2020.12.28,

Տեսակետ

«Աղմուկը, որն այսօր ինֆորմացիոն դաշտում է, մեծամասամբ արհեստական գործընթացների հետևանք է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն այսօրվա մեդիա դաշտով հոսող ատելության ու հայհոյանքների տարափը շատ պարզ է բացատրում՝ քաղաքական խաղի կանոններում այլևս չեն գործում նույնիսկ ձևական սահմաններ: 

Ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որը մի կողմից անհարմարավետ է դարձնում չքննադատելը, իսկ մյուս կողմից՝ դրդում կողք քաշվել ու խուսափել որևէ խոսքից՝ վախենալով անհամաչափ արձագանքից: 

Էդգար Վարդանյանը դա բացատրում է նաև կիսաքրեական ենթամշակույթի կաննոների ակտիվ կիրառմամբ:

Հետպատերազմական այս ծանր վիճակում առավել զգացվում է լրատվական դաշտի անհավասարակշռությունը: Ի՞նչ խնդիր են լուծում հիմա լրատվամիջոցները, որոնցից շատերը ակամայից, ոչ իրենց ցանկությամբ 2018-ին դարձան ընդդիմադիր:

Մեդիայի մի ահռելի հատված ուղղակի գործիք է կոնկրետ քաղաքական շրջանակների ձեռքում: Գործիք, որով վարում են ինֆորմացիոն պատերազմ: 

Փաստացի, հիմա Հայաստանում աննախադեպ իրավիճակ է, երբ մեդիա դաշտում պահպանվում է (որոշ բացառություններով) մինչ 2018-ը եղած ատատուս քվոն:

Նկատի ունեմ լրատվամիջոցների պատկանելիությունը: Օրինակ, հեռուստաընկերությունները ոչ միայն չկորցրեցին իրենց դերն ու տերերին, այլև նույնիկ չփոխվեց նրանց չափաբաժինը ամբողջ մեդիա դաշտում: Ինչպես եղել էին քարոզչամիջոցներ, այնպես էլ հիմա են: Ինչպես ծառայում էին ու առաջ էին տանում նախկին իշխանությունների գիծը, այնպես էլ անում են հիմա: 

Պարզապես փոխվել է թիրախը: Ի հայտ են եկել նոր խնդիրներ, նոր թեմաներ և այլն:

Արձանագրենք, որ եթե թավշյա հեղափոխության արդյունքում մեդիա դաշտը ձևափոխվեր, մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր: 

Հիմա ստացվեց, որ նախկին իշխանությունները, որոնք մեծամասնություն էին քաղաքական դաշտում, խորհրդարանում և այլն, դարձան բացարձակ փոքրամասնույուն (իշխող կուսակցությունը նույնիսկ խորհրադարան չմտավ):

Բայց չնայած դրան՝ մեդիա դաշտում նրանց պատկանող կամ նրանց սատարող լրատվամիջոցները շարունակում են մնալ բացարձակ մեծամասնություն:

Այսպիսի պարադոքսալ վիճակ է:

Պարզապես այն ժամանակ հրահանգ կար ասելու, որ ամեն ինչ լավ է, կայուն ու կառավարելի, իսկ հիմա պատվերը հակառակն է՝ կյանքը քաոս է, խուճապ ու անկայունություն: Պատվերի տրամաբանությունը փոխվեց: 

Համամիտ եմ: Մեդիայի մեծ մասը հիմա ցույց է տալիս բավականին խեղաթյուրված պատկեր և այն աղմուկը, որը կա այսօր ինֆորմացիոն դաշտում, մեծամասամբ արհեստական գործընթացների հետևանք է: Ավելի շուտ՝ արհեստական գործընթացների ապահովումն է:

Ու թեև մեդիա գործիքները նախկինում էլ էին իրականցնում իրենց դե ֆակտո սեփակատերերի՝ այն ժամանակ գործող իշխանությունների քարոչություն, բայց առնվազն որոշ չափով փորձում էին պահպանել ընդունված խաղի կանոնները՝ գոնե արտաքին վարվելաձևի առումով: Իսկ հիմա այդ պատնեշներն էլ հանվեցին: 

Օրինակ, ակհայտ խեղաթյուրումներով, ագրեսիայով ու ատելությամբ լի խոսքը, որը երկու տարի առաջ իրեն կարող էր թույլ տալ ինչ-որ ինտերնետային էջ կամ ֆեյք բլոգեր, այսօր լցվել է նույնիսկ հեռուսատեսություն, էլ չասեմ օնլայն լրատվամիջոցների ու սոցցանցերի մասին:

Մեդիայի մեծ մասն այսօր ոչ միայն ինֆորմացիոն պատերազմի, այլև հակաժողովրդավարական դիսկուրս խթանող գործիք է: Հստակորեն տարածում ու ստեղծում է ատելության խոսք: 

Շատ դեպքերում մի կողմից՝ հենց խմբագրական քաղաքականությունն է միտված ատելության խոսք գեներացնելու, մյուս կողմից՝ լրատվամիջոցն է դառնում հարթակ, որը հրավիրում ու խրախուսում է ատելության խոսք տարածող մարդկանց ու խմբերին:

Բացի ատելությունից՝ այդ մեդիա հարթակները փորձում են ստեղծել ու տարածել վախի մթնոլորտ: Թեև հիմնական լրատվամիջոցների սեփականատերերը փոքրամասնություն են քաղաքական կշռի ու ներկայացվածության առումով, բայց կարողանում են իրենց բոլոր գործիքներով որոշ չափով սերմանել վախ մարդկանց մոտ:

Հաճախ կեղծ խուճապային (երբեմն նաև ճիշտ) տեղեկատվություն տարածելով ուզում են համոզել, որ կառավարող ուժն այլևս չի տիրապետում իրավիճակին և շուտով իրենք են գալու իշխանության: 

Գործի է դրվում այս ենթատեքստը՝ երբ մենք գանք իշխանության, անպայման պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր թեկուզ որոշ չափով սատարում են ներկա իշխանություններին կամ համարձակվել են քննադատել մեզ: Եվ նշանակություն չունի՝ նախկինում, թե այսօր:

Ընդ որում՝ բացեիբաց կամ քողարկված սպառնալիքներ են հնչում նաև նրանց հասցեին, ովքեր առաջ են տանում ազատական՝ լիբերալ-դեմոկրատական դիսկուրսը:

Վախեցնելը նպատա՞կ է:

Թեև գիտական մեթոդներով հետազոտություն չեմ արել (միգուցե մոտ ապագայում կանեմ), բայց նկատել եմ, որ մեդիայի զգալի մասն ամեն ինչ անում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նույնիսկ չեն սատարում իշխանություններին, բայց սթափ վերլուծում են իրավիճակը, փորձեն զսպել իրենց, տեսակետ չհայտնեն, ակտվություն չցուցաբերեն: Էլ չեմ խոսում կառավարող ուժի աջակիցների մասին:

Նաև օգտագործվում է մեր հասարակությունում շատ վաղուց, դեռևս սովետական շրջանից տեղ գտած քրեական կամ կիսաքրեական ենթամշակույթը:

Եվ դրանով է պայմանավորված, օրինակ, հայհոյանքների, վիրավորանքների մեծ տարափը սոցցանցերում: Այդ ենթամշակույթը նորից ակտիվացել է թե՛ փողոցում, թե՛ սոցցանցերում:

Այն օգտագործվում է որպես ճնշման գործիք մարդկանց դեմ, որ իրենք անհարմարավետ զգան ամենուր: Նաև սոցցանցերում:

Ընդ որում՝ մեդիա բովանդակություն ստեղծողները շատ լավ գիտեն, որ նույնիսկ կրթված, ժողովրդավարական գաղափարներ կրող ու մտածող մարդիկ ամբողջությամբ ձերբազատված չեն այդ կիսաքրեական ենթամշակույթից, և գործի են դնում «կիսագողական» ոճի պրովոկացիաները:

Նրանք ստիպում են իրենց քննադատողներին հակադարձել նույնանման ագրեսիվ խոսքով (ու հետո մեղադրում են, որ պատասխանը պատշաճ ձևի չէր), կամ դրդում են լռել ու զսպել պատասխանելու ցանկությունը (որ շատերը մտածեն, թե ավելի լավ է շատ չխոսել ու աչքի չընկնել, որ չհայտնվեն «հայհոյանքի տակ»):

Քաղաքական փոքրամասնությունն իր բոլոր մեդիա ռեսուրսներով ուզում է ստեղծել տպավորություն, թե ողջ մեդիա դաշտում հնչում է իրենց խոսքը և դա մեծամասնության խոսքն է:

Ի դեպ՝ երբ հնչում է արդարացի քննադատություն կառավարող ուժի հասցեին, այդ մեդիա գործիքները միանագամից այն օգտագործում են իրենց շահերի, հիմնականում թավշյա հեղափոխության լեգիտիմությունը թուլացնելու համար: 

Քննադատողներին էլ քաջալերում են, ասելով՝ այո, ճիշտ եք անում, որ քննադատում եք կառավարությանը, ուրեմն խելացի, արժանապատիվ ու արդարամիտ եք: 

Եվ քննադատողներից ոմանք հայտնվում են հարմարավետության զոնայում, քանի որ այսօր ավելի հարմար է քննադատողի դերում լինելը:

Երևի մարդիկ ուզում են պետք լինել, նաև քննադատությամբ, որը սակայն ավելի է պետք ընդդիմությանը, ոչ թե նրանց, ում ուղղված է:

Հաճախ քննադատությունները շուռ են տալիս հենց քննադատողների դեմ: Մոտավորապես այսպես՝ բա տեսա՞ր, քո ձեռքով ինչ արեցիր, որ մասնակցեցիր հեղափոխությանը, բա՞ որ ասում էինք, որ այս ամբողջը Արևմուտքի (Սորոսի) ստեղծածն է, չէիր հավատում: Իսկ հիմա տես, թե քեզ ինչպես օգտագործեցին:

Այդ մանիպուլյացիան արվում է, համոզելու համար, որ ժողովրդավարությունը, ազատականությունը կեղծ ու փուչ գաղափարներ են և դրանց արդյունքում մենք կորցրեցինք Արցախը: 

Սա շատ լուրջ մանիպուլյացիա է, որի նպատակն է հուզական ապրումների մեջ գտնվող մարդու մեջ սերմանել կասկած, թե հիմա չարժե շատ խոսել ժողովրդավարությունից, որ հիմա ազգային համաձայնություն ու ուժեղ ձեռք է պահանջվում:

Նման քարոզչության միջոցով փորձում են օրինականացնել հակաժողովրդավարական, հակաազատական տրամադրությունները:

17-ի ֆորմատը փորձում է համոզել, որ կառավարության բոլոր քննադատողներն այսօր նույն դաշտում են (եթե այսօր կառավարությանը քննադատում ես, ուրեմն մեզ հետ ես, և եթե փողոց դուրս չես գալիս, առնվազն պետք է մեզ հետ երկխոսես): 

Անձնական պատասխանատվության, անձնական մեղքի վրա խաղալը հիմա իրոք հիմնական մանիպուլյացիան է:

Մինչև վերջերս չէր կարելի անգամ ենթադրել, որ նախկինների հետ կապ չունեցող և մարդու մտքով անգամ կանցներ, որ կարելի է գնալ, ասենք, մի սեղանի շուրջ նստել ու երկխոսել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: 

Նույնիսկ հակառակն էր. քաղաղաքացիական հասարակության բացարձակ մեծամասնությունը քննադատում էր կառավարող ուժին, որ կոշտ իրավաքաղաքական գնահատական չէր տալիս նախկին ռեժիմին ու դանդաղում է:

Իսկ հիմա փաստորեն մասամբ հաջողվում է դաշտ նետել այն գաղափարը, որ նախկինները լեգիտիմ խաղացողներ են և իրենց հետ պետք է հաշվի նստել: Անգամ համագործակցել:

Բայց արդյո՞ք դա երկար կտևի: Բարդ է պատկերացնել, որ այս որակի ընդդիմությունը կարող է լուրջ սպասելիքներ ունենալ, անգամ, եթե վերահսկում է մեդիայի 90%-ը:

Կարելի է ասել, որ այս էմոցիոնալ, գերլարված մթնոլորտում իրենք ժամանակավորապես դարձան խաղացող: 

Բայց տեսնում ենք նաև, որ թեև նրանք ունեն ահռելի ֆինանսական և ինֆորմացիոն ռեսուրսներ, բայց փաստացի չեն կարողանում հանրային լուրջ աջակցություն ստանալ և երկարաժամկետ կտրվածքով նորից դառնալ քաղաքական գործոն, կշիռ ունեցող լուրջ ուժ և լեգիտիմ սուբյեկտ:

Լրատվական դաշտում լսվում է հիմնականում դժգոհ նախկինների ձայնը, կարծես կառավող ուժն ինքն էլ այլևս գործոն չէ, համենայնդեպս մեդիայում: Եթե անգամ փորձում են բացատրել կամ հակազդել աղմուկին, դա անում են հնաոճ քարոզչությամբ:

Կասեի, որ կառավարող ուժի ձայնը հաճախ նույնիսկ լսելի չէ: Այսինքն, ոչ միայն արդյունավետ չի քարոզում, այլև հաճախ ընդհանրապես չի կարողանում կառուցել վստահելի ու հասկանալի հարաբերություններ հանրության տարբեր շերտերի հետ: 

Շատ հարցերում հանրության մի զգալի մասը նույնիսկ չգիտի, թե որն է կառավարության դիտանկյունը այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց գիտի 17-ի ֆորմատի դիրքորոշումը:

Փաստացի, լայն լսարանի համար կառավարող ուժի մոտեցումները ներկայացնում է Հանրայինը, բայց հիմնականում պաշտոնական հայտարարություններով և փափուկ քարոզչությամբ: Քիչ են խնդիրները մանրամասն բացատրող որակյալ վերլուծությունները:

Ես սպասում էի, որ վերջին երկու տարիների ընթացքում Հանրայինը առավելագույնս կընդլայներ շրջանակները՝ պատրաստելով խորքային, մատչելի ու գրավիչ հաղորդումներ՝ ժողովրդավարության առավելությունների, այս կամ այն կարևոր հարցի լուծման այլ միջազգային փորձի, հասարակական գիտությունների ձեռքբերումների մասին: Որ կլինեին քննարկումներ, որակյալ բանավեճեր՝ որոշակի կրթական տարրերով:

Բայց որքան տեսանք շատ քիչ բան արվեց, իսկ բանավեճերը նորից մնացին նեղ քաղաքական հարցերի շրջանակներում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *