2021.04.09,

Նյուսրում

Ռուս խաղաղապահները մերժում են օտարերկրյա լրագրողների մուտքը Արցախ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders, RSF) կազմակերպությունը դիմել է Ռուսաստանին, կոչ անելով դադարեցնել միջազգային լրագրողների մուտքի մերժումը Լեռնային Ղարաբաղ, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ 

RSF-ը կոչ է արել նաև ՄԱԿ-ին և Եվրախորհուրդին՝ հարգել տեղեկատվության ազատության և տեղեկացված լինելու իրավունքը։

«Լեռնային Ղարաբաղում այժմ խաղաղություն է՝ անցյալ աշնան վեց շաբաթների արյունալի պատերազմից հետո և անվտանգությունը պահպանում են ռուս խաղաղապահները, բայց լրագրողական ակտիվության վերահսկումը ուժեղացել է»,- ասված է հայտարարության մեջ։

RSF-ը հայտնում է, որ սկսած այս տարվա փետրվարից առվազն 10 միջազգային լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել Արցախ՝ Լաչինի միջանցքով։

Այդ լրագրողներից է լուսանկարիչ Քրիստոֆ Պետի-Թեսսոնը, որն ասել է, թե հունվարից հետո փոխվել են կանոնները և ավելի բարդ է դարձել այցելել Լեռնային Ղարաբաղ։

Ֆրանսիական М6 հեռուստաընկերության լրագրող Վինսենթ Պրադոն պատմել է, որ առանց որևէ բացատրության մի քանի անգամ մերժում է ստացել ռուս խաղաղապահներից և այդպես էլ չի կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։

Նման անսպասելի մերժում են ստացել նաև Guardian-ի ու CNN-ի համար աշխատող կանադացի ֆրիլանս լրագրող Նիլ Հաուերը և բրիտանացի լրագրող Մարք Սթրաթոնը, որը նաև իր հիասթափություն մասին խոսել է BBC-ի հարցազրույցում։

Լուսանկարիչ Քիրան Ռիդլին թեև ուներ տարածք այցելելու թույլտվություն, սակայն ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղ տանող ռուսական անցակետից նրան ստիպել են հետ վերադառնալ։

Ֆրանսիական France 24 լրատվական հեռուստաալիքի լրագրողներ Ջոնաթան Վոլշն և Մոհամեդ Ֆահրատը կարողացել են այցելել Լեռնային Ղարանաղ մարտ ամսվա սկզբին, սակայն դա նրանց հաջողվել է միայն իրենց ունեցած տեղական արտոնյալ կոնկտակտների շնորհիվ։

«Ռուս զինվորները համակարգված կերպով մերժում են ավելի ու ավելի մեծ թվով օտարերկյա լրագրողների մուտքը։ Այս խոչընդոտման համար օբյեկտիվ հիմքեր չկան: Լրագրողները սպառնալիք չեն տարածքի անվտանգությանը, որը երաշխավորում են խաղաղապահ զորքերը», – ասել է RSF- ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Քավելիեն։

Հայտարարության մեջ ասվում է, որ կարևոր է հարգանքը տեղեկատվության ազատության հանդեպ՝ հատկապես հակամարտության ու հետպատերազմյան իրավիճակներում։

«Առանց միջազգային լրատվամիջոցների Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ լրատվության և տեղեկատվության «սև խոռոչ»: Մենք Ռուսաստանի իշխանություններին կոչ ենք անում թույլատրել լրագրողներին մուտքը՝ անկախ նրանց ազգությունից»,- ասել է Ժաննա Քավելիեն: 

RSF-ը նաև հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրում չկա հատուկ կետ, որը կարգավորում է լրագրողների մուտքը։ Հետևաբար մեդիայի ներկայացուցիչների հավատարմագրումը տրամադրում են չճանաչված Արցախի Հանրապետության հյուպատոսությունները կամ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն։

Սակայն փաստացի ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրում կամ մերժում են Ռուսաստանի խաղաղապահները, որոնք իրենց որոշման մասին ծանուցում են օտարերկրացիներին պլանավորված այցի անմիջապես նախօրեին: 

Նման դեպքերի մասին խոսել է ֆրանսահայ ֆոտոլրագրող Մարկ Սիվազյլանը, որը ուղեկցում էր լրագրողական խմբերին ու բախվել է նման մերժումներին։

RSF-ն իր հայտրարարության մեջ ընդգծում է, որ լրագրողների մուտքը Լեռնային Ղարաբաղ սահմանափակում է նաև Ադրբեջանը, որը ղեկավարում է ավտորիտար նախագահը։ Օրինակ, France 24-ի և եվրոպական Arte հեռուստաալիքի նկարահաող խմբերը խստորեն վերահսկվել են Ադրբեջանում և հնարավորություն չեն ունեցել ազատորեն ռեպորտաժներ պատրաստել:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորվել է առնվազն 7 լրագրող (այստեղ կարելի է ծանոթանալ դեպքերին): 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը առաջարկում է ուշադրություն դարձնել նաև հակամարտության գոտում վնասվածք կամ վիրավորանք ստացած լրագրողների հետագա ճակատագրի վրա։

Երեք հայաստանցի լրագրող` Ավետիս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը («Արմենիա» հեռուստաընկերության), Սևակ Վարդումյանը (24news.am) հոկտեմբերի 1-ին վիրավորվել էին Մարտունի քաղաքի հրթիռակոծության ժամանակ։ Նույն օրը սպանվել էր տեղացի ֆիքսերը, որի եղբայրը՝ լրագրողների հետ միասին դատական հայց է ներկայացնրել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ։

Այդ դատական գործը մեկնարկել է մարտի 26-ին։

Որպես ամփոփում՝ RSF- ը հրապարակում է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, ըստ որի չափվում է 180 երկրների դիրքը մամուլի ու տեղեկատվության ազատության սանդղակում։

2020-ին Հայաստանը 61-րդն էր, Ռուսաստանը`149-րդը, իսկ Ադրբեջանը`168-րդը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *