2020.10.12,

Տեսակետ

«Առաջնագիծն ամենուր է, քանի որ անընդհատ հրետակոծության տակ ենք»

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Օպերատոր Ջամիլ Բասիլը, որն արդեն 15 տարի աշխատում է ԱլՋազիրա լրատվական գործակալության անգլերեն ալիքում, հայ-ադրբեջանական պատերազմի օրերին Արցախում է: Արդեն տասն օր շարունակ թղթակից Բերնարդ Սմիթի հետ նա ռեպորտաժներ է պատրաստում՝ ներկայացնելով իրավիճակն ամեն օրվա ռեժիմով:

Ջամիլ Բասիլը Լիբանանից է, տեսել է պատերազմը մանուկ հասակից: Լիբանանում, 1992-ից նկարահում էր տեղական երկու հեռուստալիքների համար՝ ASN և Future Television (որը պատկանում էր վարչապետ Ռաֆիկ Հարիրիին): Հետո աշխատել է Աբու Դաբիում, նկարահանել  պատերզամներ Լիբիայում, Աֆղանստանում:

Արցախի պատերազմն իր համար ամենաբարդերից է: Այն զենքը, որով հրետակոծվում է Արցախի քաղաքները, չտեսնված բան է առաջնագծից հեռու գտնվող բնակավայրի դեպքում:

Ջամիլ Բասիլն ասում է, որ բաց տարածքում, ուղիղ հրետակոծության տակ գտնվելը նշանակում է, որ առաջնագիծն ամենուր է: Իսկ լրագրողն իր գործն  է անում՝ արագ ընդունելով որոշումներ, որոնց ճիշտ լինելու վրա չի կարող վստահ լինել:

Ի՞նչ է նշանակում լինել օպերատոր մեծ միջազգային հեռուստաընկերությունում, երբ անընդհատ ճամփորդում եք ու լուսաբանում լարված իրավիճակները հենց դեպքի վայրից:

Շատ բան կախված է քո հեռուստաալիքից: Իհարկե, բոլորն ուզում են միջազգային մեդիայի ներկայացուցիչ լինել, բայց եթե աշխատում եք տեղական մեդիայում, այդ հնարավորությունը փոքր է: Բացի այն դեպքերից, երբ մեդիան ձեզ ուղարկում է երկրի սահմաններից դուրս դեպքերը լուսաբանելու ու պատմություններ բերելու: 

Երբ աշխատում էի լիբանանյան տեղական հեռուստատեսության համար, շատ չէի ճամփորդում, երևի տարեկան ընդամենը երկու-երեք անգամ: Հետո երբ տեղափոխվեցի Աբու Դաբի, աշխատելու միջազգային լրատվական ալիքում, իմ գործն ու հանձնարարությունները շատացան: Անընդհատ ճամփորդում էինք, երեբմն տարեկան 150 գործուղում ունենում ու նկարահանում տարբեր երկներում՝ ուղիղ հեռարձակումներ անում, լուսաբանում պատերազմը, սպորտը, գործնական հանդիպումները և այլն: Բայց հիմնականում լուսաբանում էինք իրավիճակը լարված տարածաշրջաններում: Այսինքն, պատերազմները:

Ո՞ր պատերազմներն եք լուսաբանել:

Առաջինը Լիբանանի ու Իսրայելի միջև պատերազմն էր: Ես ինքս էի պատերազմի կենտրոնում, սկսած 1993-ից: Իսկ հետո երկրորդ պատերազմն էր, 1996-ին:

Ես մեծացել եմ Լիբանանում և գիտեմ, թե ինչ է քաղաքացիական պատերազմը, քանի որ չորս տարեկանից եմ դա տեսել: Գիտեմ, թե ինչ է ռմբապաստարանը, ձայնը լսելով միայն, կարող եմ ասել, թե ինչ տեսակի զենք է օգտագործվում հրետակոծության ժամանակ:

Լուսաբանել եմ նաև աֆղանական պատերազմը, 2001-ին, երբ ամերիկյան  զորքերը կռվում էին Թալիբանի դեմ: Մենք գտնվում էինք Փեշավարում, Աֆղանստանի սահմանային քաղաքում, քանի որ չէինք կարող մուտք գործել Աֆղանստան՝ Թալիբանը թույլ չէր տալիս:

Հետո եղել եմ Թորա-Բորա սարերում, հետևելով, թե ինչպես են փորձում բռնել Օսամա բեն Լադենին: Դա լուրջ, դաժան պատերազմ էր:

Երկրորդ պատերազմը Իրաքում էր: Դա ազատագրում էր, թե ներխուժում, մինչև հիմա բանավիճում են, բայց ինչևէ, 2003-ին, ես իրադարձությունների կիզակետում էի, Բաղդադում: Հիշում եմ, թե ինչպես էին պայթում ռումբերը մեր գլխավերևում: Առաջին անգամ տեսա պայթյունի սնկային ամպերը, մինչ այդ նման պայթյուններ չէի տեսել: Մոտ երկու ամիս այդտեղ էինք՝ լուսաբանելով պատերազմի ընթացքը ԱլՋազիրայի համար: 

ISIS-ի կողմից խոցված իրաքյան ռազմական ամենագնացի վրա, Իրաք, 2014

Հետ եղել եմ Լիբիայում, 2009-ին, երբ Մոհամար Քադաֆին փոխել էր մայրաքաղաքը Թրիփոլիից Սըրտ քաղաք, քանի դա նրա ծննդավայրն էր: Շատ դաժան պատերազմ էր, որտեղ նա շրջապատվեց:

Ղարաբաղյան պատերազմը տարբերվու՞մ է:

Այս պատերազմը այլ է: Այստեղ չես կարող ընտրել այն տեղակայման վայրը, որտեղից ուզում ես նկարահանել, քանի որ անդադար հրետակոծության տակ ես:

Չեմ կարող ասել, որ օրական 24 ժամ քաղաքը ռմբակոծվում է, բայց հարվածները սկսվում ու ավարտվում են անսպասելիրոն, չկա «առաջնագիծ» հասկացություն: Չես կարող կանխատեսել, թե որտեղից կարող է սկսվել նոր հրետակոծությունը: 

Բայց լավն այն է, որ Ստեփանակերտում ամենուրեք ռմբաստարաններ են և դրանցից մի մասը պահպանվել են դեռևս Սովետական Միությունից: Դրանք ամուր ապաստարաններ են, որոնց ներսում քեզ անվտանգ ես զգում: Եվ կան ապաստարաններ, որոնց մասին նույնը չես կարող ասել:

Առաջնագիծն ամենուր է (այո, եկեք այդպես կոչեք), քանի որ անընդհատ հրատեկոծության տակ ես: Եվ չես կարող պատկերացնել, թե երբ և որտեղից կհարվածի հրթիռը: Միգուցե այն կառնի քեզ կրակի շրջանում, կվիրավորվես կամ կմահանաս…

Երբ հոկտեմբերի 4-ին նկարահանում էինք հրթիռային հարվածի հետևանքները Ստեփանակերտում, հայտնվեցինք «Գրադի» (կամ ինչպես որ դրանք կոչվում են) ավելի քան տասը հարվածների տակ: Մենք փողոցի մեջտեղում էինք: 

Թեև փորձառությունն օգնում է հասկանալ, թե ինչպես կառավարես վախդ, ինչպես կառավարես ինքդ քեզ, ինքնապաշտպանվես, դա շատ բարդ է անել, երբ բաց փողոցում ես, քեզնից ոչինչ կախված չէ ու շուրջդ հրետակոծվում է:

Նաև հասկանում ես, որ հետդ գործընկերդ է ու դու էլ պիտի ավարտես քո աշխատանքը: Առանց խոսքերի ես ու լրագրող Բերնարդը Սմիթը նայեցինք իրար, արագ ավարտեցինք նկարահանումները, վերադարձանք ավտոմեքենա ու հեռացանք այդ վայրից: 

Իհարկե, վախենալի էր, և ես էլ էի վախեցած, դրանում կասկած չկա: 

Ստեփանակերտում նկարահանումների ժամանակ, 2020թ․

Երբ զրահաբաճկոնով ու սաղավարտով ես, քեզ 30-40%-ով ապահով ես զգում: Բայց երեբեք 100%-ով ապահով չես, եթե բաց տարածքում ես ու չկա առաջնագիծ, չկա ուղիղ կոնտակտային գիծ՝ երկու բանակների միջև: Եվ ամեն վայրկյան նոր հրետակոծության ես սպասում: 

Առաջնագծում աշխատանքն ավելի հասկանալի՞ է, քան այնտեղ, որտեղ մենք ենք աշխատում:

Առաջնագծում չեն հրետակոծում: Այնտեղ օգտագործվում են ավելի փոքր տրամաչափի զինատեսակներ: Եվ եթե առաջնագծից հեռու ես, գիտես, որ թաքնվելով որևէ շենքում (անգամ ոչ ապաստարանում), արդեն ապահով ես:

Երկու բանակները իրար չեն հրետակոծում մեծ հրթիռներով: Մոտ գտնվելով իրար, նրանք կիրառում են այն զենքը, որից կարող ես պաշտպանվել՝ պատսպարվելով: Անգամ AK 47 –ի հարվածներից ու արկերից:

Բայց հրետակոծվող քաղաքում չես կարող ավնտանգ զգալ, ուղիղ հարվածի ռիսկը շատ բարձր է: Հարվածը կարող է հենց քո ուղղությամբ լինել:

Վստահ եմ՝ լրատվամիջոցը սովորեցնում է, թե ինչպես վարվել վտանգավոր իրավիճակներում: Դրանք օգնու՞մ են, երբ վտանգն իրական է:

Մենք անցել ենք լարված միջավայրում գործելու դաընթաց, նաև պարբերաբար թարմացնում ենք մեր գիտելիքները: Լրատվամիջոցը թրեյնինգ է անում, հրավիրում փորձագետների՝ սովորաբար, զինվորականների կամ նախկին զինվորականների:

Լավ է, որ սովորում ենք նաև, թե ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնությունը: Մեզ հետ է առաջին օգնության դեղատուփը և գիտենք, որ կկարողանանք օգնել ինքներս մեզ ու մյուսներին, եթե ինչ-որ բան պատահի:

Բայց կրկնեմ՝ երբ հրետակոծվող քաղաքում ես, չկա ոչ մի կանոն: 

Դա բաց տարածք է, որտեղ անում ես այն, ինչ կարող ես անել: Օրինակ, որոշում՝ գնալ աջ, թե ձախ: Եվ ո՞վ գիտի, ճիշտը որն է:

Կարծես ոչնչի մեջտեղում ես, հրետակոծության տակ: Պետք է ուժերդ հավաքես ու արագ որոշում ընդունես:

Ստեփանակերտի ռմբապաստարաններերից մեկում, 2020

Տեսնում եմ, որ շատ մեծ տեսախցիկ ունեք: Հիմա երբ սարքերը ավելի մոբիլ են ու ինտերնետը հասանելի ամենուրեք, ինչպե՞ս է փոխվել ձեր աշխտանքը:

Թեև մեծ փորձ ունեմ, բայց ամեն անգամ հայտաբերում եմ, որ կան բաներ, որոնք դեռ պետք է սովորեմ: Նայում եմ բոլոր միջազգային լարտավականների լուրերը և երբեմն այնտեղից եմ մի նոր բան սովորում կամ բոլորովին այլ տեղից է գալիս գիտելիքը:

Հիմա կարող եմ Ձեզ սովորեցնել, թե ինչպես սեղմել տեսախցիկի կոճակներն ու նկարահանել, բայց ոչ ոք չի կարող սովորեցնել, թե ինչպես օգտագործեք ձեր երևակայությունն ու ինչ անեք, նկարահանելով ներկա պահը:

Այո, իմ տեսախցիկը մեծ է: Ի դեպ՝ ունեմ նաև փոքրը, որը հիմա Երևանում է, այն ինձ հիմա պետք չէ: Մեծ տեսախցիկը ավելի մեծ հնարավորություններ ունի՝ հեռարձակումն է որակյալ, օբյեկտիվն է ավելի լավը: Այն համարյա 17 կգ է, ի տարբերություն 2 կգ-անոց փոքր տեսախցիկի:

Մեծ տեսախցիկի դեպքում դու ես իրավիճակի տերը, դու ես կառավարում տեսախցիկին՝ կարող ես մեծ հեռավորության վրա նկարահանել, լավ որակի պատկեր ստանալ, փոքրի դեպքում դա անել չես կարող:

Ինտերնետային տեխնոլոգիաները ինչպե՞ս են ազդում աշխատանքի վրա:

Նախկինում օգտագործում էինք արբանյակային կապը, պիտի իմանայինք մեր տեղակայման կոորդինատները, որ ուղարկեինք նյութերը մեր մեդիա կայանին, որտեղ դրանք կխմբագրվեին: 

Հիմա լրիվ տարբեր իրավիճակ է, հիմա պետք է 4G: 

Ունենք ծրագրային ապահովման տարբեր գործիքակազմ: Ինքս եմ խմբագրում, մոնտաժում, ձայնը ավելացնում, ավելացնում բեքգրաունդային ձայնն ու ուղարկում: Ամեն ինչն իմ համակարգչում է: Միակ բանը, որն ինձ անհրաժեշտ է, ինտերնետն է:

Երբ Ստեփանակերտում էլեկտրականության խափանումներ եղան ու անջատվում էր ինտերնետը, մենք տեղափոխվեցին Գորիս: Ի վերջո, նաև մարտկոցները միշտ պետք է լիցքավորված լինեն:

Իհարկե, շատ հեշտ է տեսանյութ նկարահանել, տեղադրել այն ինտերնետում և տարածել սոցցանցերում, մինչ իմ կադրերը պատրաստ կլինեն: 

Սոցիալական մեդիայի համար պարզապես նկարում ու ներբեռնում ես, առանց կարևորելու տեսանյութի որակը, քանի որ ուզում ես, որ լսարանդ արագ տեսնի, թե ինչ է տեղի ունենում: Դա է տարբերությունը:

Օպերատորի ավանդական աշխատանքը չի նշանակում հին մոտեցմամբ աշխատանք, պարզապես կան հեռուստատեսային ստանդարտներ, որոնց հետևում ենք: Մարդիկ հիմա էլ մեծ ուշադրությամբ սպասում են լավ ռեպորտաժների, որոնք անում են լավ լրագրողներն ու թղթակիցները, քանի որ վստահում են նրանց: 

Երբ մարդիկ ուղիղ եթերով հեռարձակում են և արագ ներբեռնում են նյութերը, ես հասկանում եմ, որ դա էլ է պետք, բայց ո՞րն է այդ նյութերի ուղերձը: Լավ լրագրողի հետ, կարծում եմ, ուղերձն ավելի պատշաճ ու արագ կհասնի:

Ի՞նչ կավելացնեինք վերջում:

Երբ նկարահանում ես, չպետք է մտածես այլ բանի մասին: Անգամ ընտանիքի: Երբ վտանգ է սպառնում, մեկուսացեք, միայնակ մտորեք, որովհետև եթե անգամ ուղեղի 1% -ով էլ մտածում եք ինչ-որ այլ բանի մասին, դա խանգարելու է և չեք կարողանալու անել ձեր գործը: 

Չեմ ասում, որ ես Սուպերմենը կամ Բեթմենն եմ, բայց երբեմն պետք է իսկապես մեկուսանաք և սառնասրտորեն անեք այն, ինչ համար եկել եք այստեղ: 

Իհարկե, ոչ ոք իրականում չի կարող մոռանալ իր կնոջ կամ երեխաների մասին, բայց կենտրոնանալ պետք է միայն մեկ բանի վրա և ավարտել այն: Ավարտելուց հետո կարող եք մտածել ինչի մասին, որ ուզեք:

Ամեն անգամ, երբ հայտնվում եմ պատերազմական գոտում ու նկարահանում եմ, ինքս ինձ ասում եմ ՝ սա վերջին անգամն է… 

Բայց հետո հայտնվում եմ մեկ այլ պատերազմում կամ մեկ այլ հակամարտության գոտու կենտրոնում: 

Միշտ ասում եմ, որ ուզում եմ կանգ առնել, բայց սա իմ աշխատանքն է և միակ գործն է, որ ուզում եմ անել:

Հարցազրույցը Գեղամ Վարդանյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *