2020.11.30,

Նյուսրում

Արցախյան պատերազմը լուսաբանելու Հանրայինի պատմությունն ու հետպատերազմյան թանգարանը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Արցախյան պատերազմի օրերին բոլոր լրատվամիջոցներն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Փոփոխել են իրենց եթերացանկը, բովանդակության առանցքը և փորձել ցույց տալ պատերազմը բոլոր կողմերից՝ հաճախ ֆիզիկապես ենթարկվելով վտանգի։

Իհարկե հանրության մոտ ամենամեծ սպասումներն այս առումով Հանրային հեռուստատեսությունից էին։

Պատերազմի օրերին Հանրային հեռուստաընկերությունը արբանյակային կապի հնարավորություն է ստեղծել արտերկրի մոտ տասը լրատվամիջոցի համար, որպեսզի ինֆորմացիան տարածվի նաև միջազգային լրատվականներով: Ստեղծել են հարթակ, որում տեղադրվող պատերազմական տեսանյութերն ու լրատվությունը հասանելի են դարձել շատ լրագրողների և լրատվամիջոցների:

Հետապատերազմյա թանգարան

Հայկական հեռուստատեսության հիմնադրման 64-ամյակի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությունում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրված են 2020թ․ Արցախյան պատերազմից բերած արկերի և հրթիռների բեկորներ, «Լուրերի» մեքենայի՝ պայթյունից վնասված անիվը։ 

Թանգարանային անկյունում տեղադրված են նաև հուշատախտակներ՝ նվիրված Հանրայինի աշխատակիցներ Արտյոմ Քոլանջյանին և Պողոս Հակոբյանին, որոնք հերոսաբար զոհվել են հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու ժամանակ։

Շնորհակալագրեր են ստացել Հանրայինի՝ պատերազմական գործողություններին մասնակցություն ունեցած 18 և պատերազմը լուսաբանած 44 աշխատակիցները:    

Աշխատանքի անվտանգ կազմակերպումը

Հանրայինն իր աշխատակիցների անվտանգության մասին հոգացել է դեռ մինչև Արցախ մեկնելը: Նրանց համար ապահովել են համապատասխան հանդերձանք՝ սաղավարտ, զրահաբաճկոն և այլն, որ ստացել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից

Անվտանգության նկատառումներից ելնելով միշտ ունեցել են երկու մեքենա, որպեսզի հարկ եղած դեպքում արագ կազմակերպեն տարհանումը: Ստեփանակերտի հրթիռակոծման վտանգի պահից սկսած Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ գործակցությամբ անվտանգ վայրում ստեղծել ենք աշխատանքները կազմակերպելու ռեզերվային հնարավորություն՝ Արցախում թողնելով աշխատակիցների նվազագույն անհրաժեշտ քանակություն:

Ստեղծել են թղթակցային կետ և շարժական ստուդիա, որտեղ նկարահանում էին հաղորդումները, կազմակերպում ուղիղ միացումներ, ունենում հյուրեր: Թիմի անվտանգությունը ապահովելու համար ստիպված են եղել գրեթե ամեն օր փոխել տեղակայման վայրը:

Տեխնիկական խնդիրների հաղթահարում

Քանի որ էլեկտրական հոսանքի անջատումներ հաճախ էին լինում, Հանրայինն Արցախում ունեցել է հոսանքի գեներատոր: Եղել է բջջային ինտերնետի կապի խնդիր և այդ հարցում ամենասկզբից օգնության են հասել Արցախի Հանրային հեռուստաընկերության  գործընկերները: Նրանք տրամադրել են ինտերնետային կապ ստանալու համար նախատեսված կետեր, ինչպես նաև տեղեկատվական կենտրոններից՝ կապուղիներ: 

Սկզբանական շրջանում օգտագործում էին Հանրային հեռուստաընկերության արբանյակային շարժական հեռուստակայանը, որի միջոցով կազմակերպում էին ուղիղ միացումներ և այլն: Պատերազմից մի քանի օր հետո արբանյակային հեռարձակումը վտանգավոր դարձավ, քանի որ այն  իրենից ներկայացնում է միկրոալիքային ճառագայթումներ: Այդ պատճառով նախընտրեցին օգտագործել ինտերնետային հեռարձակումը: 

Եթերացանկի փոփոխությունը և նոր բովանդակությունը

Պատերազմի առաջին իսկ օրվանից եթերացանցը ամբողջովին փոխվել է: Մի քանի անգամ ավելացել են լրատվական հաղորդումները, ուղիղ եթերները, ինչպես նաև սոցիալ-քաղաքական հաղորդումները («Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հանրային քննարկում»): 

Եթերանցից դուրս են եկել բոլոր ժամանցային հաղորդաշարերը, հեռուստասերիալները և գեղարվեստական ֆիլմերը: Մինչ օրս հեռարձակվում են միայն փաստավավերագրական ֆիլմեր ազգային հերոսների մասին («Միշտ Մոնթե», «Արամը»), ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերի մասին («Շուշի. հաղթած բերդաքաղաք», «Քառաթև հաղթանակ») և հայ մշակութային գործիչների մասին: Ընթացքում բովանդակային փոփոխությունների ենթարկվեցին այլ հաղորդաշարեր, օրինակ՝ «Առաջին Օգնություն»-ը, «Առանց Թեմայի»-ն: 

Արցախից ապահովել են ուղիղ միացումներ՝ Արցախի կառավարության, ՏԻՄ-երի, նաև՝ ռազմական գործիչների մասնակցությամբ: Նկարահանող խմբերը յուրաքանչյուր օրվա ընթացքում տարբեր ռեպորտաժներ են պատրաստել Արցախի տարբեր բնակավայրերից և առաջնագծից:

Աշխատել են շուրջօրյա ռեժիմով: Լսարանը միշտ ստացել է օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիական օբյեկտների ռմբակոծման, ինչպես նաև Ստեփանակերտում և Շուշիում  կյանքի ընթացքի մասին: 

Պատերազմի օրը գործարկվել է 1lurer.am կայքի ռուսալեզու տարբերակը: Անգլերենով լրատվությունն ապահովում էին դեռ մինչև պատերազմի մեկնարկը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *