2021.03.05,

Նյուսրում

Արցախի մասին ֆիլմ, որը Բեռլինալեում աղմուկ առաջացրեց

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Բեռլինի միջազգային կիոնփառատոնը, որն այս օրերին տեղի է ունենում օնլայն տարբերակով, ստիպված է բացատրություններ տալ ու պաշտպանել Forum Expanded ծրագրում ներառված ֆիլմը Արցախի մասին։

Black Bach Artsakh՝ «Սև Բախ Արցախ» վավերագրական ֆիլմի առանցքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությունն է։ Նկարահանումները սկսվել են դեռևս 2007-ին, երբ հեղինակները մի շարք հարցազրույցներ են արել Արցախի բնակիչների հետ և հետո արդեն վերամոնտաժել դրանք 2020-ին։ 

Հեղինակները վիզուալ արտիստներ Ռենե Գաբրին և Այրին Անաստասն են, ժամանակակից արվեստի նախագծեր կառուցող նյույորքցի արվեստագետների զույգ։ Ռենե Գաբրին հայ է Իրանից, իսկ Այրինը՝ պաղեստինցի։ Նրանք վաղուց արդեն ժամանակակից արվեստի դաշտում հայտնի են վիզուալ էքսպերիմենտներով և ազգայինի նշանները վերաիմաստավորող նախագծերով։

Black Bach Artsakh-ը 13 մասերից բաղկացած ֆիլմ է, և յուրաքանչյուր մաս հյուսված է Բախի կանտատների ռիթմին։ Բնապատկերային նկարահանումները համադրված են երաժշտություն և մարդկանց խոսքի հետ՝ դառնալով առիթ զգալու (թե տեսողական, թե լսողական զգայարաններով) պատերազմի, ինքնության և պատկանելության հարցերը։

Իսկ Forum Expanded ծրագիրը փառատոնում կատարում է յուրատեսակ լաբորատորիայի ու վարպետանոցի դեր, քանի որ գնահատում է հեղինակների դիրոքորոշումը և ստորադասում ֆիլմի կոմերցիոն ապագան։

Black Bach Artsakh ֆիլմի վերնագիրը (Արցախ բառի ներկայությունը), և հատկապես Բեռլինալեի կայքում հրապարակված սինոպսիսը բուռն արձագանք առաջացրեցին ադրբեջանցի և թուրք օգտատերերի մոտ։ Քննադատները ֆիլմի նկարագրական տեքստը անվանեցին «քարոզչական» և «միակողմանի պատմություն»: 

Հեղինակները գրել էին, որ ֆիլմը փաստաթուղթ է, որը գործ ունի տարածության ու ժամանակի հետ, իսկ 1990-ականներին շարժումը անվանել էին «ազատագրական և ինքնորոշման պայքար», մինչ 2020-ին տեղի ունեցավ «Ադրբեջանի բռնակալի ներխուժում»։ 

Տեքստում նաև հիշատակված էին պատերազմում ներգրավված թուրքական կողմն ու վարձկանները՝ Սիրիայից, որոնք մասնակցում էին ինքնիշխան երկրի վրա հարձակմանը:

Ֆիլմի սինոպսիսից հատված, որը հետագայում խմբագրվեց

Մինչ ֆիլմի պաշտոնական պրեմիերան Բեռլինի փառատոնի հասցեին մեկնարկեց քննադատական տարափ՝ պահանջով, որ Black Bach Artsakh-ը հանվի պաշտոնական ծրագրից։  

Փառատոնը ստիպված եղավ պաշտպանել իր որոշումը և մերժեց ֆիլմը ծրագրից հանելու պահանջը, իսկ ֆիլմը անվանեց՝ արդիական։ 

Բայց որոշեց մեղմել ֆիլմի նկարագրության ոճը և տարածեց հայտարարություն՝ ասելով, թե հեղինակների տեքստը կփոխարինի փառատոնի կազմակերպիչների գրած ավելի չեզոք տեքստով։

«Մենք հասկանում ենք, որ Black Bach Artsakh ֆիլմը անդրադառնում է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության բարդ խնդիրներին և ցավալի հիշողություններին։ Բայց կինոռեժիսորների ձայնը լռեցնելը առաջ գնալու ճանապարհ չէ»:

Հետաքրքիր է, որ փառատոնի կայքում դեռևս մինչ փառատոնի մեկնարկը որպես Black Bach Artsakh ֆիլմի արտադրող երկիր նշված էր Արցախի Հանրապետությունը։ Հետո արդեն այն փոխարինվեց Հայաստանի Հանրապետությամբ։

Ֆիլմը բացի վիրտուալ ցուցադրումներից նախատեսվում է ցուցադրել նաև կինոթատրոններում՝ ամռանը։ Բեռլինի փառատոնը հույս է հայտնել, որ ցուցադրությունները և դրանց հաջորդող քննարկումները կներգրավեն բոլոր ցանկացողներին ու տեղի կունենա կառուցողական երկխոսություն։

Այրին Անաստասը և Ռենե Գաբրին արվեստագետներ են, որոնք լավ գիտեն երկխոսության արժեքը։ Թե՛ օկուպացված Պեղեստինում ապրելու փորձ ունեցող Այրինը, թե՛ ազգային նշանները տարբեր մշակույթներում ուսումնասիրող Ռենեն աշխատում են արվեստի, քաղաքականության և սոցիալական ակտիվ դիրոքոշման դաշտում։ 

Եվ վստահ են, որ վիզուալ արվեստը, հատկապես կինոն, նաև ամոքող, բուժիչ տարածք է, հատկապես նրանց համար, ում ձայնը խլեցված է կամ մատնված մոռացության։ Նրանց ռադիկալ արվեստի նախագծերը թույլ են տալիս մտորել, թե որտեղ է սեփական ոտնատեղը այս մեծ աշխարհում, որտեղ ուժն ու քաղաքականությունը տրորում են մարդկանց։

Ի վերջո, ժամանակակից արվեստը ոչ միայն նկարագրում է, այլև փորձում փոխել աշխարհը։ Եվ հաճախ ֆորման ու արվեստի արտադրանքի փաթեթավորումը նույնքան կարևոր տարր են, որքան բուն բովանդակությունը։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *