանությունը կանոններին և ներկայացնելու իրենց եզրակացությունը։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *