2020.12.08,

Քննադատ

Տեղեկատվական անարխիայի օրերին ապրելիս

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ռազմական, քաղաքական և տեղեկատվական ձախողումները ունեցան ծանր հետևանքներ նաև հաղորդակցության ոլորտում։ Փաստացի մեկ օրվա ընթացքում մեդիա ընկալումների մեջ տեղի ունեցան ծայրահեղ ձևափոխումներ։ Այն հասարակությունը, որը անընդհատ յոթ շաբաթ առաջնորդվում էր «հետևենք միայն պաշտոնական տեղեկատվությանը», միանգամից կորցրեց ներքին և արտաքին կողմնորոշիչները։ 

Նոյեմբերի 10-ից հետո մի քանի օրերի ընթացքում հանրային ընկալումներում տեղի ունեցավ ոչ թե չափանիշների, ուղենիշների վերանայում, այլ պարզապես փլուզում։ 

Հետադարձ հայացքները, ուղղված դեպի պատերազմի օրերը, շատերի համար դարձան հարված՝ բոլոր հիմքերին։ Ինչից հետո հանրությունը կորցրեց հնարավորությունը ինքնուրույն գնահատելու, չափանիշներ գտնելու տեղեկատվության սպառման հարցում։ 

Պարզ ասած՝ կորավ հավատը դեպի մինչ այդ հավաստի աղբյուրները։ Եվ անմիջապես սկսվեց տեղեկատվական անարխիան, որն առ այսօր շարունակվում է։ Ի՞նչ ունենք այս պահին մեդիա դաշտում․ 

ա․ Հանրության մեծ հատվածի մոտ վստահության տոտալ կորուստ պաշտոնական տեղեկատվական ալիքների հանդեպ;

բ․ Պաշտոնական ալիքների, աղբյուրների հատվածում նույնպես փլուզում է տեղի ունեցել։ Առաջինը, աղբյուրները ապաանձնավորվել են։ Պատերազմի օրերին տեղեկատվությունը կոնկրետ անուններ ուներ։ Ասել է Արծրունը, ասել է Շուշանը, ասել է Արցախի նախագահը և այլն։ Հանրությունը սպառում էր անդեմ մամլո հաղորդագրություններ և մեծ կարիք կար անձնավորված կերպով ստանալու ճակատից և թիկունքից եկող տեղեկատվությունը։ «Մինչև Արծրունը չասի, չեմ հավատա»-ն դարձել էր ազգային մեմ, ընկալման կանոն։ Եվ մեկ օրում համակարգը ապաանձնավորվեց, միանգամից անցավ մամլո հաղորդագրությունների չոր ձևին։ 

Երկրորդն այն է, որ պաշտոնական աղբյուրները ցամաքեցին։ Այսօր աննկարագրելի քիչ տեղեկատվություն է գալիս այն հաստատությւոններից, որոնք, հակառակը, պետք է չլռեին ոչ մի ժամ։ Մենք գործ ունենք բացահայտ տեղեկատվական կոլապսի հետ պետական համակարգում։ Շատ դեպքերում տեղեկատվությունը տրվում է միայն հանրային պահանջի հետևանքով։ 

Երրորդը, տեղեկատվության մի մասը իրենց վրա վերցրել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, ինչն էլ ավելի է բարդացնում հանրային ընկալումը իրադարձությունների փոփոխությունների վերաբերյալ։ 

գ․ Որպես հետևանք հանրությունը սկսել է սպառել ամեն ինչ։ Կամայական գրառումները ստանում են լայն տարածում։ Մեծ ազդեցություն այսօր ստացել են Տելեգրամ ալիքները։ Պատերազմի օրերին շատերը սկսեցին հենց Տելեգրամը օգտագործել որպես առաջնային աղբյուր ռազմական բնույթի նորություններ ստանալու համար։ Այս պահին Տելեգրամում բացվել են տասնյակ ալիքներ, որոնց պատկանելությունը հայտնի չէ։ 

Հենց Տելեգրամի յուրահատկություներից մեկն էլ այն է, որ ալիքի հեղինակին հաճախ պարզապես անհնարին է գտնել, գոյություն չունի գործիքակազմ ապա-անոնիմացնելու համար։ Ինչից այս պահին օգտվում են զանազան քաղաքական ուժեր՝ ստեղծելով ալիքներ, որոնք դաշտ են նետում ապատեղեկատվություն։ 

Վստահության անկումը հանգեցրել է հակառակ էֆեկտի․ մարդիկ սկսել են վստահել տեղեկատվական դաշտ նետած ամեն ամեն ինչին։ Բառացիորեն ամեն մի զառանցանք գտնում է մեծ լսարան։ 

դ․ Այս իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ նոյեմբերի 10-ից հետո քաղաքական և ռազմական ոլորտներում շատ և շատ բարձրաստիճան և միջին օղակի դերակատարներ փորձում են արդարացնել իրենց գործողությունները կամ անգործությունը՝ զուգահեռաբար սևացնելով այլ անձանց և նմանատիպ կառույցներ։ 

Քանի որ դա արվում է զանգվածայնորեն և միաժամանակ, այն հանգեցնում է տեղեկատվական քաոսի, ինչի պատճառով կամայական կարծիքը ներկայացվում է որպես փաստ, վերլուծվում և այլն։ 

Տեղեկատվական անարխիայի այս օրերին գրեթե անհնարին է դառնում խոսել փաստերի ստուգման, վսահելի աղբյուրներից օգտվելու մասին։ 

Մի կողմից կա հանրային պահանջ ամեն ինչ հետին թվով հասկանալու։ Եվ մյուս կողմից կա կազմալուծված պետական տեղեկատվական համակարգ։ Այս երկուսը միասին տանում են միայն դեպի ավելի ու ավելի խորացվող ճգնաժամ։ 

Իսկ վստահությունը այնպիսի երևույթ է, որը կորցնելու համար մեկ օր է պետք, իսկ վերականագնելու՝ շատ երկար ժամանակ։ Բայց բացի դրանից, անհրաժեշտ է նաև կամք։ 

Կամքն այս պահին տեղեկատվական ոլորտում բացակայում է։ Եվ ուրեմն, Anarchy is Order։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *