Հունվարի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի միջև։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման» կապակցությամբ և շեշտել կայուն խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանում։
Լուրը վերատպեցին ադրբեջանական տարբեր լրատվականներ, որոնց հղում անելով էլ տեղեկությունը հայտնվեց հայկական մեդիատիրույթում։ Առաջինն այս մասին գրեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը.
«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Սա ասում է Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը: Մի պետության դեսպան, որ մշտապես պնդում էր, որ ԼՂ հարցի ռազմական լուծում չկա: Սա վկայում է մեկ բանի մասին: Հայաստանի իշխանությունները տապալել են և հետևողական տապալում են արտաքին քաղաքականույունը՝ բոլոր ուղղություններով»,- նշված էր Սարգսյանի գրառման մեջ։
Սուրեն Սարգսյանին հղում անելով էլ լուրը տարածեցին հայաստանյան լրատվամիջոցները՝ news.am, hraparak.am, armdaily.am, 168.am, yerkirmedia.am, mamul.am, antifake.am և այլն, Ֆեյսբուքում այս թեմայով սկսեցին տարատեսակ քննարկումներ։
Լրատվականները, այսպիսով, հղում էին արել ոչ թե ինֆորմացիայի առաջնային աղբյուրին, այլ ամերիկագետ Սուրեն Սարգսյանին, որն էլ իր հերթին, տեղեկատվությունը հրապարակել էր միայն Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության հիման վրա։
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն այս հանդիպման մասին միայն մեկ գրառում էր արել թվիթերում, որտեղ որևէ խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականագնման առիթով շնորհավորանքներ հղելու մասին։
Amb. Litzenberger met with Economy Minister Jabbarov Wednesday to discuss US-Azerbaijan economic cooperation. He noted that economic reconstruction and reconciliation in support of a peaceful negotiated settlement in NK will benefit all countries in the region.
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) January 30, 2021
Այս տեղեկությունը հետագայում վրդովմունք էր առաջացրել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանի մոտ ևս։ Նա նամակ էր հղել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերին՝ պատասխաններ պահանջելով ադրբեջանական պատկան մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության առնչությամբ և պարզաբանումներ պահանջել։
Media.am-ն այս առիթով հարցում էր կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ պարզելու՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը համապատասխանու՞մ է իրականությանը և արդյո՞ք այն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է։ Դեսպանատունն արձագանքել է, որ այլ կողմերի ու աղբյուրների բնութագրումները չեն հանդիսանում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը և կոչ արել հիմք ընդունել Լիցենբերգերի թվիթերյան գրառումը։
Պաստասխանն ամբողջությամբ՝
«Մեզ շարունակում են խորապես մտահոգել անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված առճակատման հետևանքները, և մենք հստակ գիտակցում ենք տարածաշրջանի ներկայիս հումանիտար կարիքները։ Միացյալ Նահանգները սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին և հանձնառու է աջակցել կողմերին հասնելու հակամարտության տևական լուծման, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ազատ ինքնորոշման սկզբունքների վրա։
ԱՄՆ պաշտոնական հայտարարություններն անառարկելիորեն արտացոլում են մեր դիրքորոշումը կոնկրետ հարցի վերաբերյալ։ Այլ կողմերի ու աղբյուրների բնութագրումները չեն հանդիսանում մեր պաշտոնական դիրքորոշումը։ Ուստի, հանդիպման հետ կապված ձեր ուշադրությունը հրավիրում ենք դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանը»։
Թվիթերում գրառումը, որին հղում է արել դեսպանատունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման առիթով շնորհավորանք չի պարունակում։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: