Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ռազմական գործողությունների վերսկսման մասին լուրը իմանալուն պես՝ արագորեն սկսեցինք ձեռնարկել գործողություններ, որոնց անհրաժեշտությունը փորձով համոզվել էինք:
Անցած տարիների ընթացքում մի քանի անգամ էինք գործել նման պայմաններում՝ 2016-ին ապրիլյան պատերազմը, 2020-ի հուլիսին Տավուշի դեպքերը և այլն: Ուստի գործողությունների հստակ ծրագիր կար, թե ինչ է պետք անել նման իրավիճակում:
Առաջնահերթ՝ արգելափակեցինք դեպի կայքի սերվեր մատչելիությունը թուրքական ու ադրբեջանական IP-ների համար: Ու թերևս նաև դրա շնորհիվ էր, որ «Առավոտը» չհայտնվեց այն 90 կայքերի մեջ, որոնք առաջին իսկ օրը հարձակման թիրախ դարձան այդ երկրների հաքերների համար: Հետագա բոլոր օրերի ընթացքում էլ կայքը գործում էր պարբերական ddos հարձակումների տակ, ու մի անգամ միայն հաջողեցին սերվերը կարճ ժամանակով դարձնել անհասանելի:
Երկրորդը՝ աշխատանքի բաժանումն էր: Նման իրավիճակում անմիջապես աշխատանքի են անցնում խմբագրության բոլոր աշխատակիցները՝ ուղղակի հերթապահում են ըստ օրվա ժամերի, պատասխանատու լինելով այդ ժամանակահատվածում կատարվողի լուսաբանման համար: Աշխատանքի անցան նաև կայքի բոլոր թողարկիչները: Եթե սովորական ռիթմի պարագայում կայքում մոտ 10 րոպեն մեկ է նյութ դրվում՝ նման իրավիճակներում միջինը 3 րոպեի մասին է խոսքը և կայքի մի թողարկիչը հաստատ միայնակ գլուխ չէր հանի այս խելահեղ ռիթմից:
Երրորդը՝ նախորդ փորձերից մեր լրագրողները գիտեին մոտեցումս, որ ոչ մեկի իր կամքին հակառակ չեմ գործուղի պատերազմական գոտի, ու նման դեպքերում սպասում եմ, որ ինչ որ մեկը կցուցաբերի նախաձեռնություն: Այս անգամ միանգամից 2-ական լրագրողներ ու օպերատորներ պատրաստակամություն ցուցաբերեցին մեկնելու Արցախ: Մնում էր միայն կազմակերպել իրար հերթագայող այդ խմբերին առնչվող կազմակերպչական հարցերը՝ փոխադրամիջոց, օթևան և այլն:
Իսկ հարցերը տվյալ դեպքում ավելի շատ էին, քան լուծումները: Դրանցից մեկը՝ Հայաստանի ոչ մի ապահովագրական գործակալություն կյանքի ապահովագրություն չի անում պատերազմ մեկնողների համար: Թեև այդ պահին չէինք էլ հասցնի կազմակերպել նման ապահովագրություն: Նաև խմբագրությունն էլի պատրաստ չէր ռազմական գործողությունների գոտի մեկնող լրագրողներին անվտանգության պարագաներով ապահովել՝ դե, չունենք զրահաբաճկոններ ու սաղավարտներ: Եվ միայն օրեր անց, Մեդիա կենտրոնի օգնությամբ, կարողացանք Արցախի մեր թղթակիցներին հասցնել անհրաժեշտ պարագաները: Ինչ որ է՝ քաղված դասերից է, առաջին իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել նման պաշտպանիչ միջոցներ:
Հիմա կազմակերպչական խնդիրներից անցնենք բովանդակայինին: «Առավոտը» և ապրիլյան պատերազմի, և այս մեկի ժամանակ գործեց նույն սկզբունքներով, որոնք գուցե խոցելի են լրագրողական տեսանկյունից, սակայն սա մեր ընտրությունն է: Ասենք՝ հանդարտ շրջաններում կայքում հրապարակվում են նաև ադրբեջանական աղբյուրներից թարգմանված նյութեր, ինչի համար բազմիցս արժանացել ենք որոշ փորձագետների քննադատությանը: Սակայն պատերազմական շրջանում, որն ուղեկցվում է նաև տեղեկատվական պատերազմով՝ գերադասում ենք խոսափող չդառնալ հակառակորդի ուղերձները հայկական լսարանին հասցնելու համար:
Մեր ընտրությունն է միշտ եղել պատերազմական շրջանում փորձել հավելյալ խնդիրներ չստեղծել երկրի պաշտպանությունը կազմակերպող մարմինների համար, որքանով էլ նրանք դա հաջող կամ անհաջող չիրականացնեն; Եվ երբ, ասենք, խնդրեցին չլուսաբանել զինվորների հոգեհանգիստները՝ այդպես էլ արեցինք։ Մանավանդ որ դա համահունչ էր սեփական պատկերացումներիս՝ հոգեհանգիստ լուսաբանելը չի տեղավորվում պատկերացրածս լրագրության շրջանակում: Բայց, ասենք, ապրիլյան պատերազմի ժամանակ դա արել ենք, քանի որ ևս մի հնարավորություն էր զոհերի մասին խոսք ասելու: Լավ դաս դարձավ, քանի որ 2016-ի ապրիլից ամիսներ անց զոհերի շատ հարազատներ խնդրում էին կայքից հեռացնել իրենց այս կամ այն լուսանկարը: Այս անգամ զոհերի մասին ակնարկներ պատրաստվում էին՝ ընդառաջելով մեր ֆեյսբուքյան էջին նրանց հարազատների հղած նամակներին:
Ռազմական դրությամբ պայմանավորված այլևայլ սահմանափակումները առանձնապես շատ տեղ չէին թողնում լրագրողական ստեղծագործ աշխատանքի համար: Սակայն այդ պայմաններում առավել կարևոր համարեցինք սոցիալական ցանցերում շրջանառվող զանազան լուրերի վերաբերյալ փորձել իրավասու մարմիններից պարզաբանումներ ստանալ. փաստերի նման ստուգումը այդ օրերին առավել կարևոր էր թվում:
Շատ ակնհայտ էր, որ առավել աճել է կարճ ու արագ փոխանցվող լուրերի պահանջարկը: Ուստի ակտիվացրեցինք «Տելեգրամի» մեր ալիքի աշխատանքը՝ ավելացնելով հրապարակումների ծավալը: Որպես հետևանք՝ կրկնապատկվեց մեր ալիքի բաժանորդների քանակը:
Ի դեպ՝ որքան էլ լրատվամիջոցները հարկադրված էին հրապարակել գերազանցապես պաշտոնական լրատվություն, այսուհանդերձ, ինչպես և մնացած ԶԼՄ-ների՝ այնպես էլ մեր կայքի այցելությունների քանակն այդ շրջանում կրկնապատկվեց, իսկ որոշ օրերի՝ անգամ եռապատկեց, որպես հերթական ապացույց, թե որքան է ուժգնանում լրատվական քաղցը նման իրավիճակներում:
Աննա Իսրայելյան
Առցանց «Առավոտի» խմբագիր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: