2020.09.10,

Քննադատ

Մարտի են նետվում և քաղաքագետ կարգվում ագրարագյուղացիները

Մամուլի հարթակներում բժիշկ, հոգեբան, բանասեր քաղաքագետների մեջ վերջին երկու տարում իրենց ուրույն տեղն ունեն անհատ գյուղացիներն ու ագրարագյուղացիները:

Գյուղը, գյուղացին ծանր ու անկարևոր թեմա է եղել մամուլի համար, ու ոչ միայն անկախության երեսնամյակում, դրանից առաջ էլ  հովվերգական շեշտադրումներով է ներկայացվել սովետական մամուլում և հատկապես՝ միակ հեռուստաալիքով: 

Ամրագրված ու դյուրամարս տարբերակով՝ գյուղացիները քարից հաց քամող, վարունգ, լոլիկ և խաղող «արարող» մարդիկ են: Անկախության շրջանում հայ գյուղը մենակ մնաց իր չլուծվող խնդիրների հետ, արտագաղթն ու գոյատևելու ծանր ջանքը փոխեցին հայկական գյուղի դեմքն ու մտածողությունը:  

Այս բոլոր փոփոխություններն աննկատ մնացին միայն հեռուստատեսությամբ գյուղի մասին պատկերացում կազմողների համար: 

Այս առումով կարծես հայկական հեռուստաեթերում ոչինչ չէր փոխվել, վաստակավոր ու թրծված հեռուստալրագրողը շաբլոն ու զվարթ ոճով հավաքական գյուղաբնակին ներկայացնում էր բողոքից կիլոմետրերով հեռու և կյանքից գոհ՝ Աստծուն փառք տվող, մանավանդ երբ  գյուղնախարարն էր բարեհաճում ժամանել: 

Հակասությունն այն էր, որ գյուղատնտեսության նախարարը գյուղ էր գալիս հերթական աղետի՝ կարկուտ, երաշտ, ցեց, հետքերով, սակայն հանդիպում էր գոհ մարդկանց: 

Իսկ եթե այդ բարձր պաշտոնյան, ի ցույց նրա, որ իրենցից մեկն է, ծառից խնձոր էր պոկում, թևքին քսելով կծում (ինչպես  գյուղնախարար Դավիթ Լոքյանը), հանրային ալիքով սա ներկայացվում էր իբրև ժողովրդահեղափոխական գովելի արարք: 

Այսպիսի հավաքական կերպարով էր գյուղը ներկայացվում մամուլում ու հատկապես էկրանին մինչև հեղափոխությունը: 

Իմ տպավորությամբ, Հանրային հեռուստաընկերությունը միակն է, որը շարունակում է պահպանել հին ու բարի, անհավաստի-լավատեսական ոճը: 

Շատերի համար աննկատ մնաց, սակայն այս ալիքով Արմավիրի մարզից  արված տեսանյութում հնչեց այն միտքը, թե գյուղացին կորոնավիրուսի օրերին դաշտ գնալիս իր հետ տնական արաղ է տանում, պայքարելու վիրուսի դեմ: Հետագայում, միտումնավոր կամ անգիտաբար, այդ միտքը վերագրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Մյուս հեռուստաալիքները, որոնք, պատկերավոր ասած, կիսաբաց լուսամուտների ձևաչափով էին ներկայացնում գյուղացիներին, դեմքով շրջվել են դեպի գյուղը, ու սիրով ու ժամերով ազատորեն լուսաբանում են  բողոքավոր անտառահատներին, ձուկ որսացողներին, գյուղապետի հրաժարականը պահանջողներին: 

Անհատապես բողոքավոր հայ գյուղացին ևս կոնկրետ հարթակների  ցանկալի հյուր է դարձել, ինչը ևս նոր երևույթ է: 

Նրանցից ոմանք աշխատանքի գնալու պես՝ ամիսը մի քանի անգամ են հյուր լինում մամուլի ակումբներում, այդ պատճառով հետաքրքիր է հասկանալ այդ էվոլյուցիայի շերտերը: 

Չանձնավորելով, անդրադառնանք էկրանային դեմք դարձած և գյուղի թեման նորովի ներկայացնող անհատ ֆերմերի և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահի հրապարակային խոսքին: 

«Գետերը ցամաքել են, խոտի խնդիր ունենք, գյուղատնտեսությունը մեռած վիճակում է»,- սա քննադատական ու նոր խոսք է, ահազանգողը գյուղացի Տիգրան Եղոյանն է:

Ֆերմեր Տիգրան Եղոյանը գյուղոլորտի խնդիրներից սահուն անցնում է նաև քաղաքական դաշտ. «Բանակից ծլկած քաղքենիներն այսօր գյուղատնտեսության ու պետությանը հերն են անիծում: Գործ ունենք պետականության կորստի հետ: Որպես ՀՀ քաղաքացի՝ տեսնում եմ դատարկվող գյուղերը, որոնք արվում է միտումնավոր՝ դրսի ուժերի հրահանգով»: 

Շատ բան է փոխվել հետհեղափոխական հեռուստաեթերում, նախկինում երբևէ հնարավոր չէր գյուղացուն մի ողջ հաղորդում տրամադրել, և թույլ տալ իշխանությունների հասցեին վիրավորական-արհամարհական մտքեր ասել, չմոնտաժել, եթեր տալ, գովազդել, խրախուսել։ 

Դեպքից-դեպք տպագիր  ընդդիմադիր մամուլում, այո․ երբեմն սուր խոսք հնչում էր, սակայն այսպես գրոհով, համակարգված, նույն մարդկանցով և կոնկրետ հարթակներում՝ աննախադեպ է։

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, որի հրապարակային գործունեությունը սահմանափակվում էր ոլորտը լուսաբանող  լրագրողների տիրույթում, և ակտիվանում էր հազվադեպ, այսպես ասած՝ աղետից-աղետ (կարկուտ, երաշտ, թանկություն) հեղափոխությունից հետո թեև դարձյալ ներկայանում է իբրև գյուղի գործիչ, սակայն սահուն անցնում է  իշխանությունների հասցեին վիրավորական բառամթերքի։

Նա փաստացի վերաորակավորվել է քաղաքագետի, և ավելի ազնիվ կլիներ ներկայանալ այդկերպ, քանի որ  2018 թվականի նոյեմբերին արդեն իր նախկին՝ գյուղացիական միավորման ղեկավարի կերպարին անհարիր խոսքով է  ներկայացել. «Այսօր անհատը մեր երկրին ավելի շատ օգուտ կարող է տալ, քան քաղաքական քոսոտ մի թիմ»։  

Նոր իշխանություններին անխնա քննադատելով, նորընծա քաղաքագետը չի թաքցնում իր սերն առ նախկինները, հետ գնալով երկու տասնամյակ։ «Ընդհանրապես, Քոչարյանի ելույթը հմուտ ղեկավարի ելույթ էր, և միայն հաճելի կլիներ այդ մարդու հետ աշխատելը», – տնտեսական լրագրողների հետ նախկին նախագահի հետ հանդիպման մասին ասել է պարոն Բերբերյանը:

Ափսո՜ս, որ տասը տարի նախկին նախագահը ցանկություն չի ունեցել իր հետ աշխատելու ի շահ գյուղացու, հավանաբար տեղյակ էլ չի եղել, որ երկրում 1996-ից այդ անունով ՀԿ կա:  

Բացազատ ժամանակներ են, գյուղն ու քաղաքականությունը Բերբերյանի խոսքում միախառնված են:

Անգամ լավ լուրը, որ գյուղացուն 10-15 տոկոս էժան, որակյալ դիզվառելիք առաջարկելու պայմանագիր է ստորագրվել, համեմում է սեփական եզրահանգումով. «Նիկոլ Փաշինյանը գյուղի տղա է, բայց չի սիրում գյուղատնտեսությունը»:

Վիրուսի պատճառած անհարմարությունից վրդովված Բերբերյանը պատրաստվում է դատի տալ կառավարությանը հետաձգվող գիտաժողովի համար. «Շատ վրդովված եմ, քանի որ նամակներ եմ ստանում Բելգիայից, Հոլադիայից, որտեղ ցավով են հայտնում, որ մենք չենք կարողանում ինքնաթիռի հարց լուծել և ապահովել մուտք մեր երկիր: Իսկ այսօր խոչընդոտել այդպիսի լուրջ սեմինարը, առնվազն անբարոյականություն է»: 

Բերբերյանն իսկապես շատ է ահազանգել լոլիկի ցեցի վնասների մասին: Ժամանակին Հայաստանում թուրքական լոլիկի բիզնես էր արվում, որի հետևանքով նաև մակաբույծ ցեցը տարածվեց գյուղերում:

Այն ժամանակ ևս նա ահազանգում էր վնասների մասին, սակայն  համարձակություն չուներ պաշտոնյաներին քննադատելու, ուստի  աչքի համար անտեսանելի ցեցի համար կիլոմետրերի թռիչք երկարության ռեկորդ էր ապահովում. «Ցեցի՞ն ինչ կա, կարող է Արաքսի վրայով էլ թռչել սահմանն անցնել»։

«Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից»,- հեղափոխությունից հետո ավանդական դարձած հարցազրույցներից մեկում հայտարարել է նա:

Զարմանալի է, որ գյուղերում չի տեսել իր գովերգած ժամանակների չհաղթահարված ժառանգությունը՝ լոլիկի ցեց, անմշակ հողեր ու անջուր առուներ: Հավանաբար իսկապես տեսել է անորակ սերմացուից մասսայաբար տուժած-տխրամած գյուղացիների ու եզրակացրել, թե  վարչապետից են հիասթափվել:

Ժամանակներն են այդպիսին՝ մեդիայում պահանջված են հիասթափված գյուղի մասին խոսողներն ու քաղաքական հայտարարություն անողները:

Գայանե Մկրտչյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *