2021.03.19,

Ստուգված է

Կողմնակի ազդեցության դեպքեր՝ AstraZeneca-ի կիրառումից հետո

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վերջին շաբաթների ընթացքում բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութից հնարավոր կողմնակի ազդեցությունների մի քանի դեպք գրանցվեց։ Նախ՝ թրոմբոզի դեպքերի պատճառով մի շարք եվրոպական երկրներ ժամանակավորապես դադարեցրին AstraZeneca-ի կիրառումը։ Ապա՝ հարևան Վրաստանում գրանցվեց AstraZeneca-ի ընդունումից հետո անաֆիլակտիկ շոկի և մահվան դեպք։ 

Չնայած այս դեպքերին՝ առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս շարունակել AstraZeneca-ի կիրառումը։ 

AstraZeneca-ն հենց այն պատվաստանյութն է, որը շատ երկրներ, այդ թվում է Հայաստանը, ձեռք են բերել Covax միջազգային ծրագրի շրջանակներում։ 

Մահ անաֆիլակտիկ շոկից

Անաֆիլակտիկ շոկը սուր ալերգիկ ռեակցիա է, որը զարգանում է շատ արագ՝ ալերգենի հետ շփումից մի քանի րոպեի կամ ժամվա ընթացքում։ Անաֆիլակտիկ շոկը որոշ դեպքերում կարող է լինել ծանր և բերել մահվան։ 

Մարտի 18-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում AstraZeneca-ի պատվաստումից հետո 27-ամյա բուժքույր Մեգի Բակրաձեի մոտ անաֆիլակտիկ շոկի դեպք գրանցվեց։

Պատվաստումը ստանալուց անմիջապես հետո բուժքույրը հարցազրույց էր տվել TV9 հեռուստաալիքին՝ կոչ անելով չվախենալ և պատվաստվել։ Սակայն հարցազրույցից կարճ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Նա տեղափոխվել էր Թբիլիսի, սակայն բժիշկները չէին կարողացել փրկել կյանքը։ Մարտի 19-ին բուժքույրը մահացավ։

Վրաստանում բուժաշխատողների պատվաստումը սկսվել է մի քանի օր առաջ։ Արդեն պատվաստվել է շուրջ 3,600 մարդ։ Բուժքույր Մեգի Բակրաձեի դեպքը AstraZeneca-ից անաֆիլակտիկ շոկի առաջին գրանցված դեպքն է Վրաստանում։ 

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զգուշացնում է, որ մարդիկ որոնք պատվաստանյութի որևէ կոմպոնենտից ալերգիա ունեն, պետք է խուսափեն այդ պատվաստանյութից։ AstraZeneca-ի բաղադրությունը կարելի է տեսնել այստեղ։

Ալերգիկ ռեակցիաներ հանդիպում են նաև այլ պատվաստանյութերի դեպքում։ Օրինակ՝ դեկտեմբերին երկու մարդու մոտ ալերգիկ ռեակցիա էր գրանցվել Pfizer/BioNTech պատվաստանյութը ստանալուց հետո։ Այդ դեպքում ռեակցիան ավելի թույլ է եղել և չի բելեր անաֆիլակտիկ շոկի ու մահվան։ 

Անաֆիլակտիկ շոկը չի համարվում տարածված կողմնակի ազդեցություն։ AstraZeneca-ի առավել տարածված կողմնակի ազդեցություններից է գլխացավը, ընդհանուր հոգնածության զգացողությունը, մկանային ցավը։  

Չնայած անաֆիլակտիկ շոկի գրանցված դեպքի, Վրաստանի առողջապահության նախարարը երեկ հայտարարեց, որ երկիրը կշարունակի օգտագործել AstraZeneca-ն։ Երեկ AstraZeneca-ով պատվաստվել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ 

Թրոմբոզի դեպքեր

Մարտի սկզբին Դանիայում գրանցվեց պատվաստումից հետո թրոմբերի առաջացման մի քանի դեպք։ Դանիայի իշխանությունները հայտարարեցին, որ առայժմ պարզ չէ, թե արդյոք գրանցված դեպքերի և պատվաստման միջև կապ կա, սակայն անվտանգության նկատառումներով որոշվեց դադարեցնել AstraZeneca-ի կիրառումը երկու շաբաթով։

Դանիայի օրինակին հետևեցին մի շարք եվրոպական երկրներ։ Կային երկրներ, որոնք շարունակեցին օգտագործել AstraZeneca-ն, ինչպես Էստոնիան, որտեղ վարակման տեմպը չափազանց բարձր է։ 

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը դեպքի առթիվ ուսումնասիրություն սկսեց։ Մարտի 18-ին գործակալությունը հրապարակեց իր եզրակացությունները․ պատվաստանյութի կիրառման օգտակարությունը շարունակում է գերազանցել հնարավող կողմնակի ազդեցության վտանգը։  

Ըստ գործակալության տվյալների, մարտի 16-ի դրությամբ AstraZeneca-ով Եվրոպայում պատվաստվել էր արդեն 20 միլիոն մարդ, մինչդեռ թրոմբերի առաջացման միայն 25 դեպք է գրանցվել։ Այսինքն՝ թրոմբի առաջացման հավանականությունը առայժմ համարվում է շատ ցածր՝ շուրջ մեկ դեպք յուրաքանչյում մեկ միլիոն պատվաստվածների մեջ։ 

Սակայն գործակալությունը նաև հավելեց, որ պետք է շարունակել հետազոտել թրոմբերի առաջացման դեպքերը և տեղեկացնել բժիշկներին և բուժառուներին նման ռիսկի մասին։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *