Ապրիլի 14-ին կայացած Ազգային ժողովի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսեց Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին, որը իր հետ կբերի ոչ միայն ներդրումներ, այլև այլ խոշոր տնտեսական ծրագրեր։
Ըստ վարչապետի՝ եթե երկաթուղային հաղորդակցությունը դեպի Իրան և Ռուսաստան բացվի, ապա «վստահաբար կունենանք պղնձաձուլարան՝ հետագա ցիկլերով վերամշակման պղնձի ձուլակտորների, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման […] համար»։ Վարչապետը ասաց, որ Հայաստանը պետք է լինի ոչ թե պղնձի հանքաքար, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանող երկիր։
Պղնձաձուլարանի հնարավոր կառուցումը վարչապետը ներկայացնում էր որպես Հայաստանում կտրուկ տնտեսական աճի ծրագիր։ «Հայաստանը տիրապետում է […] 21-րդ դարի 2 նավթի հսկայական պաշարների՝ մեկը պղինձն է, մյուսը ջուրը», ասաց Փաշինյանը:
Պղնձաձուլարան կառուցելու և մաքուր պղինձ ստանալու մասին խոսակցությունները Հայաստանում նոր չեն։ Թեև այս ծրագիրը գրավիչ է թվում, դրա իրականացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ կան։
Ինչո՞ւ է պղնաձուլարան կառուցելը խնդրահարույց
Ալավերդիում արդեն կա մեկ խոշոր պղնձաձուլարան, որի շահագործումը այժմ կանգնեցված է։ Ալավերդու ձուլարանը, սակայն, արտադրում էր «կեղտոտ» պղինձ (blister copper)՝ միջանկյալ հումք, որը դեռ պետք է մշակել մաքուր պղինձ ստանալու համար։
Փաշինյանը խոսում էր նոր, ժամանակակից ձուլարանի մասին, որտեղ մաքուր պղինձ ստանալու հնարավորություն կլինի։ Իսկ վարչապետի նշած պատրաստի պղնձյա արտադրանք ստանալու համար պետք է մի ամբողջ արդյունաբերական ոլորտ․ ոչ միայն հանքավայրեր և ձուլարան, այլև գործարաններ, որտեղ նախ՝ կարտադրվեն տարատեսակ պղնձյա իրեր, հետո էլ՝ կիրացվի ձուլարանում գոյացած ծծմբական թթուն։
2016 թ․ Համաշխարհային բանկի «Հայաստան․ հանքարդյունաբերության ռազմավարական ոլորտի կայուն զարգացման գնահատում» զեկույցում նշվում է, որ ձուլարաններից գոյացած ծծբաթթվով ջրի ախտոտումը հանքարդյունաբերության ոլորտի ռիսկերից մեկն է։
Ծծմբական թթուն կարող է չափազանց վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար։ Բայց այն նաև շատ պահանջված հումք է, որը օգտագործվում է տարատեսակ արտադրություններում (օրինակ՝ պարարտանյութերի, մարտկոցների և այլն)։
Բավարար մեծության արտադրական ոլորտ, որը կկարողանա իրացնել ամբողջ գոյացած ծծմբական թթուն, Հայաստանում չկա։ 2002 թ․ ՀՀ կառավարության և Ճապոնիայի պետական Միջազգային զարգացման գործակալության համատեղ զեկույցում ասվում էր, որ Հայաստանում ծծմբական թթվի պահանջարկ չկար, իսկ դրա արտահանումը չէր կարող լիներ շահութաբեր, քանի որ չափազանց թանկ էր նստում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը ձուլարան կառուցելը համարում է սխալ
Հայաստանի ամենամեծ հանքավայրի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը մի քանի օր առաջ «Սիվիլնեթի» եթերում քննադատեց ձուլարանի կառուցման կառավարության պլանները։
Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահն է։ Նա եղել է Սյունիքի մարզպետը։
Ըստ Հակոբյանի՝ ձուլարանում գոյանում է 25-30% խտությունով «ծայրահեղ ագրեսիվ» ծծմբական թթու։ Տարբեր լուծույթներից ծծմբաթթուն մաքրելու համար հարկավոր է առանձին արտադրամաս, որտեղ դրա խտությունը կբարձրավի 90% և ավել, որպեսզի թթուն դառնա ավելի «պասիվ» և այն հնարավոր լինի տեղափոխել։
Հակոբյանը կարծում էր, որ ծծմբաթթուն չի կարելի պահել Հայաստանի նման փոքր երկրում, սակայն արտերկրում այն վաճառել Հայաստանը դժվար թե կարողանա։ Հակոբյանը նաև կասկածոմ էր, որ հարևան երկրները թույլ կտան արտադրությունից գոյացած թունավոր նյութերը տեղափոխել իրենց տարածքով։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: