2021.04.07,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-5

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ո՞վ պետք է … չափ դնի խոսքին և լռությանը։
Մովսես Խորենացի

Բ. «Էս հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»

1-ին մաս

Բնական է, որ ցանկացած երկիր դաշնակիցների կարիք է զգում, հատկապես, երբ պատերազմի մեջ է։ Համեմատությունը ցույց է տալիս, որ արտաքին օգնության ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել Արցախյան II, քան I պատերազմի մեդիայում, թեև 1990-ականների սկզբին Հայաստանը չուներ՝

կանոնավոր բանակ, 
սպառազինություն ձեռք էր բերում հընթացս, 
տնտեսությունը գահավիժում էր առանց կայունանալու նշույլների։ 

2020-ի աշնանը որոշակի ԶԼՄ-ներում արտահայտվող տրամադրությունները լավ կբնորոշի անեկդոտը, որի համար նախօրոք ներողություն եմ խնդրում՝ մեր պատմության հերոսական դրվագների մեկի՝ Ավարայրի մասին է։ Ճակատամարտի նախօրեն է, պարսիկները ձիերի թամբերն են ստուգում, նետերը դարսում կապարճների մեջ, փղերի խմեցնելիք գինին է նախապատրաստում, իսկ հայկական ճամբարում… բոլորը խմում-քեֆ են անում։ Աստված վերից նայում-զարմանում է. «Էս հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»։ 

Ո՞րն էր հայկականի կողմի հույսը «44-օրյա պատերազմում»։

Իրան

Ավարայրի դաշտում Պարսկաստանը մեր թշնամին էր։ Արցախյան II պատերազմից առաջ, ընթացքում ևս Իրանը բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ է արել ի նպաստ Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Հակառակ դրան, հայկական մեդիան պարբերաբար դիմում է քաղաքագետներին հարավային հարևանից ակնկալվող օգնության թեմայով, Արաքսի ափին իրանական զորքի կուտակումը դիտարկում է հայանպաստ, պատերազմի ավարտին մոտ միջազգայնագետ Արարատ Կոստանյանը (նաև՝ արևելագետ, Ավստրալիայի Ազգային Համալսարանի շրջանավարտ) ուղղակի ռազմական դաշնակցություն է պահանջում։  

«Իրավունք», 30.10.20

Հայաստանում քաղաքագետների դասը սոցցանցերում կատակների առիթ է դարձել։ Նրանց հասցեին պարբերաբար օգտագործվում է «վերլուծագանգեր» պիտակը, որի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Բառախաղը իմ ճաշակով չէ, բայց քաղաքագետ ներկայացողների հանդեպ հեգնանքը պատմական հիմք ունի։ Ինչպես ՍՍՀՄ փլուզումից հետո աթեիզմի դասախոսները «մի գիշերում» դարձան կրոնագետ, այնպես էլ գիտկոմ (գիտական կոմունիզմ) դասավանդողները՝ քաղաքագետ։ Հետագա երեսուն տարում հարյուրավոր մարդիկ հանդես եկան որպես քաղաքագետ, բայց այդպես էլ չձևավորվեց մասնագիտական հանրույթ, որը կկատարեր քաղաքական գործընթացները հասարակությանը բացատրելու առաքելությունը, գոնե երբեմն թարմ մտքեր կարտահայտեր, գաղափարներ կհուշեր։ 

Սեպտեմբերի 27-ից մեկ ամիս անց, երբ Իրանի արտգործնախարարն շրջագայության էր դուրս եկել 7 շրջանը Ադրբեջանին հանձնելու իր սեփական ծրագրով, Պուտինը հայտարարել Էրդողանի հետ իր առանձնահատուկ հարաբերությունների մասին, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «հայտնաբերում է» Թուրքիային ծնկի բերելու բանաձևը. «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնություն ձևավորվի, Թուրքիան շանս չունի»։

Հարցազրույցը լույս է տեսել «Փաստ» թերթում, տարածել են 24news.am-ն ու «Իրավունքը»։

Այս ամենը նվազ ողբերգական կլիներ, եթե լրագրողները Իրանի օգնության մասին սևեռուն հարցերով չհալածեին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանին, որը, ի վերջո, խորհրդավորության քողի ներքո ակնարկեց, թե իրանցիները թև ու թիկունք են մեզ։

Իսկ միգուցե Արցախյան I պատերա՞զմն էր հիմք տվել ինչ-որ հույսեր տածելու։ Հայաստանի հանդեպ որոշ բարյացակամություն Իրանը ցուցաբերել է, չնայած այդ երկրի միջնորդական առաքելությանը հասցված լուրջ հարվածին, երբ ճիշտ նախագահ Տեր-Պետրոսյանի Թեհրան այցելելու օրը հայկական ուժերը գրավեցին Շուշին։ Ավելի ուշ, 1994 թ. օգոստոսին Իրանի հեղափոխության առաջնորդը հրահանգեց «անմիջապես մահապատժի ենթարկել յուրաքանչյուրին, որը զենք կմատակարարի Հայաստանին» («Գոլոս Արմենիի», 25.08.94)։ Հիշենք, որ Սպառնալիք, որ Իսլամական Հանրապետությունում մահապատիժը վերացված չէ, և պարբերաբար իրագործվում է։ 

Սա անցյալի առասպելներով չսնվելու համար։ 

Իսկ նորագույն փափագները չափավորելու համար բավական է հիշել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հայտարարությունը, թե «Իրանը ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»: 

Իրանագետների սոցցանցային խմբում քիչ չեն վերլուծական ու տեղեկատվական կարևոր նյութերը, բայց մեդիայում ավելի հաճախակի են մեկ այլ օտար ուժի ապավինելու նրանց կոչերը, որոնց մասին կպատմի հոդվածի հաջորդ մասը։ 

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *