2021.03.09,

Ստուգված է

Փետրվարի 15-28-ի կեղծ ու հերքված լուրերը․ թեստ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Փետրվարի երկրորդ կեսին Հայաստանում լուրերի, այդ թվում՝ սխալ լուրերի պակաս նորից չկար։ Անցիր Media.am-ի թեստը և փորձիր ճանաչել հնարավորինս շատ կեղծ կամ մանիպուլյատիվ լուրեր։ Իսկ ավելի մանրամասն բոլոր այս պատմությունների մասին կարդա հոդվածում։

Ընդդիմության հանրահավաքը չէր չեղարկվել

Փետրվարի 20-ին՝ ընդդիմության հանրահավաքից առաջ, ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Մանուկյանը գրեց, թե առատ ձյան պատճառով հանրահավաքը չի կայանալու։ Օգտատերը այս տեղեկության որևէ աղբյուր չէր նշել, բայց խնդրում էր իր գրառումը տարածել, որպեսզի «իրազեկվեն  քաղաքացիները»։

Տեղեկությունը սխալ էր․ փետրվարի 20-ի հանրահավաքը կայացավ։

Շուշիի շրջանում մի շարք գյուղեր գտնվում են հայկական հսկողության տակ

Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց իշխանության կողմից հնչող այն մեղադրանքին, թե նա պատերազմի ժամանակ լքել է Շոշ գյուղի դիրքերը։

Վանեցյանը ասաց․ «Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է մնացել, որ մինչ օրս հայկական կողմի հսկողության տակ է։ Էդ ո՞նց հանձնեցինք մենք Շոշ գյուղը, որ մինչև այսօր հայկական հսկողության տակ է»։

Վանեցյանի խոսքերը մեկնաբանեց լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ նշելով, որ Շոշը Ասկերանի շրջանի գյուղ է, իսկ Շուշիի շրջանում հայկական վերահսկողության տակ են գտնվում մի շարք գյուղեր։

Այս քարտեզի վրա կարելի է տեսնել հայկական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը։

Քաղաքական գործիչները նենգափոխում են զոհերի և վիրավորների թիվը

Քաղաքական գործիչները մի քանի անգամ տարբեր թվեր նշեցին Արցախյան երկրորդ պատերզմում զոհվածների և վիրավորվածների մասին խոսելիս։

Այդպես, փետրվարի 28-ին երգչուհի, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը խոսեց «մինչև 7,000 զոհերի» մասին։ Պետրոսյանը չնշեց այս տեղեկության աղբյուրը։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3,577-ի։

Ավելի վաղ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց 10,000 անդամահատված զինվորների մասին։ Սակայն այս թիվը նույնպես խնդրահարույց է․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ պրոթեզավորման կարիք ունեն 120-ից 130 զինծառայող:

Երկու զուգահեռ հանրահավաքների ժամանակ հնչեցին սխալ և մանիպուլյատիվ պնդումներ

Փետրվարի 25-ին՝ վարչապետի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարությունից հետո, Երևանում միաժամանակ տեղի ունեցան ընդդիմության և իշխանության հանրահավաքները։ Media.am-ը հետևեց իրադարձություններին և առանձնացրեց օրվա սխալ կամ մանիպուլյատիվ լուրերը։

? Լրատվականները գրեցին, որ ԳՇ հայտարարությունը «Իմ քայլը» դաշինքը համարում էր «առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարություն»։ Իրականում հայտարարությունը մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականներ էին ստորագրել։

Լրատվական կայքերի գրելուց հետո ԻՔ ֆեյսբուքյան էջում հրապարակվեց տեքստ, որը «առանձին զինվորականների» մասին ձևակերպումը չէր պարունակում։

? Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դատապարտեց Հայաստանի ԳՇ հայտարարությունը՝ այն համարելով ռազմական հեղաշրջման փորձ։ Հայտարարությունը դատապարտեց նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանը։

Հայաստանում մամուլն ու քաղաքական գործիչները շահարկեցին Չավուշօղլուի հայտարարությունը՝ պնդելով, թե նա «իր զորակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին»։ Այս պնդումը մանիպուլյատիվ էր․ Չավուշօղլուն ոչինչ չէր ասել Փաշինյանին սատարելու մասին։

? Հայկական և ռուսական կողմերը տարբերվող հայտարարություններ տարածեցին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Հայկական կողմը նշում էր, որ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին։ Ռուսական կողմի հայտարարության մեջ այս ձևակերպումը բացակայում էր։

Նիհարեցնող միջոցի գովազդը կեղծ տեղեկություն էր պարունակում

Փետրվարին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում էր Slimagic նիհարեցնող միջոցի գովազդը։ Media.am-ը պարզել է, որ գովազդը տարածվում էր կեղծ էջերից, և դրա մեջ օգտագործվում էին հեռուստալրագրողների լուսանկարներ, որոնք որևէ կապ Slimagic-ի հետ չունեն։

Ավելին՝ այդ միջոցը գրանցված չէ Հայաստանում, և դրա վաճառքը ապօրինի է։

Ազնավուրի պատկերով թղթադրամը իրական չէր

Ռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Ֆրանսիայում շրջանառության մեջ է դրվել 100 եվրոանոց թղթադրամ՝ «Ազնավուրի, Արարատի, Էջմիածնի եւ անգամ հայկական դրամի պատկերներով»։

Լրատվական և սունկ կայքերը առանց ստուգելու տարածեցին Խզմալյանի գրառումը։ Թղթադրամը, սակայն, իրական չէր։ Այս լուսանկարները համացանցում հանդիպում են դեռ 2019-ից։ Ավելին՝ թղթադրամը կարելի է գտնել Ebay առցանց խանութում, գինը՝ $4:

Հերքումներ

?Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանը այս քայլը ռազմական հեղաշրջամն փորձ որակեց և պնդեց, որ ԳՇ հայտարարությունը եղել է այն պատճառով, որ ինքը որոշել է պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Վարչապետի խոսքերը հերքեց հանրապետության նախագահը։ Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնեցին, որ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել են վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո։

? Ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Livenews.am-ի տարածած տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայից «հատուկ ջոկատայինների խումբ» է ժամանել Հայաստան։

? Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքեց newsmedia.am կայքի տարածած տեղեկությունն այն մասին, թե վարչապետ Փաշինյանը այցելել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն։

? Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց լուրերն այն մասին, թե Վաղարշակ Հարությունյանը ազատվել է Պաշտպանության նախարարի պաշտոնից։

? Վարչապետ Փաշինյանը հերքեց Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո տարածված տեղեկությունն այն մասին, թե նա պլանավորում է փախչել Հայաստանից, և դրա համար օդանավ է նախապատրաստվել։ Փաշինյանը հայտարարեց, որ նա և իր ընտանիքը չեն պատրաստվում որևէ պարագայում լքել Հայաստանը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *