2016-ի քառօրյան պատերազմից դասերը քաղելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) գնեց 12 զրահաբաճկոն և 12 սաղավարտ, ամերիկյան NED կազմակերպության, ինչպես նաև կանադահայ լրագրող Լևոն Սևունցի ջանքերով` առցանց հավաքած նվիրատվության գումարներով: Սակայն այսօր դա բավարար չէ, ուստի ՄՆԿ-ն մեդիա ոլորտի մյուս գործընկեր- կազմակերպությունների հետ փորձում են տարբեր ճանապարհներով ավելացնել պաշտպանիչ միջոցների քանակը և հնարավորինս ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքը։
Կազմակերպությունները գնել են մի քանի բաճկոն իրենց սեփական միջոցներից։ Այս գործընթացին անսպասելի միացել են անհատներ, որոնց համար լրատվությունը և մարդիկ, որոնք այն ստեղծում և հաղորդում են, կարևոր են և արժեքավոր։
Արցախում գտնվող տասնյակ լրագրողներ այս օրերին պատմում են ընթացող պատերազմի մասին։ Նրանք աշխատում են գրեթե չդադարող հրետակոծությունների պայմաններում։ Լրագրողներից շատերը ուղղակի վտանգի տակ են դնում իրենց կյանքը՝ աշխատելով առանց զրահաբաճկոնների ու սաղավարտների։ Հայաստանյան խմբագրություններից շատերը չունեն պատերազմական պայմաններում անվտանգությունն ապահովող պարագաներ։
Ինստագրամի ակտիվ օգտատեր Մուշեղ Գալստյանը (@imushegh ) ուզում է օգտակար լինել ընթացող պատերազմին և իր ցանցային ռեսուրսները կենտրոնացրել է սոցիալական ուղղության մի քանի նախաձեռնությունների վրա։ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողը վստահ է, որ սփյուռքում շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են ավելի թիրախային հանգանակություններ անել: Ինստագրամի իր էջով այժմ սկսել է դրամահավաք արշավ, որպեսզի օգնի այս օրերին պատերազմ լուսաբանող լրատվամիջոցներին:
Մուշեղն ասում է, որ սկզբում նպատակն ավելի ընդհանուր է եղել, օգնել Հայաստան եկած արցախցիներին և հանգանակություններ կատարել տարբեր հիմնադրամների (Հայաստան համահայկական հիմնադրամ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ և այլն)։ Բայց երբ իր անձնական միջոցները սպառվեցին, նա որոշեց դիմել սփյուռքում գտնվող իր ընկերների օգնությանը, գումար հավաքել և օգնել առաջնագծում գտնվող լրագրողներին, քանի որ նրանք նույնպես օգնության կարիք ունեն:
«Հանգանակությունները տարբեր չափերի են, կարող են բավարարել որոշակի կարիքների համար: Ինստագրամի իմ սփյուռքի ընկերները սկսել են միանալ փոքր միջոցներով, առաջին հանգանակությունը 150 դոլար էր, հետո կամաց-կամաց շատացավ, հասավ ընդհուպ մինչև 1000 եվրո միանվագ նվիրատվության: Ես կապվեցի Արցախում գտնվող լրագրողների հետ, որպեսզի հասկանամ նրանց ինչպես կարող ենք օգնել: Լրագրողներն ինձ ուղղորդեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (ՄՆԿ), որպեսզի աջակցությունն ավելի նպատակային ու համակարգված լինի»,-պատմում է Մուշեղը:
Նրա խոսքով, իրենց նախաձեռնությունը դեռ անվանում չունի, սակայն առաջիկա մեծ արշավը՝ «Օգնիր հայկական մեդիային», ամբողջապես ուղղված է լինելու միայն մեդիայի կարիքներին՝ ունենալու զրահաբաճկոններ, առաջին անհրաժեշտության դեղորայք, ճանապարհածախս, ֆոտո և վիդեո տեխնիկա և այլն:
Այս պահին, Մուշեղի խոսքով, դրամական օգնություն է ցուցաբերվել տեղական լրատվամիջոցներից Evnreport-ին, 4plus-ին, Bars media-ին, Ֆոտոլուրին և նպատակ ունեն մեծացնել օժանդակության ծավալը:
Հանգանակված գումարի մի մասը նա տրամադրելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին՝ լրագրողների համար զրահաբաճկոն գնելու համար․ «Այս պահին լրագրողները զրահաբաճկոնների կարիք ունեն, լրագրողներն ինձ ուղղորդեցին ՄՆԿ, քանի որ կազմակերպությունը նախկինում գնել է նման պաշտպանիչ միջոցներ և անհրաժեշտության դեպքում անհատույց տրամադրում է լրագրողներին»։
Մուշեղը ասում է, որ դրամահավաքը շատ թափանցիկ է, նվիրատուները տեսնում են, թե ինչքան գումար է հավաքվել և ինչ նպատակներով ծախսվել։
«Շատ կարևոր է այս իրավիճակում լրատվամիջոցների և լրագրողների կողքին լինել, որովհետև նրանք ոչ պակաս կարևոր գործ են անում առաջնագծում, վտանգում իրենց, որպեսզի թե′ մենք, թե′ աշխարհը պատկերացում կազմենք այս պատերազմի զարգացումների մասին»,- ասում է նախաձեռնության հեղինակը:
Զինված հակամարտության գոտիներում աշխատելիս զինվորական սաղավարտ և զրահաբաճկոն կրելը լրագրողի համար պարտադիր է: Զրահաբաճկոնի և սաղավարտի վրա պետք է լինի մեդիայի որևէ տարբերանշան, որպեսզի ակնհայտ լինի, որ նա լրագրող է:
Ժնևի կոնվենցիային 1979-ի լրացում-արձանագրության 79-րդ հոդվածում ասվում է՝ զինված բախումների գոտում մասնագիտական պարտքը կատարող լրագրողները պետք է դիտվեն որպես քաղաքացիականներ, եթե նրանք այս կարգավիճակին հակասող որևէ քայլ չեն կատարել: Օրինակ, եթե նրանք զինվորական համազգեստ չեն հագել:
Պատերազմի միջազգային օրենքներով՝ արգելվում է քաղաքացիականներին թիրախավորելը: Իսկ եթե քաղաքացիականներին վերցնում են հակառակորդ ուժերը, նրանք ռազմագերու կարգավիճակ չեն կարող ունենալ:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: