2021.03.05,

Ստուգված է

Կեղծ գովազդ՝ լրագրողների անունից

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Փետրվարից սկսած Ֆեյսբուքի հայկական տիրույթում Мила Фадеева անունով կեղծ էջի կողմից ակտիվորեն գովազդվում է Slimagic արտադրանքը։ Այն ներկայացվում է որպես ավելորդ քաշից ազատվելու միջոց։ Գովազդներում նշվում է, որ բուժհեղուկը կապահովի 12 կգ քաշի կորուստ՝ երկու շաբաթվա ընթացքում։ 

Օգտատիրոջ էջը ստեղծվել է 2021-ի փետրվարի 13-ին։ Նրա մասին գրեթե ողջ ինֆորմացիան փակ է։ Նույնանուն ֆեյսբուքյան էջում ևս որևէ տեղեկություն գտնել չհաջողվեց։

Գովազդը տարածվել է ոչ միայն Мила Фадеева-ի, այլև տարբեր այլ կեղծ էջերի կողմից, որոնք այս պահին չեն գործում։

Ֆեյսբուքում տեղադրված գովազդից պարզ է դառնում, որ գովազդատուն թիրախավորել է 24-54 տարեկան կանանց, որոնց ֆեյսբուքյան էջում որպես բնակության վայր նշված է Հայաստանը։ 

Հետաքրքիր է, որ գովազդի համար օգտգործվում են հեռուստալրագրողների լուսանկարներ, որոնք որևէ առնչություն չունեն Slimagic-ի հետ։

Ձախից առաջին լուսանկարում «Ազատություն» ռադիոկայանի հեռուստալրագրող Տաթև Լազարյանն է, իսկ երկրորդում՝ լրագրող, այժմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Նրանցից որևէ մեկը չի օգտագործել այս արտադրանքը, և երբևէ չի գովազդել այն։ 

Այս մասին media.am-ին պատմեցին իրենք՝ լրագրողները՝ հավելելով, որ լուսանկարները օգտագործվել են առանց իրենց իմացության։ Իսկ լրագրողների թիկունքում երևացող Slimagic-ը ֆոտոշոփի արդյունք է։

«Բուժհեղուկի» գովազդներից մեկը կարելի էր տեսնել shantnews.am-ում։

Գովազդվող լուսանկարի ձախ անկյունում Հանրային հեռուստատեսության տարբերանշանն է, մինչդեռ կադրում Դոնեցկի UnionTB-ի հեռուստալրագրող Եվգենիա Տուրենկոն է։ Սա ևս ֆոտոշոփի հետևանք է։ 

Գովազդվող արտադրանքի կայք մուտք գործելուց հետո վրա է հասնում կեղծ ինֆորմացիայի երկրորդ ալիքը։ Նախ նշվում է, թե ոմն Լիանա Մանուկյանը ստացել է բարձր բժշկական պարգև՝ առանց քիմիական նյութերի մեկ շաբաթում 15 կիլոգրամով նիհարելու նոր եղանակ բացահայտելու համար: Խոսքը, իհարկե, Slimagic-ի միջոցով նիհարելու մասին է։ Նկարում, իրականում, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի երբեմնի ուսանող Աննա Ղալայանն է, որի լուսանկարները վերցված են համալսարանի պաշտոնական կայքից։

Հետաքրքիր է, որ նույն բովանդակությամբ այս կեղծիքը տարածվում է նաև այլ երկրներում։ Համացանցի հայկական տիրույթում այն պարզապես թարգմանվել է, իսկ նկարը՝ ենթարկվել ֆոտոշոփի։ Օրինակ Ուզբեկստանի լսարանի համար գործող նմանատիպ կայքում այդ «բացառիկ բուժանյութը» հայտնաբերել է Մադինա Շոդիևան, սակայն այնտեղ արտադրանքի անունը ոչ թե Slimagic է, այլ՝ Fatality։

Կայքում ներառված են բժիշկների, սննդաբանների և այլ անձանց խորհուրդներ՝ իբրև նրանք երաշխավորում են Slimagic-ի արդյունավետությունը և այն անվնաս համարում։ Ոլորտի մասնագետներից որևէ մեկի անունը, սակայն, չի նշվում։ Պարզ չէ, թե ով է այն մասնագետը, որի խոսքերը մեջբերվում են, գոյություն ունի՞ նա առհասարակ, թե՝ ոչ։ Կայքը լի է նաև գոյություն չունեցող անձնաց հետ հարցազրույցներով և կեղծ լուսանկարներով։ 

Ի՞նչ դերակատարում ունի պետությունն այս գործընթացում

ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը գովազդվող ապրանքի և դրա հնարավոր վնասակար ազդեցության մասին խոսելիս ասում է, որ նմանատիպ ապրանքների՝ սոցիալական ցանցերում գովազդման և վաճառքի բազմաթիվ դեպքեր են եղել՝ այդ թվում ՀՀ-ում գրանցում չունեցող ապրանքների։ Սակայն դաշտն իրենց վերահսկողությունից դուրս է։ 

«Այս հարցը մեզ երկար ժամանակ է, ինչ մտահոգում է, քանի որ մենք սննդի շղթայի օպերատորների նկատմամբ ենք կարողանում վերահսկողություն իրականացնել, այսինքն՝ այն տնտեսվարող սուբյեկտների, որոնք գրանցված իրավաբանական անձ են կամ անհատ ձեռներեց իրավաբանական անձի կարգավիճակ ունեն։ Մենք անգամ դիմել ենք ՊԵԿ-ին, որովհետև առևտրի և ծառայությունների մասին օրենքում կա դրույթ, որ առցանց հարթակներում վաճառվող սննդամթերքը պետք է վաճառվի գրանցված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցների»։

Դանիելյանի խոսքով՝ ՊԵԿ-ից Տեսչական մարմնի հարցմանն ի պատասխան ասել են, որ նման հաշվառում իրենք չեն իրականացնում։ 

«Մենք ստիպված դիմեցինք ոստիկանություն՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր։ Խոսքը 10-ից ավել ապրանքների մասին է՝ կենսաբանական ակտիվ հավելումների՝ այդ թվում նիհարեցնող, գիրացնող և նմանատիպ ապրանքների։ Ցավոք մինչ օրս որևէ արձագանք չունենք։ Օրենսդրական նախաձեռնությամբ ևս դիմել ենք ՊԵԿ, որպեսզի կենսաակտիվ հավելումները դրոշմապիտակավորման ենթակա դառնան։ Դրանով մենք կփորձենք նաև հետագծելիության հարցը կարգավորել։ Օրենսդրական նախաձեռնությունը հունվար ամսվա վերջում ենք ուղարկել։ Այս պահին այլ ռացիոնալ լուծում վերահսկողություն իրականացնելու չենք գտնում։ Ինչո՞ւ չենք գտնում։ Որովհետև պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ և պետական գրանցում ունեցող արտադրանքը Եվրասիական միության տարածքում ենթակա է ազատ շրջանառության՝ համապատասխան մակնշման պարագայում»։ 

Ըստ Վահե Դանիելյանի՝ այժմ մարդիկ իրավունք ունեն անձնական կարիքների համար ներմուծել ապրանքներ՝ առանց մաքսային ընթացակարգերի։ Հետագայում այդ ապրանքներն անձնական կարիքներով օգտագործվելու փոխարեն դառնում են առևտրային ապրանքներ և իրացվում ազգաբնակչության կողմից, այդ պատճառով էլ տեսչական մարմինը վերահսկողություն չի կարող իրականացնել։

Դանիելյանը պատմում է, որ 2016-ին հայտաբերվել են նմանօրինակ արտադրանքներ, որոնց մեջ դեղաբանական ազդող նյութեր են եղել՝ պատրաստված ոչ բնական կոմպոնենտներից։ Այսինքն, ունեցել են քիմիական բաղադրություն։

ԵԱՏՄ-ը անդամ երկրներում Slimagic-ը ևս գրանցված չէ

ԵԱՏՄ տարածքում պետական գրանցում ունեցող նմանատիպ ապրանքների թիվը 591464 է։ Այս ապրանքների ցանկում ներառված են թե՛ կենսաբանական ակտիվ հավելումներ, թե՛ մարզիկների համար նախատեսված սնունդ, թե՛ դիետիկ սնունդ, թե կոսմետիկ միջոցներ։ Դրանց մեջ, սակայն, Slimagic անվանումով արտադրանք չկա, ինչն էլ ավելի է մեծացնում դրա անվտանգության վերաբերյալ կասկածը։

Տեսչական մարմնից ևս հաստատեցին, որ Slimagic-ը չունի պետական գրանցում, դա է պատճառը, որ այս ապրանքը չեն կարող վերահսկել

Պետական գրանցում չունենալու պարագայում կենսաբանական հավելման կամ դեղամիջոցի վաճառքը դեղատներում արգելված է, մինչդեռ գովազդներում նշվում էր, որ այն կարելի է ձեռք բերել Հայաստանի դեղատներից։

Վահե Դանիելյանի խոսքով՝ դեղատներում վերահսկելը իրենց գործառույթն է։ Սակայն մինչ օրս Slimagic անվանումով հավելանյութի վաճառք դեղատներում կամ վաճառքի այլ օբյեկտներում նրանք չեն հայտնաբերել։

«Բուժհեղուկը» գովազդվում է նաև տարատեսակ կայքէջերով։ Որպես կանոն՝ այդ հարթակներում կոնտակտային տվյալները բացակայում են, իսկ կայքի ծագումնաբանության մասին ինֆորմացիան փակ է։ Մի դեպքում միայն հաջողվեց հեռախոսահամար գտնել, որը, սակայն, չէր գործում։

Փոխարենը ստացվեց կապ հաստատել ՌԴ-ում գործող իրական «Лаборатория Красоты и Здоровья» ընկերության հետ, որի պաշտանական կայքում էլ, իբրև, գովազդվում էր Slimagic-ը։ Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ նման անվանումով սննդային հավելում կամ որևէ այլ արտադրանք իրենք չեն վաճառում։ Ավելին՝ պետական ռեեստրում այն առհասարական գրանցված չէ։

Slimagic-ը՝ հայկական ֆեյսբուքում

Ֆեյսբուքյան փակ խմբերից տեղեկացա, որ Slimagic-ը Հայաստանում տարածվել է դեռևս 2019-ից։ Խմբի քննարկումներում նշվում էր, որ «բուժհեղուկը» ունի ցածր արդյունավետություն, ավելին՝ շատերը պատմում էին, որ օգտագործումից հետո իրենց քաշն ավելացել է։ 

Հասմիկ Մուրադյանը, օրինակ, ասաց, որ Slimagic-ի մասին տեղեկացել է ֆեյսբուքյան գովազդներից։ Որոշել է ձեռք բերել օնլայն գնման միջոցով, որից հետո արտադրանքն առաքել են իր տուն։ Slimagic-ից շատ դժգոհ է, ընդունել է սրտխառնոցով՝ առանց որևէ արդյունավետություն տեսնելու։ Որոշ ժամանակ անց մեծ դժվարությամբ կապ է հաստատել ապրանքը Հայաստանում վաճառող ընկերության հետ, պահանջել վերադարձնել գումարը։ Երկար բանակցություններից հետո ընկերության տնօրենն անձամբ է եկել Հասմիկի հետ հանդիպման և գումարը վերադարձրել։ Թե ինչ ընկերության մասին է խոսքը, Հասմիկը դժվարացավ ասել, սակայն փոխանցեց հեռախոսահամար, որով իր հետ կապ էին հաստատել։

Որոշեցի զանգահարել այդ հեռախոսահամարով և կապի դուրս գալ Հայաստանում ապրանքը վաճառող ընկերության հետ։ Ինձ հետ զրույցում ներկայացուցիչը նշեց, որ  Slimagic-ն արտադրվում է Ռուսաստանում՝ «Նեթմարկ» ընկերության կողմից։ Պրեպարատի արժեքը 36.000 է, սակայն եվրոպացի բարերարների շնորհիվ այն կզեղչվի և ինձ կտրամադրվի 30000-ով։ Բացատրեց, որ վճարումը կատարվում է միայն առձեռն։ Թե ինչ բարերարների մասին է խոսքը, ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել։ Նա հավաստիացրեց, որ Slimagic-ը գրանցված է Հայաստանում և դրա վաճառքը օրինական է, իսկ Առողջապահության նախարարության կողմից իրենց տրվել է լիցենզիա։ Խոստացավ տրամադրել այն ինձ, սակայն այլևս կապի դուրս չեկավ և անպատասխան թողեց զանգերը։ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Slimagic անվանումով դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ։ 

Այս ուսումնասիրության արդյունքները և ձեռքբերված տվյալները փոխանցվել են Տեսչական մարմին։ Գործն ուսումնասիրվում է։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *