Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին պատվաստվեց կորոնավիրուսի դեմ։ Պաշտոնական հաղորդագրություններում չի հայտարարվում, թե որ պատվաստանյութն է նա ստացել։ Այս հարցին չպատասխանեց Փաշինյանը ԱԺ ամբիոնից։ Սակայն, առկա տեսողական նյութը փաստում է, որ Փաշինյանը պատվաստվել է ռուսական Sputnik V-ով։
Ինչպե՞ս պարզվեց պատվաստանյութը
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի պատվաստման մասին տեսանյութ հրապարակվեց մայիսի 3-ին, սակայն ոչ տեսանյութում, ոչ ՀՀ կառավարության, ոչ Առողջապահության նախարարության հաղորդագրություններում, ոչ էլ նրանց անձնական հաշիվներում հստակեցված չէ, թե որ պատվաստանյութն են ստացել։
Պատվաստանյութի ընտրության հարցը Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց ԱԺ ամբիոնից։ Փոխարենը տեղեկացրեց, որ փոխվարչապատերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը՝ կպատվաստվի Sputnik V-ով։ Նաև հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով։
Փաշինյանը չպարզաբանեց, թե ինչու չի հրապարակում պատվաստանյութի անունը, սակայն հրապարակված տեսնայութից այն հնարավոր է պարզել։ Մի դրվագում խոշոր պլանով երևում է պատվաստանյութի սրվակը․ այն սպիտակ ֆոնի վրա կապույտ տառերով դիզայնով է։
Այսպիսի ձևավորում ունի ռուսական Sputnik V պատվաստանյութը, որը գրանցված է որպես ‘Гам-КОВИД-Вак’։ Հայաստանում կիրառվող մյուս երկու պատվաստանյութից անգլաշվեդական AstraZeneca-ի դիզայնը մանուշակագույն-սպիտակ է, իսկ չինական Sinovac-ինը` նարնջագույն-սպիտակ։
Ի՞նչ պատվաստանյութով են պատվաստվել պաշտոնյաները
Արսեն Թորոսյանը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին պաշտոնյան է։ Առողջապահության նախարարի պաշտոնում 2020-ի դեկտեմբերին նա պատվաստվել է ռուսական Sputnik V-ով․ սա այդ ժամանակ Հայաստանում առկա միակ պատվաստանյութն էր, որի նմուշները փոխանցել էր ռուսական կողմը։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 28-ին պատվաստվել են AstraZeneca-ով։
Մինչ այս պահը ԱՆ-ի հրապարակած բովանդակությունից պարզ է դառնում, որ պատվաստվել են հետևյալ պաշտոնյաները`
- Կարեն Գիլոյան, ԿԳՄՍ փոխնախարար,
- Ծովինար Վարդանյան, ԱԺ պատգամավոր,
- Մեսրոպ Մեսրոպյան, Կոտայքի մարզպետ,
- Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզպետ,
- Արտավազդ Վանյան, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն։
Հստակեցված չէ, թե որ պատվաստանյութն են նրանք ստացել։
Միջազգային կառույցների ղեկավարներց և դիվանագետներից ոմանք ևս պատվաստվել են Հայաստանում՝
- Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող,
- Անդրեա Վիկտորին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար,
- Աժեմար դե Մենդոնսա Սանկտո, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Այլ երկրների առաջնորդները ի՞նչ պատվաստանյութ են ընտրել
Տարբեր երկրների ներկա և նախկին առաջնորդները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տեղեկատվական արշավներին։ Նրանք պատվաստվում են տեսախցիկների առջև՝ ընտրելով կամ սեփական երկրի արտադրած պատվաստանյութը, կամ մարդկանց մոտ առավել շատ կասկածներ առաջացնողը։
Փաշինյանը միակ առաջնորդը չէ, որ չի հայտնում իր ստացած պատվաստանյութի անունը։ Նույն կերպ վարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլը տեղեկացրել է, որ նա պատվաստվել է ռուսական արտադրության պատվաստանյութով, սակայն հստակեցված չէ պատվաստանյութի անունը։
Մտահոգությունների առարկա դարձած և ապատեղեկատվությունների թիրախում հայտնված AstraZeneca-ով պատվաստվել են՝
- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին,
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը,
- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատվաստվել է ամերիկագերմանական արտադրության Pfizer-BioNTech-ով, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը՝ չինական Sinovac-ով։ Պատվաստվել են ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման և նրա կինը՝ Միշելը։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: