2021.04.29,

Նյուսրում

Սեղմիր զանգակը և բաժանորդագրվիր․ վիդեոբլոգինգը Հայաստանում

Վլոգինգի գաղափարն ամբողջ աշխարհում  մեծ արագությամբ սկսեց զարգանալ Յություբի ստեղծումից անմիջապես հետո։

Առաջին վլոգային հոլովակը Յություբում տեղադրեց հենց հարթակի  համահիմնադիր Ջավեդ Քարիմը 2005 թ-ին  «Ես կենդանաբանական այգում եմ» վերնագրով։ Այն  սիրողական առօրյա վիդեոբլոգային բովանդակության սկիզբն էր։

Վլոգինգն այնքան մեծ տարածում գտավ, որ դրանով զբաղվողներն սկսեցին իրենց լսարանի ծավալներով մրցել նույնիսկ հանրահայտ  աստղերի, լրատվական կազմակերպությունների և սերիալների արտադրության հետ։

Վլոգինգը Հայաստանում դանդաղ է զարգանում։ Մոտ տասը տարի առաջ դրանով մեծ մասամբ զբաղվում էին դպրոցականները՝ հեռախոսով նկարահանելով իրենց առօրյան՝ հիմնականում իրենց ընտանիքի և ընկերների համար։

Ռուբեն Եսայանը իր ալիքը բացել է դեռ տասը տարի առաջ, երբ դպրոցում էր սովորում։  Այսօր նա վլոգինգի ասպարեզում ամենահայտնիներից մեկն է։ Այն քիչ յություբերներից է Հայաստանում, որ ունի Յություբի արծաթե կոճակ, նրա հետևորդների թիվն այսօր ամենամեծն է անհատական ալիքների ցանկում`260 000։

«Վլոգինգի գլխավոր հաջողությունը անմիջականությունն ու անկեղծությունն է, քանի որ դու տարբերվում ես դերասանից կամ հաղորդավարից և ուղիղ շփման մեջ ես քո լսարանի հետ, առանց միջնորդի, առանց հատուկ մտածված կերպարի, ներկայացնում ես քեզ, քո կյանքը, քո գաղափարները, մարդկանց դա դուր է գալիս։ 

Ես սկսեցի դոկումենտալ պատմություններ նկարահանելուց, ներառելով առեղծվածային դրվագներ ու այդ ժանրը շատ սիրվեց։ Իմ նպատակը լսարանին դրա միջոցով ինֆորմացիա փոխանցելն էր։ Յություբն այսօր հզորագույն ուսուցիչ է, կարող ես օրինակ զրոյից լեզու սովորել, ես երաժշտական գործիքի վրա նվագել եմ սովորել։ Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում տարբեր դպրոցների ուսուցիչներից, որ դասերի ժամանակ նայում են իմ վիդեոները և աշակերտները բարձր գնահատականներ են ստանում», -պատմում է Ռուբենը։

Վլոգերները «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին մամլո կցորդ Ջեյք Գոշերթը, լինելով Յություբի ակտիվ օգտագործող, հայաստանյան կյանքին ավելի լավ ծանոթանալու համար փնտրում էր հայկական հետաքրքիր վլոգներ, սակայն չգտավ, այն ինչ իրեն հետաքրքիր էր։ Նրա մոտ գաղափար ծնվեց՝ որևէ կերպ աջակցել հայալեզու բովանդակության զարգացմանը։ 

Գաղափարը շատ շուտով միս ու արյուն ստացավ և 2017 թ-ին ԱՄՆ դեսպանատան և Մեդիա նախաձեռնություններ կենտրոնի համագործակցության արդյունքում մեկնարկեց «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցը։ 

«Դեսպանատան առաջարկությունը ստանալուց հետո մենք հետազոտություն անցկացրեցին և եկանք այն եզրակացության, որ դպրոցը պետք է անցկացնենք երիտասարդների համար»,- պատմում է ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար «Ես եմ մեդիան» ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանը։

Վլոգերները «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցում

Ծրագրի նպատակն էր ինտենսիվ դասընթացներ անցկացնել մասնակիցների համար, ինչպես նաև նրանց տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ որակյալ արտադրություն սկսելու համար։

Առաջին հայտարարությունից հետո, շուրջ 100 երիտասարդներ դիմեցին ծրագրին, ընտրվեցին 17-ը, որոնցից մի մասն Յություբում արդեն ունեին իրենց ալիքները։ Մասնակիցների համար իրենց ալիքները բարելավելու, ստեղծած բովանդակությունն ավելի թիրախային դարձնելու, լսարանի հետ շփվելու և այլ օգտակար թեմաներով դասընթացներ անցկացնելու համար Հայաստան հրավիրվեց  ամերիկացի յություբեր, օնլայն բովանդակության մարքեթինգի մասնագետ Նիք Նիմինը։

Վլոգերները Նիք Նիմինի դասերին

Ծրագրի հաջողությունները արձանագրելով՝ որոշում կայացվեց ծրագիրը շարունակել ևս երկու տարի, հաջորդ տարի դպրոց ընդունվեց ևս 12 մասնակից։ 

Արդյունքում դպրոցի լավագույն մասնակիցներից 13-ը հնարավորություն ունեցան 2018 և 2019 թթ մեկնել ԱՄՆ-ում անցացվող VidCon ամենամյա վիդեոյի կոնֆերանսին, շփվելու Յություբի աստղերի հետ, մասնակցելու վարպետության դասերի ու հասկանալու ոլորտի նրբությունները՝ դրանք Հայաստանում տեղայնացնելու ու զարգացնելու համար։

Հայաստանցի վլոգերները VidCon-2019-ին

«Այսօր ամփոփելով ծրագիրը կարող ենք ասել, որ «Ես եմ մեդիան» դպրոցի մասնակիցները թարմություն և թեմաների բազմազանություն բերեցին հայկական Յություբ, ու սկսեցին դրա նայել որպես աշխատանք, որը ջանք է պահանջում, բայց նաև եկամտի աղբյուր կարող է դառնալ»,- ասում է Լուսինե Գրիգորյանը։ 

Հաղթահարելով բազմաթիվ և տարաբնույթ դժվարություններ՝ դպրոցի մասնակից վլոգերներն այսօր լսարանին են առաջարկում ոչ միայն զվարճանք և հումոր, այլ  պատմում են հանրային կարևորության հարցերի․  գյուղատնտեսություն, սեռական կրթություն, բիզնես, ծերերի խնդիրներ, արվեստ, տեղեկատվական և տեխնոլոգիաներ և այլն։ 

«Ես եմ մեդիան»  դպրոցի մասնակից Ռուբեն Եսայանի տեսանյութերը միջինում 150-200 հազար դիտում են ունենում, Հայաստանյան տիրույթում միջինը 100 հազար դիտումը լավ ցուցանիշ է համարվում, դրանից բարձր թվերն արդեն  հեղինակի հաջողության մասին են վկայում։  

Ըստ Ռուբենի՝ վիդեոարտադրանք ստեղծելը մեծ ռեսուրս է պահանջում, արտասահմանյան վլոգերներն ահռելի ներդրումներ են անում որակյալ բովանդակություն  ներկայացնելու համար, լսարանի համար այդ չափանիշներն արդեն սովորական են դարձել, և նրանց զարմացնելը շատ դժվար է։ Եթե դրսում նրանք վստահ են, որ այդ ներդրումները շատ ավելի մեծ շահույթ են բերելու, ապա Հայաստանի դեպքում պատկերն այլ է։ «Եթե դու վստահ չես, որ ծախսածդ ռեսուրսը հետ կվերադարձնես, ապա միշտ չէ, որ ունես մոտիվացիա ինչ-որ բան ստեղծելու։ Դա է պատճառը, որ շատերն են սկսում ալիքներ բացել, բայց այդպես էլ չեն շարունակում։

«Ես եմ մեդիան» դպրոցը մեզ համար մեծ մոտիվացիա էր, քանի որ մենք հասկացանք, որ այլ կառույցներ էլ են կարևորում վլոգինգի գաղափարը, և մենք ինքներս էլ սկսեցինք ավելի լուրջ վերաբերվել մեր ստեղծած բովանդակությանը»։

Վլոգերները «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցում

Կոլյային (Նիկոլայ Հայրապետյան) նույնպես հանրությունը ճանաչում է որպես յություբեր, թեև ինքը վլոգինգը իր հիմանական աշխատանքը չի համարում և մեծ լսարանի մասին չի երազում։ Նշում է, որ Յություբն իր համար նոր հնարավորություններ է բացել և ուրախ է, որ տարիների ընթացքում մարդիկ սկսել են ավելի լուրջ վերաբերվել այս հարթակին։ 

Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Կոլյան իր տեսանյութերի նկարահանումներին ներգրավեց նաև իր կուրսի ընկերներից մեկին՝ Ագնեսին, որին այդ ընթացքը շատ դուր եկավ և, ոգեշնչվելով,  ինքն էլ բացեց իր ալիքը։

«Հետևում էի արտասահմանյան վլոգերների, որոնք ինձ հետաքրքրող թեմաներ էին ներկայացնում ինքնախնամքի, նորաձևության, դիմահարդարման մասին, իսկ հայերենով նման բովանդակություն ուղղակի չկար։ Ես մտածեցի, որ կարող եմ այդ թեման ինքս ներկայացնել, բացեցի ալիք, և դա  համընկավ «Ես եմ մեդիան» դպրոցի մեկնարկի հետ, և դա հիանալի սկիզբ էր ինձ համար»,- վերհիշում է Ագնես Խերանյանը։

«Երբ գիտակցում ես, որ քեզ տասնյակ հազարավոր մարդիկ են հետևում,  շատ ավելի մեծ պատասխանատվությամբ ես մոտենում քո արած աշխատանքին, որպեսզի հանկարծ քո տված խորհուրդներով չվնասես ոչ ոքի»։

Վլոգերները «Արարատ չելենջ» նախաձեռնության ժամանակ

«Եթե այլ հարթակներ, ինչպես օրինակ Իստագրամը կամ Տիկտոկը ստիպում են մեզ կարճ հիշողությամբ ապրել և տասը վայրկյանում ասելիքդ տեղ հասցնել, ապա  Յություբը հնարավորություն է տալիս լայնածավալ վիզուալ արտադրանք ստեղծել՝ առանց ժամային սահմանափակման, այն կարծես հանրագիտարան լինի, որտեղ ամեն ինչ գեղեցիկ դասավորված է և հեշտությամբ կարող ես գտնել քո փնտրած ալիքի կոնկրետ օրվա նյութը»,- պատմում է դպրոցի մասնակից Հայկ Մկրտչյանը։ 

Նա իր ալիքում փորձում է համատեղել կրթական թեմաներն ու ժամանցային բովանդակությունը, փորձարկում է տարբեր ձևաչափեր նոր լսարան ներգրավելու համար։ Հայկը կարծում է, որ այսօր հայերենով կրթական բովանդակությունը շատ քիչ է և արդյունավետ կլիներ, եթե մրցակցություն լիներ այս ոլորտում, դա կխթաներ ընդհանուր որակի բարելավմանը։

Իսկ Շուշան Ստեփանյանը, որը  փորձում է օգտագործել բոլոր հարթակների հնարավորությունները, խնդիր չի տեսնում, որ մրցակցությունը քիչ է, քանի որ ազատ դաշտը թույլ է տալիս  որոշակի նշաձող սահմանել և առաջատար դիրք զբաղեցնել։ Նա շատ բծախնդիր է իր ստեղծած արտադրանքի որակի նկատմամբ և հավատացած է, որ դա է պատճառը,  որ իր ալիքը չնայած փոքրաթիվ տեսանյութերի, համեմատաբար մեծ լսարան ունի։

«Ես եմ մեդիան» դպրոցի ընթացքում ծրագրի համակարգողների մոտ նոր մտքեր ի հայտ եկան․ Մեդիա նախաձեռնությունների  կենտրոնի և վլոգերների ջանքերով Յություբում բացվեց դպրոցի ընդհանուր ալիքը, որտեղ պարբերաբար տարբեր կրթական նյութեր են վերբեռնվում։

Ծրագրի մասնակիցները իրենց ձեռք բերած գիտելիքները մարզերի իրենց հասակակիցների հետ կիսելու համար  եղան նաև Հայաստանի տարբեր քաղաքներում։ Համավարակի ընթացքում այդ դասընթացները տեղափոխվեցին օնլայն հարթակներ, ինչի արդյունքում ծրագրի ընթացքում կուտակված ողջ փորձն ու հմտությունները ամփոփվեցին մեկ օնլայն դասընթացում՝ 15 վիդեո դասերն արդեն անվճար հասանելի են «Ես եմ մեդիան» ալիքում։

Վլոգերները «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցում

Ծրագրի երեք տարիները ամփոփելով՝ մասնակիցները բազմաթիվ քննարկումներ ունեցան, նախանշեցին հետագա անելիքները, կարևորեցին ոլորտի կարգավորող մարմին ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ստեղծեցին վլոգերների համար էթիկայի կանոններ, որոնք կօգնեն էլ ավելի պատասխանատու լինել իրենց կատարած աշխատանքի համար և ազնիվ իրենց լսարանի հետ։

Վլոգերները, ցավով են արձանագրում, որ Google-ը Հայաստանի փոքր շուկան չի դիտարկում որպես շահութաբեր և  հայ յություբերներիը դեռևս հնարավարոթյուն չունեն մոնտիզացնել իրենց արտադրանքը։

IT և մեդիա փորձագետ Արթուր Պապյանն  արդեն մի քանի տարի է տարբեր նախաձեռնությունների կազմում է, որոնք Բարձր տեխնորոգիական  արդյունաբերության նախարարության հետ համատեղ փորձում են Google-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Յություբը հայաֆիկացնելու և մոնետիզացնելու համար։ Այսօր այդ գործընթացում դեռ որևէ զգալի առաջընթաց չկա։

«Google-ը բազմաթիվ պայմաններ է դնում, խնդիրներից մեկն էլ Paypal-ն է, որը դեռևս հասանելի չէ Հայաստանում։ Իհարկե, այս հանգամանքը դժվարություններ է ստեղծում, քանի որ ալգորիթմը չի ճանաչում հայկական բովանդակությունը։ Սակայն սա չի նշանակում, որ Յություբով գումար աշխատել հնարավոր չէ, և այստեղ ճկունություն է պետք, և ինչքան էլ որակյալ բովանդակություն ստեղծես դա բավարար չէ հաջողության համար, այսօր մարկետինգը գործի կեսն է»,- ասում է Արթուր Պապյանը։ 

Երիտասարդ վլոգերները համոզված են, որ Յություբի տեղայնացումը Հայաստանում կօգնի իրենց ստեղծած բովանդակության առաջխաղացմանը և  ավելի բազմազան ալիքների ստեղծմանը, ինչպես նաև կխթանի ընդհանուր դաշտի կայացմանը։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *