2021.03.22,

Քննադատ

Տնտեսական ճգնաժամը և մամուլի անկախությունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Կորոնավիրուսը, պատերազմն ու քաղաքական ճգնաժամը բազմաթիվ հետևանքներ են ունեցել և շարունակում են ունենալ մեր կյանքի վրա։ Մամուլի վրա էլ այս իրադարձություններն ունեցել են ծայրահեղ ծանր ազդեցություն։ Կեղծ լուրերի, ապատեղեկատվության աճ, օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք կարող են խոսքի ազատության վրա բացասական ազդեցություն ունենալ և այլն։ 

Սակայն կա ևս մի կարևոր խնդիր, որը գնալով խորանում է։ Խոսքը տնտեսական ճգնաժամի ազդեցությունն է մամուլի անկախության, իսկ ինչ-որ դեպքերում նաև գոյության վրա։ 

Հայաստանում մամուլը սովորաբար ունեցել է երկու իրարից տարբերվող խնդիր՝ քաղաքական ազատություններն ու ֆինանսական անկախությունը։ 

Ու չնայած հայաստանյան մամուլը ունեցել է քաղաքական ազատությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք շերտավորված էին։ Օրինակ, տարիներ շարունակ հեռուստատեսությունը ամենավերահսկվողն էր, իսկ ինտերնետային լրագրությունն աշխատում էր համեմատաբար ազատ միջավայրում։ 

Ֆինանսական անկախության հարցը որոշ դեպքերում նույնիսկ ավելի սրված էր, քան քաղաքական ազատության պահանջը։ Իհարկե, շատ դեպքերում ազատությունն ու անկախությունը իրարից անբաժան են, ձեռք ձեռքի տված։ 

Խնդիրը տարիների ընթացքում խորացել է։ Մի կողմից՝ հենց մամուլի մի մասի անազատության և տնտեսական վիճակի ոչ բարվոք լինելու պատճառով չի ձևավորվել կայուն և տարողունակ գովազդային շուկա։ Մյուս կողմից՝ խմբագրությունների մեծ մասում բիզնես մոդելները թերի են։ 

Այս ամենը միասին ստեղծում են մի միջավայր, որտեղ կոնկրետ խմբագրության ֆինանսական ակխաությունը դառնում է լրջագույն, իսկ շատ դեպքերում նաև՝ անիրական հարց։ 

Իսկ տնտեսական ճգնաժամը, որն արդեն տևում է մեկ տարի, էլ ավելի է խորացնում տարիների ընթացքում ձևավորված կիսա-անկախության վիճակը։ Փաստացի, շատ խմբագրություններ հայտնվում են սնանկության եզրին։ Տվյալ պահին շատերի գովազդային բյուջեները փաստացի կիսով չափ կրճատվել են։ 

Նույնիսկ այն բիզնեսները, որոնք ավանդապես մեծ ներդրում ունեին գովազդային շուկայում, այսօր շատ զգուշավոր են իրականացնում ծախսեր։ Ազդեցութուն ունի ոչ միայն տնտեսական իրավիճակը, այլև քաղաքական և հասարակական անկայունությունը, որոնք ստիպում են բիզնեսներին կրճատել գովազդային ծախսերը։ 

Գոյություն ունի նաև գովազդային շուկայի օբյեկտիվ վերաձևավորում, որը դեռ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի․ կազմակերպություներից շատերը վերջին մեկ, մեկուկես տարում գովազդային ծախսերի բավականին մեծ հատված (համեմատ նախորդ տարիների) ուղղել են սոցիալական ցանցեր, դեպի ինֆլյուենսեր մարքեթինգ։ 

Շատ դեպքերում բիզնեսը գերադասում է վճարել բլոգերներին կամ յություբյան վիդեո բլոգերներին, քան ավանդական մամուլին։ Սա հիմա պարզապես մոդայիկ թրենդ է ամբղջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ 

Տվյալ իրավիճակում՝ եթե միացվի նաև ինտերնետում շահումով խաղերի գովազդի սպասվող արգելքը (այս պահին, ըստ որոշ տվյալների, այն կազմում է ողջ ինտերնետային գովազդային շուկայի մոտ մեկ երրորդը), ապա մեդիադաշտում կարելի է սպասել լուրջ ցնցումների։ 

Իհարկե, սպասվող ընտրությունները որոշակի ժամանակով խմբագրություններին շնչելու հնարավորություն կտան, քանի որ քաղաքական գովազդի ներհոսքը սովորաբար բավականին մեծ է լինում։ 

Իսկ դրանից հետո, եթե չգտնվեն ելքեր, մամուլը ստիպված է լինելու որոշել՝ կամ  փակվել, կամ լավագույն դեպքում անցնել խիստ կրճատումների, զոհաբերել որակը և քանակը գոյատևելու և սնանկությունից խուսափելու համար։ Կամ էլ վերջնականորեն կորցնել անկախությունը քաղաքական կամ տնտեսական պատվիրատուից և վերածվել քարոզչական թերթիկների։ 

Այս ամենն արդեն մասնակի ունենք։ Սակայն, եթե թույլ տանք որ ճգնաժամը խորանա, չգտնենք լուծումներ, ապա ինչ-որ պահից կհատենք այն կետը, որից հետո վերադարձը կլինի խիստ կասկածելի։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *