2020.12.10,

Քննադատ

Խումհար սոցցանցային իրականությունից

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ երկար ժամանակ գտնվում ես սոցցանցային իրականության մեջ, ծագում է անհարմարավետության զգացում, կարծես ենթարկվել ես բռնության: Որ բռնության զոհ ես, թեև քո ազատ կամքով ես ընկղմվել սոցիալական մեդիայի խաղի մեջ:

Բնական է, որ պարբերաբար ուզում ենք դադարել մասնակցել սոցցանցային քննարկումներին՝ ենթագիտակցորեն զգալով, որ այն, ինչ նախկինում կարելի էր ազատության կողմնակի (ոչ ցանկալի, բայց այսուամենայնիվ անխուսափելի) էֆեկտ համարել, հիմա օրինաչափություն է: 

Այդ կողմնակի էֆեկտը աղմուկի մեծ չափաբաժինն է, որը բոլորս պատրաստ ենք ընդունել, փորձել շրջանցել ու շարունակել սոցիալացման մեր ճանապարհը՝ մնալով ցանցերի մաս ու մասնակից: 

Մտածում ենք՝ դե, ոչինչ, որ աղմուկը շատ է, չէ՞ որ գիտենք, որ աղմուկ ստեղծելու համար մեր կողքին են գաղափարներ ու մտքեր վաճառող ու վերավաճառող օգտատերեր, եղանակ ձևավորող իրական քարոզիչներ կամ մարդանման էակներ, դիմակներ, բոտեր ու այլ կաղապարներ: Մենք կարող ենք այդ բոլոր թփուտներով անցնել ու գտնել այն, ինչ մեզ պետք է: 

Գիտակցում ենք, որ սոցիալական մեդիան փուչիկ է, բայց հույս ունենք, որ փուչիկի սահմանները մենք ենք գծում, ընդլայնում ու ընդհանրապես մենք ենք մեր լրահոսի տերը: 

Այդպես կարծում ենք, հետո հանձնվում: Եվ հանձնվելը ունի իմաստ:  

Ի վերջո, աղմուկի մեջ շահում է նա, ով ավելի մեծ աղմուկ է հանում: Օրինակ, գոռում է ավելի բարձր, կամ ասում է ուշադրությունը միանգամից գրավող բան: Հաջորդը ստիպված ավելի բարձր է գոռում, հետո հասկանում է, որ ուշադրություն կգրավի առավել արտառոց ու ռադիկալ խոսքը, ավելի ագրեսիվ լեզուն ու դիրքորոշումը: 

Աղմուկի շուկայական գինը աճում է, աղմուկ հանողներին էլ՝ հետը:

Եթե ուզում ես, որ քեզ կարդան, եղիր բևեռ, ոչ թե բևեռների հատման կետ: Հակառակ դեպքում, չես նկատվի: 

Սա այն փիլիսոփայությունն է, որը ոչ միայն ներբեռնված է շուկայի կառուցվածքի մեջ, այլև խրախուսվում է սոցցանցերի ալգորիթմերով: 

Եվ սա բռնության պես բան է, որը անխուսափելի է, եթե մրցակցությունը մեծ է ու դաժան: Ուշադրության համար մրցակցության մեջ մտնելով անպայման հանգելու ես ագրեսիվ պահվածքի անհրաժեշտությանը:

Դառնալու ես բևեռ ու ոչնչացնելու ես մյուս բևեռը: Ոչնչացնելու ես անգամ միտքը, որ կա ուրիշ բևեռ, գույն կամ երանգ:

Նկատվելու, տարածվելու ու լսելի լինելու համար պետք է լինես անհանդուրժող, հիստերիկ (կամ ցասումով ասես հանդուժող լինելու կարևորության մասին), ընտրես էքստրեմալ բառապաշար (ավելի դիպուկ հայհոյես քեզ հայհոյողներին), քան սովոր էիր անել մինչ այդ: Մինչ այն սահմանագիծը, երբ գրեթե բոլորը սկսեցին բառիս բուն իմաստով ապրել սոցիալական մեդիայում: 

Կա ուսումնասիրություն, որ միջին վիճակագրական մարդը սոցիալական մեդիայում անցկացնում է օրական 10-12 ժամ: Այսինքն, եթե քնած չէ, ուղղակի ապրում է սոցիալական մեդիայում:

Հայաստանում նման ուսումնասիրություն չի անցկացվել, բայց կարելի է ենթադրել, որ հատկապես 2020-ի պատերազմի ու դրանից բխած լարումների ժամանակ մենք բոլորս առավել հաճախ որոնել ենք իրականության մասին տեղեկություն Ֆեսյբուքում, մի քիչ Ինստագրամում ու Թվիթերում, ավելի ուշ նաև Տելագրամում:

Եթե չենք բավարարվել եղածով, քոչել ենք այլ հարթակներ:

Իսկ քոչել մեզ ստիպում էր հենց բևառացումը, ագրեսիայի խտացումը, որի ականատեսն ու մասնակիցն էինք: Մտածել ենք, որ սոցիալական մեդիայի հաջորդ հարթակը կարող է մեզ առաջարկել պակաս ագրեսիվ և բևռացված ու ավելի իրականությանը մոտ պատկեր: 

Հիմա ագրեսիան կուտակվում է և կապիտալացվում: Ֆեյսբուքում, օրինակ, քննարկում-մարտեր են ընթանում մինչև արյան վերջին կաթիլը: Ինչպես ասում են՝ պետք է կանգնես դիրքերում ու ոչ մի թիզ հող (դիրքորոշում) չհանձնես:

Եվ դա բնական է, քանի որ սոցցանցը դա է նկատում ու դա է գնահատում՝ ավելի մեծ թվով օգտատերերին ցույց տալով առավել ագրեսիվ բովանդակությամբ ու թունավոր մեկնաբանությունների արժանացած գրառումները։

Բևեռացված բովանդակությունը ամենավաճառվող ապրանքն է սոցցանցերում։

Վեճերը սոցցանցերում ոչ թե փոխզիջում գտնելու համար են, այլ զրուցակցին-հակառակորդին ջախջախելու: 

Դա աշխատում է կախվածության պես, ինչպես թմրադեղերի դեպքում: Կամ ալկոհոլի: Ինչ-որ պահից սկսած կամ ագրեսիայից հաճույք ես ստանում, կամ հեռացնում ես ագրեսիայի աղբյուրը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *