2012.11.07,

Քննադատ

Պե՞տք է ծիծաղել մարդկանց վրա

Ընդհանրապես, մեր եթերը զարմանալի ծայրահեղականացված է՝ ծիծաղելի են մարդիկ, որոնք, ասենք, ուզում են երգիչ կամ դերասան դառնալ, եւ փոխարենը ծիծաղելի չեն քաղաքական գործիչները, որոնք արդեն դարձել են քաղաքական գործիչ:

«Շանթի» «X-Factor 2» ծրագիրը ծիծաղում է մի աղջկա վրա, որը երգչուհի լինելու հավակնություն ունի: Այս աղջիկը նախկինում մասնակցել է նույն հեռուստաընկերության «Սուպերսթար» եւ «Իմ անունն է» նախագծերին: Նա հայտնի է Թոնի Բրեքսթոնի հիթի կատարմամբ:

Youtube-ում նրա տեսահոլովակը մեր համաքաղաքացիները դարձրել էին «տժժալու» թեմա: «Բլոգնյուզ»-ում ավելի, քան 100 մեկնաբանություն կա նրա նոր կատարման առիթով՝ 95 տոկոսը ծաղրական բնույթի: Youtube-ում՝ 116 մեկնաբանություն: Նույնքան ծաղրական է ստացվում «Շանթի» «Պարիր, եթե կարող ես» նախագծում ոմանց մասնակցությանը տրվող գնահատականը եւ՛ եթերից, եւ՛ ինտերնետում (Youtube-ից աղջկա առանձին կատարումն ի վերջո հեռացրին, բայց ոչ հաղորդումը):

Փոխարենը մարդիկ զարմանալի լրջությամբ են նայում սերիալները: Չեմ ուզում ծավալվել: Նրանք, ովքեր տարբեր ծաղրական մեկնաբանություններ են թողնում տարբեր նախագծերում իսկապես զվարճալի կատարումների մասին, սերիալների վրա չեն ծիծաղում:

Սերիալների սյուժեները միմյանց պատմում են ամենուր՝ տրանսպորտում, հեռախոսով: Մարզերում, եթե անկեղծ լինենք, նույնիսկ նախագծերի երգողների կամ պարողների վրա չեն ծիծաղում, ընդունում են, ինչպես այդ մարդիկ կան: Որովհետեւ մի տեսակ սերիալային տրամաբանության մեջ են նայում:

Այսինքն՝ ավելին չեն էլ սպասում: Որեւէ մեկը տեսե՞լ է, որ հեռուստաեթերում ինչ-որ մեկը ծիծաղի, ասենք, իշխող կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործչի գործողությունների կամ արտահայտությունների վրա: Չի տեսել: Եվ փառք Աստծո:

Որեւէ մեկը եթերում ծիծաղե՞լ է այն դատավորի վրա, որը Վարդգես Գասպարիին 30 հազար դրամի տուգանք է նշանակել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «խուլիգան» անվանելու համար: Չէ՞ որ դատավճիռն ինքնին երգիծական բնույթի է. այն նույնացրել է հասարակական կարգի խախտումն ու վիրավորանքը:

Միջազգային իրավունքում նման բան չկա, միջազգային իրավունքը դրանք տարանջատել է, որպեսզի վիրավորանքն ընդհանրապես որեւէ հետապնդման թեմա չդառնա: Անգլիայում, օրինակ, թագուհուն փողոցում վիրավորելը չի հետապնդվում: Փոխարենը, եթե վիրավորանք հասցնողը  հասարակական կարգ է խախտում, ասենք, տրանսպորտի աշխատանքն է խոչընդոտում, առնվազն, կտուգանվի:    

Առաջին ալիքի «Հարցազրույցի» մեկնաբան Նվեր Մնացականյանը հյուրընկալել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, Վարդան Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանին: Լրագրողի առաջին իսկ հարցը. «Ու՞մ վարույթում է գտնվում այս քրեական գործը՝ դատախազությա՞ն, թե՞ ԱԱԾ-ի»:

Երկրորդ հարցը կարելի էր տալ գյուղնախարարության պաշտոնյային, եթե գործը գտնվեր նրանց վարույթում. «Իսկ ի՞նչն է հիմք տվել ԱԱԾ-ին զբաղվել «Սիվիլիթաս» հիմնադրամով»: Այսպիսի հարցերը լրագրողը պետք է ճշտի մինչեւ հարցազրույցը: Մի բան էլ՝ հունիսից մինչեւ հիմա Նվեր Մնացականյանը Վարդան Օսկանյանին չի հրավիրել իր ստուդիա, ինչու՞ է հրավիրել քննչական խմբի ղեկավարին:

Սակայն լրագրողական տեսանկյունից «ամենազվարճալին» «Արմքոմեդիի» արածն էր նոյեմբերի 4-ի թողարկման ժամանակ (դիտել 18:25-ից): Խոսելով ինքն իրեն նախագահի թեկնածու հայտարարած Վարդան Սեդրակյանի մասին, որը իր խոսքն ավարտում է «Վերեւում Աստված կա» բառերով, «Արմքոմեդիի» մեկնաբանը հակադարձում է. «Աստված չգիտեմ, բայց Սեւանի մոտ ըսենց թեկնածուների համար շատ հարմար հաստատություն կա»:

Երիտասարդն ակնարկում է Սեւանի հոգեբուժարանը (ասողի անունը չեմ նշում, որովհետեւ երկու երիտասարդն էլ հավասար պատասխանատվություն են կրում այդ բառերի համար, մյուսը տոն տվեց իր ընկերոջ ասածին. «Բան չենք ասում, բայց եթե հանկարծ տիեզերքը պահանջի, մարդ ես, էդ տեղը իմացեք՝ Սեւանի մոտ»):

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *