Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության լուսաբանման նպատակով հավատարմագրվել են օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 300 ներկայացուցիչներ:
Այս մասին Media.am-ին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ բացի անհրաժեշտ փաստաթղթերից օտարերկրյա լրագրողներից պահանջվում է նաև Covid-19 ՊՌՇ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) հետազոտություն անցնել։
Հայտն ուսումնասիրելուց և հետազոտության բացասական արդյունքի մասին հաստատող տեղեկանք ստանալուց հետո լրագրողներին տրվում են հավատարմաքարտեր։
Այդ հավատարմաքարտերը վավեր են միայն ՀՀ տարածքում, իսկ Արցախի տարածք մուտք գործելու և իրադարձությունները տեղում լուսաբանելու համար լրագրողները դիմում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ որևէ փոփոխություն հավատարմագրման կարգում չի եղել։ Մեկնաբանելով Նովայա գազետա օրաթերթի թղթակից Իլյա Ազարի հավատարմագրման կասեցումը, ԱԳՆ-ն հայտնում է, որ վերջինս Արցախի տարածքում աշխատելու համար հավատարմագրում չի անցել, չի դիմել ոչ Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը, ոչ Արցախի ԱԳՆ-ին: Լրագրողը խախտելով սահմանված կարգը այցելել է մարտական գործողությունների գոտի:
Արցախի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն ասում է, Արցախում պատերազմական գործողությունների լուսաբանման համար օտարերկրյա լրագրողները կարող են դիմել Երևանում Արցախի ներկայացուցչություն:
Համապատասխան հավատարմագրում ստանալուց հետո լրագրողները հնարավորություն կունենան աշխատելու ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Գորիսի տեղեկատվական կենտրոններում։
«Ստեփանակերտի տեղեկատվական կենտրոնում թե՛ արտասահմանցի, թե՛ տեղացի լրահրողներին բացատրում ենք, թե կոնկրետ պահին որտեղ են թեժ մարտեր ընթանում, որտեղ կարելի է անվտանգ աշխատել և ինչպես պահպանել անվտանգությունը, որպեսզի և՛ լրագրողը չտուժի, և՛ ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվական արտահոսք չլինի», – ասում է Ներսիսյանը։
Բացատրական աշխատանքներին լրագրողներն ըմբռնումով են մոտենում, լրագրողների կողմից իրենց աշխատանքի խոչընդոտման առիթով որևէ բողոք չի եղել:
«Մենք նաև հասկանում ենք, որ լրագրողներին ստեղծագործական ազատություն է պետք, այն ինչն այժմ չկա Ադրբեջանում: Այնտեղ ամեն քայլի վերահսկում են օտարերկրացի լրագրողների աշխատանքը, ասում կոնկրետ ինչը կարող են նկարել և որտեղ»:
Նրա խոսքով, այս պահին առաջնագիծը բաց չէ լրագրողների համար, քանի որ Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադարը չի պահպանվել և մարտեր են ընթանում տարբեր ուղղություններով:
«Արցախի տեղեկատվական կենտրոնը տեղում գնահատելով իրավիճակը լրագրողների համար այցեր է կազմակերպում դեպի տուժած բնակավայրեր: Որևէ ուղղությամբ լրագրողական այց կազմակերպելիս հաշվի են առնվում նպատակահարմարությունը և անվտանգությունը», – ասում է նա։
Տեղեկատվական կենտրոնում լրագրողների աշխատանքի համար, ըստ պաշտոնյայի, կան անհրաժեշտ բոլոր պայմանները, տեղում կա նաև ապաստարան։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: