2021.03.10,

Տեսակետ

«Միջազգային լրագրողների մուտքի հարցը Արցախ լուծված չէ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ֆոտոլրագրող Մաքս Սիվասլյանը արցախյան պատերազմների վավերագրողներից է։ Նրա լուսանկարները՝ արված 1990-ականներին ու հետո արդեն 2016-ին, այն հարուստ արխվային պահոցն է, որը թույլ է տալիս պատկերացնել ժամանակը, մարդկանց՝ ծայրահեղ պայմաններում։ 

Նա ասում է, որ 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե չի տեսել, քանի որ պատերազմի առաջին օրերին բարդ էր տեղաշարժվելը, իսկ հետո արդեն կորոնավիրուսով վարակվելու պատճառով ստիպված եղավ ընդհատել աշխատանքը։

Բայց Մաքս Սիվասլյանը այսօր տեսնում է լուրջ խոչընդոտներ, որոնք առաջանում են Արցախ մեկնել ցանկացող միջազզային լրագրողների համար։

2020-ի պատերազմը ի՞նչ հետք թողեց լրագրողների այսօրվա աշխատանքի վրա։

Կարող եմ ասել, որ այս պատերազմը ես գրեթե չտեսա։ Առաջին շաբաթը, երբ Ստեփանակերտում էի, բոլոր լրագրողները հատուկ ստեղծված Մամուլի կենտրոնի վերահսկողության տակ էին։ Այսինքն, վերահսկողությունը բանակի ձեռքում էր։ Շատ բան արգելվում էր լրագրողներին։ Ես մի քանի անգամ փորձել եմ միայնակ գնալ Արցախի այն կետեր, որտեղ լարված իրավիճակ էր, բայց առաջին շաբաթվա ընթացքում չկարողացա դա անել, թեև բոլոր թույլատրված թղթերը ունեի։ Օրինակ, ոստիկանները և զինվորները թույլ չտվեցին մտնել Հադրութ։ Այն ժամանակ ոչ մի վտանգ չկար, բայց հենց հաջորդ օրը սկսվեցին կրակոցները Մարտակերտի, Մարտունու վրա, հետո երկու ֆրանսիացի լրագրող Le Monde թերթից ընկան կրակահերթի տակ և վիրավորվեցին։

Այնպես որ, չեմ կարող շատ խոսել այս պատերազմի մասին, քանի որ շատ բան չեմ տեսել։

Հիմա երբ պաշտոնապես պատերազմը ավարտվել է, լրագրողները մուտքը Արցախ նույնպես բարդ է։ Վերահսկողությունը ավելի՞ է խստացել։

Իմ կարծիքով՝ հիմա շատ ուժեղ կոնտրոլ կա։ Վերջերս երեք ֆրանսիացի լրագրողներ տարբեր հեռուստաալիքներից՝ France24, ARTE, M6, չկարողացան մուտք գործել Արցախ:

Չկարողացան, թեև ունեին բոլոր թույլտվությունները, որոնք տվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը, նաև Փարիզում Արցախի ներկայացչությունը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով փետրվարի 22-ին եկան Երևան, ամսի 24-ին պիտի գնային Ստեփանակերտ՝ մեծ ռեպորտաժներ անելու, բայց չկարողացան։

Ինչու՞։

Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչությունը ձգձգում էր վիզայի հարցը։ Ֆրանսիացի լրագրողները, որոնց ես պիտի ուղեկցեի Արցախ, նորից զանգեցին Ֆրանսիայի դեսպանին ու Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին և ստացան պատասխան, որ երկու օրից այդ հարցը կլուծվի, նորից պետք է գալ՝ նոր վիզա ձևակերպելու։ Բայց չստացվեց։

Պիտի ասեմ, որ դա առաջին անգամ չէր, երբ ֆրանսիացի լրագրողներին թույլ չտվեցին գնալ Արցախ։

Փետրվարի առաջին օրերին ես ուղեկցում էի ֆրանսիացի լրագրողին՝ ամենախոշոր RadioFrance ալիքից։ Մենք հանգիստ անցանք առաջին անցակետը, որը վերահսկում էին հայ և ռուս զինվորները։ Նրանք պարզապես ուսումնասիրեցին ֆրանսիական անձնագրերը, լուսանկարեցին դրանք, տեսան, որ կա վիզա՝ տրված Ֆրանսիայում և թողեցին գնալ առաջ։ Իսկ արդեն երբ անցանք Աղավնո գետն ու հասանք մյուս անցակետին, զինվորներն այլևս փակեցին մեր առջև ճանապարհը։

Մենք զանգեցինք դեսպանատուն՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։ Բոլորը զարմացան, ու փորձեցինք պարզել, թե ինչ անել։ Ոչինչ չստացվեց։

Ասեմ, որ նույն ժամանակ, փակեցին մուտքը դեպի Արցախ նաև Լիոն քաղաքի նախկին քաղաքապետի առջև, որը լրագրող չէր, այլ եկել էր օգնություն հասցնելու։ Բայց քաղաքապետը հետագայում մի քանի օր սպասելով Գորիսում, այնուամենայնիվ գնաց Արցախ. Արցախի կառավարությունը նրա հետևից ավտոմեքենա ուղարկեց։ Եվ ֆրանսիացի ֆոտոլրագրողն էլ միացավ նրան։

Բայց դա փետրվարի առաջին օրերին էր։ Հետո որքան տեսանք, իրավիճակը ավելի խստացավ և նույն անցակետով այլևս չենք կարող անցնել։ Արդեն փետրվարի 26-ին պարզապես ասում են՝ ոչ, չի կարելի։

Իսկ ո՞վ է ասում։

Ռուսները և ադրբեջանցիները։ Օրինակ, ռուս զինվորը մեզ ասաց, որ կա ռուս-ադրբեջանական ցուցակ, որով էլ որոշում են, թե ով է գնալու Արցախ։ Եվ ֆրանսիացի լրագրողներն այդ ցուցակում չկան։

Հայկական կողմը ոչինչ չի՞ կարողանում հակադարձել։ 

Չգիտեմ։ Պատերազմում պարտությունից հետո հայտնվեցինք այս վիճակում։

France24-ը և ARTE-ն միաժամանակ երկու լրագրողական խումբ էին ուղարկել Հայաստան ու Ադրբեջան։ Եվ Ադրբեջանում լրագրողները ազատ չեն կարողացել ընտրել, թե ինչ նկարել (գիտեք, որ այնտեղ լրագրողները ազատ չեն ու կան սահմանափակումներ)։ Օրինակ, նրանց մեկ օր տարել են Ծիծեռնավանք եկեղեցի, հետո երեք օր պահել են Խոջալուում։ Լավ հասկանում եք, թե հիշողությունների ինչպիսի մանիպուլյացիաներ են եղել։

Իսկ հայկական կողմից, փաստորեն, նրանց պարզապես թույլ չի տրվել մտնել ու նկարահումներ անել։ Չեն ուզել, որ միջազգային լրագրողները տեսնեն, խոսեն, ցույց տան, որ լսելի լինի նաև մեր ձայնը։

Մենք կորցնու՞մ ենք վերահսկողությունը։

Վախենամ, որ արդեն կորցրել ենք։ Ադրբեջանը, Թուրքիան նաև Ռուսաստանը առանձնապես դեմոկրատական երկրներ չեն, որտեղ պաշտպանված են մամուլի օրենքները։ Եվ որքան մամուլը հեռու է իրականությունից, այնքան նրանք ուրախ են։

Բայց խնդիրը մեր կողմում է։ Ինչպե՞ս պիտի լինի, եթե այլևս չենք կարողանալու գնալ Արցախ։ Ասենք, վաղը ինձ էլ կարող են չթողնել։ Թեև հայաստանյան անձնագիր ունեմ, բայց աշխատում եմ ֆրանսիական Nouvelles d’Arménie-ում, և մի օր կարող են ասել, որ ես էլ չեմ կարող այլևս գնալ Արցախ։

Իսկ միջազգային լրագրողները շատ կարևոր են։ Եթե լրագրողները չկարողանան ազատ մուտք ունենալ, մի օր էլ բոլորը կմոռանան, որ ընդհանրապես կա Ղարաբաղի հարց։

Կռիվ չկա, բայց վաղը ինչ պիտի լինի, չգիտենք։ Հասկանալի չէ, թե ով է որոշում Արցախ մուտք գործելու հարցը։

Ես լրագրող եմ, չեմ ուզում խառնվել քաղաքականությանը։ Բայց նաև հայ եմ։ Եվ իմ մեջ հիմա արդեն ոչ թե լրագրողն է խոսում, այլ հայը։ Ի՞նչ պիտի լինի։

Իսկ ֆրանսիական կառավարությունը չի՞ պահանջում բացատրություններ, թե ինչու թույլ չեն տվել լրագրողներին աշխատել Արցախում։

Ընդհանրապես ողջ պատերազմի ընթացքում Եվրոպան լռեց, և միայն Ֆրանսիայի նախագահը խոսեց։ Բայց հիմա, երբ Արցախում Ռուսաստանն է, և այնտեղի ժողովուրդը ռուսների ներկայությունից առանձնապես չի բողոքում, քանի որ այդպես իրենց ապահով է, դժվար թե եվրոպական երկրներից լսենք պահանջ։

Այսօր, այո, այդպես է. եթե անգամ ռուսների ներկայությունը Արցախում համարվում է օկուպացիա, ապա դա նաև ապահովություն է։

Բայց միևնույն է միջազգային լրագրողների մուտքի հարցը լուծված չէ։ Գիտեմ, որ ապրիլի 6-ին Ֆրանսիայից նոր պատվիրակություն է գալու, որ գնա Արցախ։ Չգիտեմ նրանց հետ կլինի լրագրող, թե ոչ, բայց որքան հասկանում եմ, հիմնականում թույլտվություն չեն տալիս հենց լրագրողներին։

Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց թույլ չտան Արցախ գնալ նաև բոլոր օտարերկրացիներին։

Հիմա անցակետերում մեծ ուշադրությամբ նայում են, թե որտեղ ես ծնվել։ Օրինակ, իմ անձնագիրը սովորական ռուս զինվորը շատ երկար էր ուսումնասիրում՝ տեսնելով, որ ծնվել եմ Ֆրանսիայում։ Հետո նկարեց այն հեռախոսով, ուղարկեց ինչ-որ մեկին, ստուգեց։ Ի՞նչ արած, մոնիթորինգ է ողջ տարածքում։

Կարող է հետագայում պարզվել, որ նրանք, ովքեր Ղարաբաղ են գնացել առանց Բաքվի թույլտվության, հայտնվելու են կարմիր ցուցակում։

Այս պատերազմը կարծես ոչ թե մարդկանց, այլ տեխնիկայի պատերազմ էր։ Եվ անգամ լուսանկարները արդեն ոչ թե մարդակենտրոն էին, այլ արված արբանյակային կապով, դրոններով։

Կարելի է ասել, որ դա սկսվեց 2016-ի պատերազմից։ Ես տեսա, որ կա լուրջ փոփոխություն, և լրագրողներն արդեն ազատ չեն։ Վերահսկողությունը մեծ էր։

Առաջին պատերազմը, որը ես նկարել եմ երկու տարի, ժապավենների շրջան էր։ Եվ պետք էր լուսանկարը երկար նախապատրաստել, երբեմն օրերով ու շաբաթներով՝ մինչև այն ուղարկվեր, երևակվեր և տպագրվեր։ Իսկ թվային տեխնոլոգիաները օգնեցին նույն վայրկյանին ֆոտոները ուղարկել, և ժամանակի գործոնը կորավ։

Փոխարենը եկավ այլ տիպի վերահսկողություն։ Արդեն հայտնվեցին արգելքներ նկարելու որոշ տեղեր, մարդկանց։ Արդեն լրագրողին մեքենայով ուղեկցում էին դեպի այն վայրեր, որոնք թույլատրվում էր նկարել։ Եվ լրագրողն արդեն չէր առերեսվում իրականության հետ։

Առաջին պատերազմի ժամանակ նաև կար ցանկություն այն ցույց տալու, պատմելու։ Հետո թերևս որոշեցին ցույց չտալ դժվարությունները, եթե իհարկե, դրանք կան։

Հայերին ընդհանրապես բնորոշ է խուսափել դժվարությունները ցույց տալուց։ Եթե օրինակ, կռիվ է, կան վիրավորներ կամ արյուն, սովորաբար բոլորն ասում են՝ մի նկարի, մի նկարի մեզ։

Իսկ եթե ամեն ինչ հանգիստ է, հենց զինվորներն են ուզում, որ իրենց նկարեն, ասելով՝ ախպեր ջան, նկարի մեզ։ Բայց դա ասում են, եթե մաքուր հագնված են, սափրված ու կարող են ժպտալ։ Երբեմն մտքում մտածում էի՝ ի՞նչ նշանակություն ունի սափրված լինելը, եթե պատերազմ է։

Այո, նկատել եմ, որ երբ վիճակը վատանում է, հայերը չեն ուզում այդ վիճակը տեսնել։ Բայց էլի եմ ասում՝ այս պատերազմը ես չտեսա, և ասում եմ իմ զգացածի մասին։

Ու գիտեմ, որ միշտ սկսվում են մեծ խնդիրներ, երբ մամուլի աշխատանքն է արգելվում կամ դժվարանում։ Եթե չենք ուզում, որ աշխարհը մոռանա մեր հարցը, պետք է դիվանագիտական ձևով կարողանանք խոսել Ռուսաստանի հետ։ Եվ կարծում եմ, այստեղ մեծ դեր ունի Ռուսաստանում հայկական սփյուռքը։

Գիտեմ նաև, թե որքան ուրախ են ղարաբաղցիները, երբ տեսնում են միջազգային լրագրողներին։ Նրանք շատ բան ունեն պատմելու։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Հ․Գ․ Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը Media.am-ին ասաց, որ Արցախի Հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացիների անարգել, անխոչընդոտ և անվտանգ մուտքի թույլատվության տրամադրման մեխանիզմը դեռ կատարելագործման փուլում է։ Ըստ Ներսիսյանի՝ այն դեպքերում, երբ արտասահմանցի լրագրողները սահմանված կարգի համաձայն դիմում և ստանում են մուտքի թույլատվություն և հավատարմագիր, գործնականում սահմանի վրա խնդիրների առաջացումը գրեթե բացառված է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *